Հոկտեմբերի 19-ին Նոյեմբերյանի երաժշտական դպրոցի դահլիճում սպասվում էր Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղի պատվիրակության այցը: Այն կայացավ մոտ կես ժամ ուշացումով, քանի որ Ալավերդի քաղաքում պղնձաձուլական գործարանի փակման դեմ բողոքողները միջպետական ավտոճանապարհը փակել էին:
Նոյեմբերյանի երաժշտական դպրոցի տնօրեն Նելլի Մատինյանը Գյումրիի իր գործընկերներին շնորհակալություն հայտնեց արդյունավետ համագործակցության համար: Նոյեմբերյանի երաժշտական դպրոցի սաները մշտապես մասնակցում են 2009 թվականից Գյումրիում կայացող «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնին, դառնալով փառատոնի հաղթողներ եւ դափնեկիրներ: Նոյեմբերյանի երաժշտական դպրոցի դասատուները եւ սաները անցյալ տարի Շվեյցարիայում, այս տարի Իսպանիայի Վալենսիա քաղաքում մասնակցել են փորձի փոխանակության եւ վարպետության դասընթացների: Ն. Մատինյանը Գյումրի-Նոյեմբերյան երաժշտական համագործակցության մեջ շեշտեց Երեւանի կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղի տնօրեն, «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի հիմնադիր Կարինե Ավդալյանի ներդրումը:
Կայացավ գեղեցիկ, հագեցած համերգ, Նոյեմբերյանի երաժշտական դպրոցի սաները եւ կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղի ներկայացուցիչները հանդես եկան բարձրաճաշակ կատարումներով, որոնք դահլիճը բուռն ծափահարություններով ընդունեց: Միջոցառման ավարտին կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղի ժողովրդական երգարվեստի ամբիոնի վարիչ Գեւորգ Նորոյանը արտերկրում փորձի փոխանակության եւ վարպետության դասընթացների մասնակցությանը նպաստելու համար հավաստագրեր հանձնեց Նոյեմբերյանի երաժշտական դպրոցի տնօրեն Ն. Մատինյանին, Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանին,այդ դասընթացներին մասնակցած երաժշտության դասատուներին եւ պատանի երաժիշտներին:
Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը նշեց, որ համայնքապետարանը մշտապես աջակցություն է ցուցաբերում ոչ միայն երաժշտական դպրոցին, այլ նաեւ՝ համայնքի մշակութային մյուս հաստատություններին, Նոյեմբերյանում մշակույթը փոքր, բայց հաստատուն քայլերով առաջընթաց է ունենում: Նոյեմբերյան քաղաքի հիմնական դպրոցի տնօրեն Փարսադան Ալեքսանյանը գյումրեցի երաժիշտներին, երգիչներին շնորհակալություն հայտնեց գեղեցիկ համերգի, պարգեւած բարձր տրամադրության համար:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ