Հայաստանի պարառաֆթերները Կիեւում՝ Դնեպր գետում. անցկացված աշխարհի առաջնությունում 30 երկրների թիմերի պայքարում չեմպիոնի կոչումը նվաճելուց հետո այսօր հանդիպեցին լրատվամիջոցների հետ:
ՀՌՖ նախագահ Սեդրակ Զաքարյանն ասաց, որ բավականին տեւական ժամանակ են նախապատրաստական աշխատանքներ տարել Խարբերդի մասնագիտացված մանկատան սաների հետ, նախապես մարզել են 30 հոգու, որոնցից ընտրել են չորս լավագույններին: «Մարզիկների հետ աշխատել են պրոֆեսիոնալ հրահանգիչներ, որոնք սովորեցրել են բառացիորեն ամեն բան, ինչ անհրաժեշտ է ռաֆթերին: Եվ միայն արդեն նրանց պատրաստվածության վրա համոզված լինելուց հետո ենք թիմերին ուղեկցել մրցավայր», – ասաց նա:
Մանկատան հատուկ մանկավարժ Անժելա Գաբրիելյանը նշեց, որ մինչեւ հիմա մի կարծրատիպ կար տարածված, թե հաշմանդամության խնդիրներ ունեցող խավը շատ բան չի կարող անել, նրանք: Բայց մի քանի տարի առաջ նախաձեռնելով այս գործընթացը՝ կարողացանք արդյունավետ կապ հաստատել հատուկ հաստատությունների, Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի ինստիտուտի եւ ֆեդերացիաների միջեւ, որպեսզի այդ բոլոր երեւույթները դիտարկվեն գիտական մակարդակով: Ձեռնարկել այսպիսի աշխատանք, սպորտը ներդնել հատուկ հաստատություններ, առաջին փորձն էր մեր պետության համար: Եվ հատուկ հաստատության սաները անցան բոլոր թեստերը եւ հաղթանակեցին աշխարհի առաջնությունում: Ընդ որում` նրանց զարգացումն ակնհայտ է: Սպորտն ամենանպաստավոր եղանակն է, որն ապահովում է ֆիզիկական, հոգեբանական ռեաբիլիտացիա, սոցիալական ինտեգրում եւ ադապտացիա: Այսինքն, սպորտն անում է այն, ինչի մասին մենք շատ խոսում եւ ուզում ենք անել նման խնդիրներ ունեցող մարդկանց համար», – ասաց մասնագետը:
Իսկ հաստատության հոգեբանը, որ նույնպես ներկա էր ասուլիսին, հավելեց, որ իրենց սաները տարբեր խնդիրներ ունեն՝ ոմանք չափից ավելի թույլ ու հանգիստ են, ոմանք էլ չափից ավելի ակտիվ: Եվ շնորհիվ ռաֆթինգով մարզվելու, նրանց վարքագծում դրական տեղաշարժեր են արձանագրվել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ