Այսօր Rafting.am կազմակերպության ղեկավար Վազգեն Խաչիկյանը շնորհավորելով Հայաստանի ազգային ռաֆթինգի ֆեդերացիային եւ Հայաստանի հավաքականին աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելու առիթով, ասաց. «Այս տարի ֆեդերացիայի եւ ռաֆթինգի կազմակերպությունների կատարած աշխատանքի շնորհիվ մեր երկրում ուշադրության բավականին աճ եղավ մարզաձեւի նկատմամբ որպես զբոսաշրջային եւ մարզական պրոդուկտ: Մենք ԱԻՆ-ին ու Հայաստանի «Կարմիր Խաչի» ընկերությանն առաջարկել ենք, որպեսզի ռոֆթինգը դիտարկեն արտակարգ իրավիճակների ժամանակ որպես առաջնային աջակցող կառույց: Մենք ունենք լեռնային վարար գետեր Հայաստանի տարբեր հատվածներում, որոնցով բնական եւ տեխնածին աղետների ժամանակ օգնությունը կարելի է ավելի արագ տեղ հասցնել, եւ կամ աղետի դժվար հասանելի գոտիներում որոնողական կամ փրկարարական աշխատանքներ կազմակերպվեն: Առաջիկա մի քանի տարիներին մենք նախատեսում ենք Հայաստանում ռաֆթինգի Եվրոպայի, ինչու չէ՝ նաեւ աշխարհի գավաթի փուլ անցկացնել: Ռաֆթինգը աշխարհում համարվում է արկածային զբոսաշրջության ամենազարգացած ձեւը: Մեր հարեւան Վրաստանում շնորհիվ ռաֆթինգի Եվրոպայի գավաթի եւ առաջնության անցկացման, միայն անցած տարի շուրջ 50 հազար զբոսաշրջիկ է այցելել հարեւան երկիր: Եվ երկրների մեջ առավելապես եղել են Իսրայելը եւ Լիբանանը, որոնք մեր տուրիզմի համար ոչ ավանդական երկրներ են: Մենք ռաֆթինգի ֆեդերացիայի հետ կատարում ենք մեր աշխատանքը եւ տա Աստված՝ եկող տարի լուրջ հաջողություններ կունենանք: Նպատակադրված աշխատանքով հաջողության հասնելու լավագույն օրինակը ցույց տվեցին մեր պարառաֆթերները»:
Վազգեն Խաչիկյանը ասաց, որ թեեւ ռաֆթինգն առայժմ օլիմպիական մարզաձեւ չէ, սակայն բոլոր կանխատեսումների համաձայն հավակնում է նորամուտը նշել 2024-թվականի օլիմպիական խաղերում: «Դրա համար նախատեսում ենք հանդիպել նաեւ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նորանշանակ նախարարի, ՀԱՕԿ-ի ղեկավարության են: Պատասխանելով Aravot.am-ի հարցին՝ պարոն Խաչիկյանը նաեւ մի հետաքրքիր դիտարկում արեց. «Եթե մարզաձեւերի զգալի մասի գրանցումը երեւանյան է կամ հատուկ է մեծ քաղաքներին, ռաֆթինգն այն եզակի մարզաձեւերից է, որը թույլ է տալիս, որպեսզի փոքր քաղաքները նույնպես մեծ հաջողություններ արձանագրեն մեծ սպորտում: Օրինակ, ի՞նչ պիտի անեինք, որպեսզի Ախթալան գրանցում ունենա սպորտային մեծ քարտեզի վրա: Պետք է խոշոր ենթակառուցվածքներ ունենայինք եւ մեծ ներդրումներ բերեինք, ինչը եւս չէր կարող մեծ հաջողություններ ունենալ մեծ սպորտում, այն էլ հիմնականում մենապայքարային մարզաձեւերից, իսկ ռաֆթինգի պարագայում շատ մեծ է հավանականությունը, որ այդպիսի հաջողություններ լինեն թիմային մարզաձեւերում:
Վերջում Վազգեն Խաչիկյանը, արժանին մատուցելով ԶԼՄ-ների ներդրումը ռաֆթինգի հանրահռչակման գործում, անակնկալ մատուցեց՝ հայտարարելով, որ եկող տարի ռաֆթինգի առաջնություն կկազմակերպվի նաեւ լրատվամիջոցների միջեւ: «Մրցաշարը կլինի ոչ պրոֆեսիոնալ, ֆեդերացիայի հետ թիմերին կտրամադրենք եվրոպական որակավորում ունեցող հրահանգիչներ: Դեբեդում մեր հրահանգիչների գույքի եւ հանդերձանքի պայմաններում կյանքի համար վտանգը զրո է»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ