«Ի տարբերություն Էջմիածնի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի, մեր քաղաքապետի թեկնածուն նկատել է, որ մանկապարտեզներում երեխաները խաղում են թունավոր նյութից պատրաստված խաղալիքներով»,-քաղաքական գործընթացներում կանանց ներգրավվածությանը նվիրված հասարակական քննարկման ժամանակ այսօր հայտարարեց «Լույս» դաշինքի ավագանու անդամ Անի Սամսոնյանը: Հիշեցնենք, որ Էջմիածնի քաղաքապետի ընտրությունները կկայանան հոկտեմբերի 21-ին. Էդմոն Մարուքյանի ղեկավարած «Լուսավոր Հայաստան» կուսակցության թեկնածուն է Սերգեյ Սարգսյանը, իսկ ինքնաառաջադրված թեկնածու, քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գասպարյանին սատարում է Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր»-ը:
«Մեր թեկնածուն ասաց, որ իր ծրագրում անպայման ներառելու է այն դրույթը, որ երեխաների խաղալիքները եւ պարագաները փոխվեն եւ լինեն անվտանգ»,-շարունակեց Անի Սամսոնյանը: Ըստ նրա՝ Սերգեյ Սարգսյանն ահազանգել է նաեւ, որ Էջմիածնի դպրոցների եւ մանկապարտեզների մոտ չկան լուսացույցներ, եւ երեխաները դժվարանում են փողոցը հատել:
Անի Սամսոնյանը մեկ այլ խնդիր մատնանշեց. «Արզումանյան 10 շենքի առաջին հարկի բնակարանի պատերն օր օրի ճաքում են, դուռը թեքվում է: Սա գենդերային խնդիր է. այդ տանը կին է ապրում՝ երկու երեխաների հետ: Նույն կերպ, կանայք ահազանգում են ապօրինի շինարարությունների դեմ, ասելով ոչ թե «պարզեք՝ ո՞վ է դա անում», այլ՝ «պարզեք՝ ո՞վ է պղտորում իմ երեխայի օդը»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ