Այսօր ԱԺ տնտեսական հանձնաժողովում արտասովոր պատկեր էր: Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը ներկայացնում էր 2019-ի տարեկան գործունեության ծրագիրը եւ մրցակցության հետ կապված խնդիրների ինչ օրինակ բերեց, հիմնականում առնչվում էին Սամվել Ալեքսանյանի հետ, նա օրինակներ բերելիս մի քանի անգամ «Ալեքս հոլդինգի» անունն էր տալիս:
Նա նախ անդրադարձավ շաքարավազի շուկային, իսկ գիտենք, որ այդ շուկայում երկար տարիներ մենաշնորհային դիրքերում էր Ալեքսանյանը: Շաբոյանն ասաց, որ վերջին ամիսներին զգալի փոփոխություններ են եղել այդ շուկայում. «Պատմականորեն շաքարավազի շուկայում մի ընկերություն է եղել, որը շուկայի 98-99 տոկոսն է զբաղեցրել եւ անցած տարվա ընթացքում բավականին շատ տնտեսվարողներ են ավելացվել այս ոլորտում՝ 56 ընկերություն, բայց սրանք փոքր ընկերություններ են, ԱՁ-ներ են, փոքր խմբաքանակներով էին բերում, բայց վերջին մի քանի ամիսների ընթացքում ավելի են շատացել տնտեսվարողները եւ ավելի մեծ խմբաքանակներով սկսել են ներմուծել, որի արդյունքում խոշոր տնտեսվարողի տեսակարար կշիռը զգալիորեն իջել է եւ ներկա պահին զբաղեցնում է 78 տոկոսը շուկայի: Ոլորտում մուտքի խոչընդոտներ չկան, եթե «Ալեքս հոլդինգը» մշտապես տեղական արտադրող ընկերություն է հանդիսացել, ԵԱՏՄ անդամակցությունից հետո տեղական արտադրությունը դառնում է բավականին ծախսատար, ընկերությունը սկսել է ներմուծումներ իրականացնել ՌԴ-ից՝ մյուս ընկերությունների նման: «Ալեքս հոլդինգը» մյուս տնտեսվարողների նման ներմուծումներ է իրականացնում ՌԴ-ից»:
Հիշեցնենք, որ ժամանակին Նիկոլ Փաշինյանը քննադատում էր, որ Ալեքսանյանը ներմուծում է պատրաստի շաքարավազ, բայց տեղական արտադրողի հարկման դաշտում է գործում, իշխանությունները հերքում էին դա:
Արտակ Շաբոյանն անդրադարձավ մանրածախ առեւտրային ցանցին, այդ ոլորտն էլի առնչվում է Ալեքսանյանի ու իր «Երեւան սիթիների» հետ՝ ասելով. «4-5 խոշոր առեւտրային ցանցեր հանձնաժողովի կողմից ճանաչվել են գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողներ: Մանրածախ առևտրային ցանցերի գործունեությունը կարեւոր է նրանով, որ նրանցից կախված են շատ այլ տնտեսվարողներ, այսինքն, մատակարար տնտեսվարողների գործունեությունը կախված է նրանցից ու եթե մանրածախ առեւտրային ցանցի ընկերությունները տարբերակված մոտեցում կիրառեն, կամայականություններ դրսեւորեն, դա ազդում է բավականին շատ տնտեսվարողների գործունեության վրա»:
Ուստի ինչ է առաջարկում Շաբոյանը՝ «պետք է առանձնացվի մանրածախ եւ մեծածախ առեւտրի գործունեությունը»: Նրա խոսքով՝ «Կան շատ ընկերություններ, որոնք զբաղվում են միաժամանակ ե՛ւ մեծածախ, ե՛ւ մանրածախ առեւտրով եւ դա խնդիրներ է առաջացնում մրցակցության տեսանկյունից: Մենք չենք կարողանում հստակ չարաշահումները տարանջատել: Բերեմ մեկ օրինակ՝ «Ալեքս հոլդինգի» օրինակը, որը միաժամանակ զբաղվում է ե՛ւ շաքարավազի արտադրությամբ, եւ տարբեր պարենային ապրանքների ներմուծումներով, ե՛ւ միաժամանակ մանրածախ առեւտրի վաճառքով եւ սա մրցակցության տեսանկյունից լուրջ խնդիրներ է առաջացնում, որովհետեւ տվյալ տնտեսվարողը, որը գերիշխող դիրք է զբաղեցնում տվյալ ապրանքի արտադրման կամ ներմուծման բնագավառում, վաճառում է իր մանրածախ առևտրային ցանցով այն նույն գնով, ինչ մի քիչ պակաս տրամադրում է մնացած մանրածախ առեւտրային ցանցերին եւ բնականաբար, առավելություն է ստանում մյուս ընկերությունների նկատմամբ: Դրա համար անհրաժեշտ է մանրածախ առևտուրը ե՛ւ մրցակցության, ե՛ւ հարկային տեսանկյունից տարանջատել»:
Ամենաուշագրավն այն է, որ այսօր Արտակ Շաբոյանը հասկացել է, որ մանրածախ խոշոր առեւտրային ցանցերը մեծ խնդիրներ են ստեղծում փոքր ու միջին բիզնեսի համար. «Ճիշտ է, մանրածախ առևտրային ցանցերը ունեն օբյեկտիվ առավելություններ, գնալով ավելի մեծանում են, դրանք հարմարություններ են ստեղծում բնակչությանը, այնուհանդերձ, դա տեղի է ունենում ի հաշիվ փոքր ու միջին խանութների ծավալի կրճատման, շրջանառության կրճատման եւ մենք այստեղ առաջարկ ենք ներկայացրել, որ խնդիրը պետք է բացառապես տնտեսական մեթոդներով լուծենք»:
Ու ահա թե ինչ լուծում է առաջարկում Արտակ Շաբոյանը՝ որ սուպերմարկետը, այսպես ասած, «թռփոշացել է», նրա դեմն առնեն ու հարկերով այնպես խեղդեն, որ դադարեցնի. «Այն մանրածախ առևտրային ցանցերը՝ սուպերմարկետները, որոնք խոշորանում են եւ որտեղ մենք ցանկանում ենք նրանց գործունեությունը սահմանափակել, պետք է լրացուցիչ հարկման մեխանիզմներ կիրառել, լրացուցիչ հարկել, ավելի ծախսատար դարձնել նրանց գործունեությունը, որպեսզի նրանց շահագրգռվածությունը թուլանա ու որպեսզի այդ գործունեությամբ զբաղվելը այլեւս շատ եկամտաբեր չլինի եւ ռեսուրսներն ուղղի այլ ոլորտներում ներդրումներ կատարելու ուղղությամբ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ