Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Մարգարյանը նոր կուսակցություն հիմնեց․ կենտրոնը Գյումրիում է

Հոկտեմբեր 19,2018 20:40

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, որը վերջերս էր դուրս եկել «Հայկական վերածնունդ» կուսակցությունից ու զբաղվում էր հասարակական գործունեությամբ,  «Արժանապատիվ ուղի» անվամբ նոր կուսակցություն է բացել։

Aravot.am-ն այս մասին տեղեկացավ հենց Հովհաննես Մարգարյանից։ Կուսակցության կենտրոնը լինելու է Գյումրիում, նոյեմբերի 1-ին էլ  Գյումրու «Նանէ» հյուրանոցի դահլիճում տեղի կունենա հիմնադիր համագումարը։

«Շուրջ 1-1,5 տարի ես պասիվ էի քաղաքական դաշտում՝ կապված առողջական խնդիրների հետ, փառք Աստծո, արդեն ապաքինվել եմ, քանի որ հասարակական կազմակերպություն էի հիմնել, իմ համակիրների, ընտրազանգվածի կողմից մեծ պահանջ առաջացավ հիմնել կուսակցություն։ Ես որոշում կայացրեցի, որ այդ կուսակցությունը պետք է անպայման հիմնվի և հիմնադիր համագումարը տեղի ունենա Գյումրիում, քանի որ մեր քաղաքական նոր ուժի ծրագրերի առյուծի բաժինը վերաբերում է աղետի գոտու խնդիրների լուծմանը։ Ես շնորհակալություն են հայտնում մեր նորաստեղծ կուսակցության հիմնադիրներին, որոնք չառարկեցին, որ կենտրոնը լինի Գյումրիում։ Իմ պայքարը, ինչպես գիտեք, եղել է հանուն Գյումրու և գյումրեցիների։ Արդեն իսկ մեծ թվով մարդիկ նախապատրաստել են դիմումներն «Արժանապատիվ ուղի» կուսակցությանն անդամագրվելու։

Անունը որոշեցինք «Արժանապատիվ ուղի» դնել, քանի որ այն մարդիկ, որոնք հավաքված են, ազնիվ ու արժանապատիվ են, ու միայն  արժանապատիվ մարդկանց հետ, արժանապատիվ պայքարի արդյունքում կարող ես հասնել այն խնդիրների լուծմանը, որոնք մենք տեսնում ենք։

Գիտեք՝ ես ինքս ակտիվ եմ եղել ու, մեղմ ասած, անընդունելի կլիներ, եթե ես մերժեի իմ թիմակիցներին, իմ համակիրներին, իսկ իրենք ամբողջ երկրով մեկ են, բոլոր մարզերը ներգրավված են լինելու, բոլոր մարզերում կունենանք կառույցներ, նախապատրաստվում ենք»,- ասաց Հովհաննես Մարգարյանը։

Մեր հարցին՝ ովքե՞ր են այդ մարդիկ, նախկին ՕԵԿ-ականնե՞ր են, Հովհաննես Մարգարյանը պարզաբանեց, որ իր կուսակցության մեջ մեծամասամբ ընդգրվելու են անկուսակցականներ, տարբեր տարիքի ու տարբեր մասնագիտությունների տեր անձնավորություններ։ Իհարկե, կան նաև թիմակիցներ։

Այն հարցին, թե մասնակցելո՞ւ են ԱԺ արտահերթ ընտրությունների, Հովհաննես Մարգարյանն ասաց՝այո․ ըստ «Կուսակցությունների մասին օրենքի» համագումարից հետո մեկ ամսվա ընթացքում կուսակցությունը կարող է պաշտոնապես գրանցվել։

«Ինքս որպես փորձառու մարդ՝ կարծում եմ կառավարությունը քանի որ գնացել է արտահերթ ընտրությունների ժամկետը դեկտեմբեր սահմանելուն, հնարավորություն կտա, որ արագացված կարգով գրանցում կատարեն, եթե թերություններ չկան փաստաթղթերում։ Եթե ամեն ինչ նորմալ լինի, հասցնենք մինչև նոյեմբերի 10-ը գրանցվել, բնականաբար, կկարողանաք մասնակցել ԱԺ ընտրությունների»,- ասաց Հովհաննես Մարգարյանը։

Նա նաև ասաց, որ ինքը պատգամավոր է ընտրվել առանց «քոռ կոպեկի», իսկ հիմա հնարավորություն է ստեղծվել մեր երկրում առանց «զոռբայության» ազատ արտահայտել իրենց կամքը։

«Սա ինձ հնարավորություն է  տալիս մտածելու, որ հաջողելու է նորաստեղծ կուսակցությունը, իսկ անունը կարծում եմ շատ բան է ասում»,-եզրափակեց Հովհաննես Մարգարյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031