Անդրիաս Ղուկասյանի գործով դատական նիստերից մեկի ժամանակ ամիսներ առաջ ցուցմունք տված ոստիկաններից մեկը դատարանին հայտնել էր, որ ըստ իրեն հասած տեղեկությունների՝ ՊՊԾ գնդի գրավման ժամանակ զոհված ոստիկան Արթուր Վանոյանի մահը վրա է հասել այն պատճառով, որ գունդը գրավածները թույլ չեն տվել, որպեսզի ժամանակին տեղ հասած շտապօգնության բժիշկներն օգնություն ցուցաբերեն նրան: Այս առնչությամբ Aravot.am-ը մեկնաբանություն խնդրեց «Սասնա ծռեր» խմբավորման խոսնակ Վարուժան Ավետիսյանից (վերջերս է ազատվել կալանքից):
Նա մեզ հետ զրույցում ասաց. «Թեեւ դա համապատասխան մասնագետները պետք է փաստեն, բայց ինձ հայտնի տեղեկություններով՝ նա տեղում մահացել է, մնացած խոսակցություններն անտեղի են: Ինձ հայտնի տեղեկություններով՝ նա տեղում շատ արագ մահացել է, նույնիսկ…մանրամասներ չգիտեմ…անձամբ ես բավականին ուշ եմ իմացել, որ զոհ կա, քանի որ մենք տարբեր տեղերում էինք՝ գնդի տարածքը մեծ էր»:
Վարուժան Ավետիսյանը նշեց. «Ոստիկանական զրահամեքենայի գրոհից հետո միայն լսել եմ, որ կա զոհ: Կարծել եմ, թե զրահամեքենայի գնդացրորդն է զոհվել, բայց հետո պարզվեց, որ նրա մասին չէ խոսքը: Նաեւ ասեմ՝ բացառված է, որ խմբի անդամները թույլ չտային բժիշկներին բուժօգնություն ցուցաբերել»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ