Գյումրու «Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատության» բակում պոլիէթիլենային տոպրակով նորածին երկվորյակներին թողած մորը հայտնաբերելուց հետո քիչ առաջ Գյումրու քաղաքի ոստիկանության «Մուշ» բաժնում հարուցվեց քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի՝ 128 հոդվածի 2-րդ մասով։ Այն կոչվում է «Վտանգի մեջ թողնելը» և սահմանում է՝
- Կյանքի կամ առողջության համար վտանգավոր վիճակում գտնվող եւ ինքնապահպանության միջոցներ ձեռնարկելու հնարավորությունից զրկված անձին անօգնական վիճակում թողնելը, եթե հանցավորն այդ անձին օգնություն ցույց տալու իրական հնարավորություն է ունեցել եւ պարտավոր է եղել նրան խնամելու կամ ինքն է նրան դրել կյանքի համար վտանգավոր վիճակում՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:
Հիշեցնենք, որ լքված երեխաների 18-ամյա մայրը՝ Մ․Մ-ն, Արարատի մարզի Մասիս քաղաքի բնակչուհի է, նա երեխաներին ծննդաբերել է 19 օր առաջ, միայնակ կին է։ Իր արարքը բացատրել է սոցիալական վատ պայմաններով։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարը՝ Shantnews-ի