Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Բենզալցակայաններում բենզինի եւ դիզվառելիքի բավականին շատ թերլցումներ են, սա անբարեխիղճ մրցակցություն է». Արտակ Շաբոյան

Հոկտեմբեր 19,2018 15:35

Այսօր ԱԺ տնտեսական հանձնաժողովում Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը ներկայացրեց 2019-ի տարեկան գործունեության ծրագիրը եւ մրցակցության հետ կապված ներկայիս խնդիրները:

Նա ասաց, որ հաջորդ տարվա ընթացքում հանձնաժողովն իր ուշադրության կենտրոնում է պահելու սոցիալական նշանակության ապրանքային այն շուկաները, որտեղ կենտրոնացվածության աստիճանը բարձր է, կան գերիշխող դիրք զբաղեցնող տնտեսվարողներ. «Այդպիսի 10 շուկաներ կան, դա շաքարավազն է, բենզինը, դիզվառելիքը, կարագը, ցորենը, ալյուրը, կաթնամթերքը, հավի ձուն, հավի միսը եւ արեւածաղկի ձեթը»:

Շաբոյանն ասաց, որ այս շուկաներում կան նաեւ բազմաթիվ միջին եւ փոքր ընկերություններ, չնայած կենտրոնացվածությունը բարձր է: Մրցակցության տեսանկյունից շաքարավազի, բենզինի եւ դիզվառելիքի շուկաներն են ուշագրավ ու ռիսկային, սահմանափակ տնտեսվարողներ ունեն: Շաբոյանն ասաց, որ բենզինի եւ դիզվառելիքի շուկայում 3 ընկերություններ են, որոնք մանրածախ առեւտուրն էլ են իրականացնում: Երկրորդ խնդիրը բենզինի թերլցումներն են, Շաբոյանը նշեց, որ բավական շատ են բենզինի դիզվառելիքի գծով բենզալցակայաններում թերլցումները, սա անբարեխիղճ մրցակցություն է, շուկայի վերահսկողության տեսչություն կա եւ այդ հարցը բարձրացրել են, որ վերահսկողությունը խստացնեն:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ասաց, որ բացի քաղաքական կամքից, մենաշնորհների դեմ պայքարում որեւէ բան չի փոխվել, իսկ քաղաքական կամքը բավարար չի մենաշնորհները վերացնելու համար: Բենզին, դիզվառելիք, որեւէ բան չի փոխվել այս շուկաներում: Գները բարձրացել են ուղղակի, եթե գները բարձրացել են, բայց հակամոնոպոլ պայքար է մղվել, նշանակում է ճիշտ չեք աշխատում: Հենց այս պահին միայն մի տնտեսվարող կա, որն իրավունք ունի ՀՀ-ում բենզին առաքելու»:

Նա ասաց, որ մյուս մատակարարների ճանապարհը փակվել է նույն մեխանիզմով, ինչ մյուս ապրանքատեսակների գծով են անում. «Մի մատակարարի հետ պայմանագիր են կնքում ու մաքսային օրենսգրքով այնպիսի չափորոշիչներ սահմանում, թե բենզինի գույնը պետք է լինի բաց մանուշակագույն ու նմանատիպ ծուղակներ էր դնում: Նախկին իշխանությունը չէր ասում մի բերեք այդ ապրանքը, այդպիսի ծուղակներ էր դնում, հիմա այդ ծուղակները վերացրեք: «ԱրմՕյլ»-ի ներկայացուցիչը 50 անգամ ասաց, որեւէ մեկը կառավարությունից չի ուզում  ուշադրություն դարձնել, ազգային ինստիտուտում չափորոշիչներ են դրված , դիզվառելիքում ծծմբային պարունակությունը 10 միավոր, նման բան չկա աշխարհում, միայն ՀՀ-ն է, որ նման խիստ չափորոշիչ է դրել ու այդ նույն ինստիտուտում չկա մի չափիչ սարք, որ կարող է ծծմբի պարունակությունը չափել դիզվառելիքի մեջ, 100-ից ավելի միավորի դեպքում նոր կարող է չափել, ի՞նչ եք արել, բացի քաղաքական կամքից, որ կա»:

Բողոքը լսելուց հետո Արտակ Շաբոյանը պատասխանեց, որ դրանք հարցեր են, որոնք այլ պետական մարմինների կարգավորման դաշտում են ու իրենց ուսումնասիրություններն էլ են ցույց տալիս, որ այդ պետական մարմինները իրենց գործունեությամբ կարող են մրցակցությունը այդպես սահմանափակել: Սերգեյ Բագրատյաննն էլ հորդորեց նմուշներ վերցնել բենզալցակայաններից ու համոզվել, որ որեւէ մեկը այդ չափորոշիչներին չի համապատասխանում, պարզապես դա մուտքի խոչընդոտ է այլ ընկերությունների համար:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031