Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Գազի գնի իջեցում հնարավոր է». փորձագետների կարծիքով՝ դա Գազպրոմի համար ֆինանսական խնդիր չէ

Հոկտեմբեր 19,2018 20:20

«150 դոլարն իրականում լավ գին է, բայց մինչև այն հասնում է բնակիչ-բաժանորդներին, փաստորեն, կրկնապատկվում է: Այստեղ լուրջ թեմա կա, ինչն առանձին ուսումնասիրության հարց է: Ռուսական ընկերության՝ Գազպրոմի համար, այն բավականին զորեղ լծակ է աշխարհաքաղաքական հարցերի համար»,- «Հոդված 3» ակումբում հայտարարեց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը:

Նրա համար հարց է առաջացնում այն, թե ինչու Բելառուսը կարող է այս տարվա հունվարից հազար խորանարդ մետրի համար վճարել 129 դոլար, ինչը   տրանսֆորմացվում է մինչև բաժանորդ՝ դառնալով 162 դոլար, իսկ ՀՀ-ում նման իրողություններ են. «Հիշեցնեմ՝  2015-ի հունվարի 2-ից ՀՀ-ն անդամակցել է ԵԱՏՄ և բոլոր պայմանագրահենքը պահպանում է: Ուստի դա պահանջում է, որ նման կարգի պրոդուկտների գնագոյացումը լինի արդար, որ այդ երկրների բիզնեսը չխախտվի»:

Ըստ Ատոմ Մարգարյանի՝ գազը քաղաքական և աշխարհաքաղաքական բաղադրիչ ունի, և ՀՀ-ում տեղի ունեցած  խորքային քաղաքական փոփոխությունների ժամանակահատվածում կարող են այլ ձևակերպումներ ու գնահատումներ տեղի ունենալ մասնավորապես ռուսական կողմից: Ըստ նրա՝ այստեղ կա ծանր բանակցությունների թեմա: Ամփոփելով թեման՝ տնտեսագետը հավաստիացրեց. «Կարելի է գազի գինն իջեցնել առնվազն տասը տոկոսով՝ այն հասցնելով մինչև 135 դոլարի»:

Հարցին՝ հնարավո՞ր է նոր քաղաքական իրողությունների պայմաններում Ռուսաստանը գնա զիջումների, էներգետիկայի հարցերով ՄԱԿ-ի ազգային փորձագետ Արա Մարջանյանը պատասխանեց. «Գազի գնի իջեցման տեխնիկական հնարավորություններ կան, ֆինանսապես դա Գազպրոմի համար որևէ խնդիր չի ներկայացնում: Կարծում եմ՝ հիմնական խնդիրը կապված է քաղաքականության հետ և ՀՀ-ում տեղի ունեցած փոփոխությունների՝ իշխանափոխության հետ: Դա իր ազդեցությունը կթողնի գալիք բանակցությունների վրա: ՀՀ-ում ներկայումս կա վերին աստիճան ապակայունացված վիճակ. մենք տեսնում ենք՝ ինչպես է քայքայման ենթարկվում կառավարական ինստիտուտների ինստիտուցիոնալ հիշողությունը»:

Ատոմ Մարգարյանն անդրադարձավ նաև Էլեկտրաէներգիայի և գազի սակագների ստուգումն իրականացնող աշխատանքային խմբի փորձագետ Էդուարդ Արզումանյանի տեսակետների առիթով ՀԾԿՀ-ի դիտարկումներին:

Հիշեցնենք՝ Էլեկտրաէներգիայի և գազի սակագների ստուգումն իրականացնող աշխատանքային խմբի փորձագետ Էդուարդ Արզումանյանը հարցազրույցում ասել էր, որ առնվազն ամենաքիչը տասը տոկոսով գազի սակագինը հենց այսօր կարելի է նվազեցնել, իսկ էլեկտրաէներգիայի սակագները՝ ամենաքիչը տասը դրամով, ինչը ՀԾԿՀ-ն անհիմն էր համարել, իսկ ՀԷԾ-ը այդ հայտարարությունը համարել էր բարբաջանք:

Անդրադառնալով այս միջադեպին՝ Ատոմ Մարգարյանն ասաց. «Էդուարդ Արզումանյանի շատ փոքրիկ ու համեստ ներկայացումը և որոշ տեսակետները սակագների իջեցմանն ուղղված այդպիսի ոչ ադեկվատ արձագանք ունեցան: Դա ինչ-որ տեղ էթիկայից դուրս էր, և ամբողջ կազմով հանձնաժողովը պիտի որ հրաժարական տա: Հանձնաժողովի ռեակցիան առնվազն կոռեկտ չէր, այն էլ շաբաթ օրով»:

Արա Մարջանյանը համամիտ է այս դիրքորոշումներին և նրա կարծիքով՝ հանձնաժողովում անպայման պիտի ներգրավված լինի հանրային սեկտորը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031