«Ես համոզված եմ, որ չի կարելի 10-15 տարի խոսել, որ առայժմ ժամանակը չէ գազի կամ էլեկտրաէներգիայի սակագների իջեցման մասին խոսել։ Հակառակը` հենց հիմա է ժամանակը դրա մասին խոսելու։ Գազը սահմանից կրկնակի թանկ է հասնում վերջնական սպառողին, ու հանձնաժողովի առաքելությունը լինելու է նաեւ հատ-հատ ուսումնասիրել սահմանից սպառողին հասնող ամբողջ շղթան ու հասկանալ, թե տեխնոլոգիական կորուստների մասով ինչ իրավիճակ է։ Ո՞վ է որոշում, որ «Գազպրոմի» շահութաբերությունը պետք է լինի 10 տոկոս կամ ՀԷՑ-ինը՝ 14»,- այսօր խորհրդարանում հայտարարեց «գազի» հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը:
Այսօր խորհրդարանում կայացավ ՀՀ`գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարման եւ բաշխման համակարգերի գործունեությունը, գազի եւ էլեկտրաէներգիայի գործող սակագների հիմնավորվածությունը քննելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի առաջին նիստը:
Միքայել Մելքումյանն առաջարկեց`առնվազն շաբաթը մեկ անգամ նիստ գումարել. «Ժամանակը շատ կարճ է, ինտենսիվ պետք է աշխատենք, որ գոնե այս նախաձեռնությունը կարողանանք որոշակի հանգուցալուծման բերել»: Նրա առաջարկով, հանձնաժողովում կներգրավվեն նաեւ համապատասխան մասնագետներ։
Հանձնաժողովը կուսումնասիրի նաեւ գազի կալորիականության հարցը։ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը համամիտ է Միքայել Մելքումյանի հետ: Նաև հավելում է`առանձին ուսումնասիրության կարիք ունի բնական մենաշնորհային ծառայություններ մատուցող ընկերությունների շահութաբերության հաշվարկման դրույքաչափն ու մեթոդը:
Քննիչ հանձնաժողովի փոխնախագահ ընտրված «Ելք» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի կարծիքով`ամեն ինչ տարրական գողության մեջ է. «Մարդիկ գնումների ժամանակ գնում են որեւէ ապրանք, որի իրական շուկայական արժեքը 100 դրամ է, այն ձեւակերպում են 150 դրամով։ Մարդիկ լկտիաբար մտնում են քաղաքացու տուն ու գողանում են փող։ Մեր աշխատանքների շեշտադրումը կարելի է այս հանգամանքի վրա դնել»։ Իր կարծիքով, գնումների շուկան ուսումնասիրելով` կարելի է հանգել այն եզրակացության, որ թե գազի, թե էլեկտրաէներգիայի սակագինը կարելի է իջեցնել 10-15 տոկոս։
ՀՀԿ-խմբակցության պատգամավոր Վահան Հարությունյանն էլ ուշադրություն է հրավիրում իր գնահատմամբ ոչ պակաս կարեւոր հանգամանքի վրա`սակագնի մեջ մեծ բաղկացուցիչ է կազմում ենթակառուցվածքների՝ հիմնական միջոցների մաշվածությունը. «Հիմնական միջոցներն ամեն տարի մաշեցվելու են, պետք է հասկանալ` որքանով է նպատակային օգտագործվել այդ միջոցները»։
«Ցավալին այն է, որ այս ԱԺ-ն բոլորիս հայտնի պատճառներով եւ հանգամանքներում գնում է դեպի մայրամուտ: Դժվար է ասել, որ այս ընդարձակ հարցակազմը կարողանանք բավարարել այս կարճ ժամանակահատվածում։ Մենք կարճ ժամանակ ունենք, պետք է ընտրենք ամենակարեւոր թիրախային հարցերը»,- սա էլ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի մոտեցումն է։ Նա կարծում է, որ այս լավ նախաձեռնությանը սպառնում է խեղդվել օրորոցում, քանի որ այն իրավահաջորդության կարգով փոխանցվող չէ, իսկ հաջորդ խորհրդարանում ովքե՞ր կլինեն, կկարեւորե՞ն այս հարցերը, թե`ոչ, դժվար է գուշակել:
Երկուշաբթի օրը կայանալիք նիստում հանձնաժողովը աշխատակարգը կհաստատի:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ