Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳ փոխնախարար. «Կրթական համակարգն ըստ արժանվույն չի օգտագործում ԿՏԱԿ-ի բազան»

Հոկտեմբեր 19,2018 16:28

Հոկտեմբերի 19-ին Աղվերանում մեկնարկել է արտագնա սեմինար-շնորհանդես, որի թեման Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) գործունեության ներկայացումն է: Միջոցառմանը ներկա է ԿԳ փոխնախարար Արեւիկ Անափիոսյանը, միջազգային կառույցների, Երեւանի քաղաքապետարանի եւ մարզպետարանների կրթությունների վարչությունների ներկայացուցիչներ:

ԿՏԱԿ տնօրեն Արտակ Պողոսյանը նշեց, որ հավաքի նպատակն է ավելի ընդլայնել համագործակցությունը եւ ավելի արդյունավետ աշխատել:

ԿԳ նախարարի տեղակալ Արեւիկ Անափիոսյանը՝ կարեւորելով միջոցառումը, շեշտեց, որ մեր կրթական համակարգն ըստ արժանվույն չի օգտագործում այն բազան եւ գործառույթները, որ ունի ԿՏԱԿ-ը: Նրա խոսքով, միջոցառումը կարեւոր է նրանով, որպեսզի հասկանան, թե ինչպես կարելի է ճիշտ ձեւով օգտագործել կրթության քաղաքականության մշակման եւ իրականացման համար այն ամբողջ տեղեկատվական բազան, որ հավաքվում է ԿՏԱԿ-ում:

«Տարիներ շարունակ աշխատելով կրթության ոլորտում, բայց ոչ պետական համակարգում, բազմաթիվ փորձագետներով մտահոգ ենք եղել, որ մեր պետությունում կարողանանք իրականացնել հետազոտությունների, փաստերի եւ վիճակագրական տվյալների հիման վրա քաղաքականության մշակում եւ իրականացում: Եվ եթե մենք կարողանանք ճիշտ ձեւով սկզբից հավաքել տվյալները՝ կրթական համակարգի հետ կապված, վերլուծել, ուրեմն կկարողանանք փոխակերպել քաղաքականության եւ որոշումներ իրականացնել»,-ասաց փոխնախարարը:

Նա փաստեց, որ մի շարք դպրոցներում չկան բավարար թվով առարկայական ուսուցիչներ, այդ տվյալներն առկա են, սակայն քաղաքականության մշակման ժամանակ ոչ մի ձեւով չեն արտացոլվում:

Արեւիկ Անափիոսյանը նաեւ հավելեց, որ ԿԳ նախարարության հանրակրթության վարչությունը բազմիցս շրջաբերականներ է ուղարկել, որ լրացնեն այն տվյալները, որը ԿՏԱԿ-ն իրենցից պահանջում է, սակայն առայսօր կան դպրոցներ, որոնք ամբողջությամբ չեն լրացրել:

«Սա խնդիր է, քանի որ 2019թ հունվարի մեկից սկսած՝ դպրոցների ֆինանսավորումը իրականացվելու է ըստ այն տվյալների եւ ցուցանիշների, որ դպրոցները ներկայացրել են, եւ եթե այդ ցուցանիշները ԿՏԱԿ-ի բազայում չլինեն, դպրոցները ֆինանսավորման խնդրի առաջ կկանգնեն»,-ընդգծեց փոխնախարարը:

ԿՏԱԿ-ի տեղեկատվավերլուծական բաժնի պետ Սյուզի Մաշուրյանը ներկայացրեց կրթության կառավարման տեղեկատվական համակարգերը https://emis.am/:

2013 թվականից ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում ներդրվել և գործում է «Դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգ» էլեկտրոնային ծրագիրը ։ Ավելի ուշ ստեղծվել և ներդրվել է «Մասնագիտական կրթության կառավարման տեղեկատվական համակարգը»՝ ներառելով նախնական/արհեստագործական/ և միջին, նաև բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության համակարգերը։

Այս 2 համակարգերն էլ ունեին հնարավորություն կուտակել տեղեկատվությունը տարբեր տեղեկատվական շտեմարաններում առանձին-առանձին։ Տիկին Մաշուրյանը նշեց, որ նպատակ դրվեց միավորել այդ երկու համակարգերը, ունենալ մեկ միասնական տեղեկատվական համակարգ, որը բացառում է նույն սովորողի բազմակի հաշվառումը կրթության տարբեր մակարդակներում միաժամանակ, հնարավորություն տալիս վերահսկել սովորողի տեղափոխման գործընթացը մի կրթական հաստատությունից այլ կրթական հաստատություն։

Նրա խոսքերով, հաշվի առնելով 12-ամյա կրթության պարտադիր լինելն ու հիմնական դպրոցից հետո կրթությունը նաև նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում շարունակելու հնարավորությունը, համակարգերի միավորումը հնարավորություն է տալիս բացառել որևէ սովորողի պարտադիր կրթությունից դուրս մնալը, որը համակարգերի առանձին գործելու պարագայում հնարավոր չէ, քանի որ հնարավոր չէ նույնականացնել 2 տարբեր համակարգերի տվյալները և տեղեկատվությունը։

Անդրադառնալով՝ դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգին՝ ի թիվս այլնի, նա խոսեց նաեւ դպրոցների էլեկտրոնային անձնագրերի քարտեզից https://emis.am/map/: Ըստ վերջինիս, կա 1415 գործող դպրոց, 22 փակված դպրոց, 38556 ուսուցիչ, 371050 աշակերտ: ԿՏԱԿ-ի կայքում տեղեկատվությունն այնպես է ներկայացված, որ դպրոցները երեւում են ըստ մարզերի, արդյոք հիմնակա՞ն են, ավագ, միջնակարգ եւ այլն: Տարբեր ֆիլտրերի միջոցով հնարավոր է գտնել անհրաժեշտ ինֆորմացիան եւ կոնկրետ դպրոցը:

 

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031