Նիկոլ Փաշինյանն այսօր Կապանում կազմակերպված հանրահավաքի ժամանակ, անդրադարձավ նաեւ Շանթ Հարությունյանի հետ տեղի ունեցած միջադեպին: Վարչապետի պաշտոնակատարն ասաց, որ այն ժամանակ հարցազրույց է տվել, հայտարարություն է արել նույնիսկ դիմում է գրել Հատուկ քննչական ծառայությանը այդ հարցազրույցի կապակցությամբ.
«Ես այն ժամանակ այդ հայտարարությունն արեցի՝ հիմնվելով Շանթ Հարությունյանի խոսքերի վրա, եւ հետագայում, Շանթ Հարությունյանը հրաժարվեց բացատրություններ տալ, եւ մարդիկ սկսեցին ինձ մեղադրել, թե ես, փաստորեն, սուտ եմ ասում, այո անհարմար վիճակ էր եւ մինչեւ հիմա անհարմար վիճակ է, որովհետեւ Շանթ Հարությունյանը մինչեւ հիմա չի հաստատել, որ ես դա իր խոսքերից եմ ասել: Եվ չի տվել ցուցմունք եւ բացատրություն, բայց ես հիմա միջնորդել եմ, որպեսզի իրավապահ մարմինները հնարավորություն գտնեն՝ նորից քննելու այդ գործը: Եվ, ես հույս ունեմ, որ այդ հնարավորությունը կգտնվի եւ Հունան Պողոսյանի պատասխանատվությունը եւ պարտականությունը Նոր Հայաստանի առաջ կլինի այդ քննության ժամանակ ամբողջ ճշմարտությունը պատմել՝ ինչ որ եղել է»:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ, որպես ՀՀ վարչապետ հարց է տվել Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանին այդ միջադեպի կապակցությամբ եւ ստացել է պատասխան, սակայն չի ասի ինչ պատասխան, քանի որ կոռեկտ չի համարում. «Ես, կարող եմ ասել, որ այդ պատասխանն ինձ բավարարել է: Մնացածը թող քննություն լինի պարզվի»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ