Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. դա չի նշանակում, որ այն մարդիկ, որոնք նախկինում օլիգարխ են եղել, կամ օլիգարխ են կոչվել դադարել են գոյություն ունենալուց

Հոկտեմբեր 19,2018 18:55

Այսօր Կապանում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մոտ երկու կիլոմետր քաղաքի փողոցներով քայլերթով անցնելուց հետո հրապարակում հանրահավաք անցկացրեց: Ասաց, որ հուզվել է, երբ Կապանում մանկահասակ երեխաները հեռվից իրեն տեսնում են, ասելով՝ Նիկոլ, Նիկոլ Նիկոլ. «Այսինքն՝ ոչ թե վարչապետ կամ պարոն վարչապետ, այլ ուղղակի անունով: Եվ դա մեծ պատիվ է ինձ համար: Այդ փոքրիկները իմ երեխաներն են, իմ եղբայրներն են իմ հարազատներն են: Եվ նրանք պետք է իմանան, որ ես, մենք այդ ընտանիքին երբեք չենք դավաճանի: Մենք մեր կյանքը կտանք հանուն այդ երեխաների, հանուն այս հողի, այս ջրի հանուն Հայաստանի հանրապետության»:
Ըստ Նիկոլ Փաշինյանի, մենք ուզում ենք մի Հայաստան, որտեղ տեղ չունի կոռուպցիան, կեղծիքը, ծայրահեղականությունը, օլիգարխիան. «Եվ ես երեկ հայտարարություն արեցի, թե Հայաստանում այլեւս չկան օլիգարխներ: Իմ այս հայտարարությունից հետո եղան մեկնաբանություններ, որոնք ինչ-որ կասկածելի գործարքներ էին փնտրում իմ այս հայտարարության հետեւում»:

Պարոն Փաշինյանը պարզաբանեց ինչի մասին է խոսքը. «Այսքան տարի Հայաստանում օլիգարխ եւ օլիգարխիա բառն ամենապոպուլյար բառերից է, բայց ի՞նչ է նշանակում օլիգարխիա: Օլիգարխ նշանակում է քչերի իշխանություն: Նշանակում է քչերի իշխանության ներկայացուցիչ: Եվ ասելով, որ Հայաստանում չկա օլիգարխիա, չկան օլիգարխներ ես ասում եմ, որ Հայաստանում քչերի իշխանությունն այլեւս տապալված է: Հայաստանի Հանրապետությունում հաստատված է ժողովրդի, այսինքն՝ ձեր իշխանությունը»:

Նիկոլ Փաշինյանի խոսքով, դա չի նշանակում, որ այն մարդիկ, որոնք նախկինում օլիգարխ են եղել, կամ օլիգարխ են կոչվել նրանք դադարել են գոյություն ունենալուց. «Քավ լիցի, բայց նրանց կարգավիճակն է դադարել գոյություն ունենալուց: Որովհետեւ Հայաստանում չի կարող լինել մարդ, անհատ, որ մտածի՝ ինքն ուժեղ է ժողովրդից: Որ մտածի իր իշխանությունն ավելի ուժեղ է: Այս է պատճառը, որ ես ասում եմ, որ Հայաստանում չկա օլիգարխիա»:

Պարոն Փաշինյանն ասաց, որ առաջիկա կիրակի օրը Կապանում սպասվող ընտրություններում, մարդիկ պետք է գնան ընտրատեղամասեր եւ հաստատեն ժողովրդի իշխանությունը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031