Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Հրազդանում ընկալել են իբրեւ ուղերձ

Հոկտեմբեր 19,2018 17:45

Օրերս խոսելով Հրազդանի քաղաքապետի ընտրությունների մասին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իր իշխանությունում հարգում են իրենց կուսակցական ընկեր Սասուն Միքայելյանին, նրա որդու որոշումը`առաջադրվել Հրազդանի քաղաքապետի պաշտոնում, բայց կողմ չեն, որ ընտանեկան ավանդույթները վերակենդանանան եւ դա թույլ չեն տալու:

Հարցն այն է, որ հրազդանցիները վարչապետի սույն հայտարարությունն ընկալել են իբրեւ ուղերձ, որ հոկտեմբերի 21-ին կայանալիք ընտրություններում պետք չէ ընտրել Սասուն Միքայելյանի որդուն:

Հիշեցնենք, առաջիկա կիրակի`հոկտեմբերի 21-ին, հանրապետության մի շարք խոշոր քաղաքներում`Հրազդան, Արմավիր, Էջմիածին, Կապան, քաղաքապետի ընտրություններ են: Այդ համայնքների ղեկավարները թավշյա հեղափոխությունից հետո չդիմացան ճնշումներին եւ հրաժարվեցին ընտրված պաշտոններից:

Հրազդանում, հիշեցնենք, թեկնածուները երկուսն են`Սասուն Միքայելյանի որդին`Սեւակ Միքայելյանը եւ հեղափոխական մարզպետի մտերիմ, հեղափոխական ակտիվիստ Լեւոն Ստեփանյանը: Նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Դավիթ Քոչարյանն ընտրապայքարից դուրս եկավ:

Առհասարակ, Հրազդանում կարծիք է ձեւավորվել, որ տարածքի բնակչության մի ստվար մասը, ինչպես մեր զրուցակիցները փոխանցեցին`«լուրջ մասսան», չխառնվեց այս ընտրական գործընթացին: «Երկու թեկնածուներն էլ մնացին այն մի քանի հոգու հետ`դպրոցի տնօրեններ, համատիրության նախագահներ, որոնց հետ մտել էին քարոզարշավի փուլ: Մարդիկ լուրջ չվերաբերվեցին այս ընտրություններին»,- մեզ հետ զրույցում, ամփոփելով քաղաքապետի թեկնածուների քարոզարշավն՝ ասաց Հրազդանի մի բնակիչ:

Հրազդանում մի քիչ լավ չհասկացան նաեւ, թե այնուհանդերձ ինչո՞ւ մյուս թեկնածուն`Դավիթ Քոչարյանն, առաջադրեց իր թեկնածությունը, հետո մի կողմ քաշվեց: Սկզբում, երբ նա առաջադրվել է, տեղացիները մտածել են, որ Սասուն Միքայելյանի որդուն իբրեւ այլընտրանք թեկնածու է հանդես գալու:

Հիշեցնենք, որ նախորդ խորհրդարանական ընտրություններում Դավիթ Քոչարյանը մրցել եւ հաղթել էր Սասուն Միքայելյանին: Հիմա, արդեն, ընտրարշավի ավարտին, Հրազդանում կարծիք կա, որ Դավիթ Քոչարյանն իր առաջադրվելով եւ Սեւակ Միքայելյանին այլընտրանք լինելու իմիտացիայով «փակեց» բոլոր այն թեկնածուների ճանապարհն, ովքեր իրականում կարող էին Սասուն Միքայելյանի որդուն այլընտրանք լինել:

Բավական ուշագրավ եւ իշխանության համար ոչ բարենպաստ իրավիճակ է նաեւ Էջմիածին քաղաքում: Առաջիկա կիրակի օրն այնտեղ եւս ընտրություններ են: Հավակնորդներն այստեղ 12-ն են: Իշխանության ինքնաառաջադրված թեկնածուն Դիանա Գասպարյանն է, որին այդքան էլ միանշանակ չեն ընդունում քաղաքում: Երեկ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Էջմիածնում էր`հորդորելու քվեարկել հօգուտ առաջին կին քաղաքապետի օգտին: Հանրահավաքը նախատեսվածից 40 րոպե ուշ սկսվեց: Խնդիրն ասում են այն էր, որ հրապարակում մարդ չէր հավաքվում: Տեղում խոսակցություններ կան, որ էջմիածինցիները լռելյայն բոյկոտել էին Դիանա Գասպարյանին ու այդ քարոզարշավը: Մեր տեղեկություններով, այդ 40 րոպեների ընթացքում ՔՊ-ականները կարողացել են հարակից գյուղերից` Արտիմետ (Աթարբեկյան), Տարոնիկ, Ապագա գյուղերից եւ Արմավիրից իրենց կուսակիցներին հավաքեն եւ բերեն վարչապետի հետ հանդիպման: Հավաքին հաշված թվով էջմիածինցիներ են մասնակցել:

Ի դեպ, համացանցում արդեն երկու օր է ձայնագրություններ են պտտվում, որ Դիանա Գասպարյանի հայրը վիրավորել է այժմ Ֆրանսիայում բնակվող Էջմիածնեցի Գեւորգ Մանուկյանին:

Վերջինս 2008-ի դեպքերի մասնակից է եւ ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել այն մասին, որ երբ այդ ժամանակ քաղբանտարկյալներին դատապարտում էին, Դիանա Գասպարյանը դատավորներից մեկի օգնականն էր եւ չէր ըմբոստանում կատարվողի դեմ, մինչդեռ հիմա անարդարություններից է խոսում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031