«5,9 միլիարդ դրամ արտահանման պայմանագիր ունենք մեր ներկայացուցիչների եւ ցուցահանդեսներին տանելու միջոցով, անցյալ տարի ամբողջական թիվը եղել է 5, 7 միլիարդ դրամ: 5,9 միլիարդը այս տարվա առաջին եռամսյակի տվյալներն են, որոնք գերազանցել են նախորդ տարվա արդյունքները»,-այսօր կառավարության մամուլի սրահում ասաց Բիզնես Արմենիայի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը՝ առաջին 9 ամիսների ներդրումներն ու արտահանումների ցուցանիշներն ամփոփելիս: Արմեն Ավակ Ավակյանի խոսքով, եթե վերջին եռամսյակի տվյալներն էլ ներառենք, ապա 5,9 միլիարդը կբարձրանա մինչեւ 7 միլիարդ:
Պարոն Ավակ Ավակյանն ասաց, որ տեղի է ունեցել Բիզնես Արմենիա հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը: Այս տարի խորհրդի անդամ է դարձել տրանսպորտի կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը: Քննարկել են նաեւ կառուցվածքային փոփոխությունների հարցը, ինչի արդյունքում հաջորդ տարվա բյուջեում կունենան 108 միլիոն դրամի խնայողություն:
Փաստացի ներդրումները, ըստ Բիզնես Արմենիայի տնօրենի, կազմում են մոտ 17 միլիոն դոլար, ակնկալում են եւս 28 միլիոն, որն ընդհանուր կկազմի 45 միլիոն դոլար. «Մեր այս տարվա թիրախը 46 միլիոն էր: Մենք շատ մոտիկ ենք լինելու այդ թիրախին, մի քիչ էլ, որ ավելի ագրեսիվ լինենք մեր թիմով, մենք թիրախը կանցնենք եւ շատ լավ տարի կփակենք»:
Aravot.am-ի հարցին, թե թիրախին չհասնելն, արդյոք պայմանավորված էր երկրում տեղի ունեցած փոփոխություններով եւ, եթե չլիներ այդ մի քանի ամիսների անորոշությունը, ինչի արդյունքում տնտեսությունն, այսպես ասած, հետ ընկավ, հնարավո՞ր է, որ 46 միլիոնից էլ ավելի շատ արդյունքներ ունենայիք, պարոն Ավակ Ավակյանը պատասխանեց. «Մեր թիրախը եղել է 46 միլիոն, այս պահին փաստացի ակնկալվում է 45 միլիոն, այսինքն՝ իրականում մենք մեր թիրախին հասել ենք: Կարելի է ասել՝ այդ մեկ միլիոն դոլարը տաք եւ սառը չի անելու: Թիմին եմ ասում, որ այստեղ նստած են, եթե մի քիչ էլ ագրեսիվ լինեք, այդ 46 միլիոնը հաստատ կանցնենք»:
Ըստ նրա, քաղաքական տատանումները միշտ էլ ազդում են ներդրողների որոշումների վրա. «Սպասողական վիճակ միշտ լինում է ընտրություններից առաջ, ցանկացած ընտրություններից առաջ, ցանկացած երկրում օբյեկտիվ իրականություն է, եթե դուք էլ լինեիք ներդրող եւ փողը ձեր դնեիք ֆինանսական ռիսկի տակ իմանալով, որ 2 ամիս հետո լինելու են արտահերթ ընտրություններ, 2 ամիսը ձեր եկամուտների եւ շահույթի վրա տաք ու սառը չի անելու, կսպասեիք երկու ամիս՝ հետո կդնեիք: Այսինքն՝ պարզ տրամաբանությունը դա է»:
Պարոն Ավակ Ավակյանը նաեւ ասաց, որ սփյուռքահայերի մոտ նախագծերի նկատմամբ հետաքրքրությունը բավականին մեծացել է, բայց մինչեւ դա դառնում է ներդրում՝ միջինը 6 ամիս տեւում է:
Հարցին, թե հիմնականում որ ոլորտներում են ցանկանում ներդրումներ անել, Արմեն Ավակ Ավակյանը պատասխանեց, որ իրենց ռազմավարության համար հիմնականում վերցնում են կառավարության ծրագիրը. «Կա 12 երկիր, որ ֆիքսված է տնտեսական առումով թիրախային, աշխատում ենք այդ երկրների հետ եւ որպես գերակա, ֆիքսված է 3 ոլորտ՝ IT, տուրիզմ եւ ագրո: Շատ տրամաբանական է, որ այդ երեք ոլորտներն են մեր տեսակետից ագրեսիվ, որովհետեւ կառավարության հստակ ծրագրում նշված են: Հետաքրքրությունը նաեւ դեղագործական ոլորտում է, կան ընկերություններ Կանադայից, Շվեյցարիայից»:
Այն հարցին էլ, թե որքան ներդրումներ կարող է կլանել մեր տնտեսությունը եւ առաջիկա տարիների համար ինչ սպասելիքներ ունենք, Արմեն Ավակ Ավակյանը պատասխանեց. «Հաշվարկած մոդել, մեթոդոլոգիա, որ կարողանամ դոլարայինով ասել, չունեմ: Այն մոդելները, որոնք ես տեսել եմ տնտեսության ապագայում, մեր արտահանումը շատ բարձր մակարդակով աճում է: Շատ արագ տենդենցներով աճում է, որը շատ լավ բան է, որն ուղիղ ազդում է ՀՆԱ-ի աճի վրա: Այդ տենդենցները, եթե շարունակվեն, նախատեսված է՝ 2021-2023 թվականներին այն կհասնի մեր արտադրողականության համարյա 100 տոկոսին: Այսինքն՝ մենք հիմիկվանից պիտի ներդրումներ անենք, որպեսզի այդ արտադրողականությունը շարունակի բարձրանալ եւ այդ 100 %-ին մենք չխփենք: Կլանելու տեսակետից, այս պահի դրությամբ, այնպես չէ, որ շուկան անծայրածիր է, այս պահին արագ, այնքան է զարգանում, որ կարողանում ենք այս պահին կլանենք, ներդրումները պետք է նախատեսված լինեն ավելի երկարաժամկետ: Այսինքն՝ մեր տնտեսությունը 3-5 տարվա կարճաժամկետ ներդրումները կլանելու շատ մեծ ունակություն ունի, բայց թիրախը պետք է լինի ավելի երկարաժամկետ ռեսուրսներ ներգրավելը եւ ավելի էժան տոկոսադրույքներով, ավելի էժան գնով: Դա անելու համար մենք պետք է ցույց տանք, որ արտահանման աճը շարունակվում է, որն այս պահին կարողանում ենք ցույց տալ»:
Բիզնես Արմենիայի տնօրենը նաեւ ներկայացրեց, թե ինչ ձեռքբերումներ ենք ունեցել Ֆրանկոֆոնիայից:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ