Հոկտեմբերի 19-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը այցելեց Մխիթար Սեբաստացի կրթահամալիր։
Այցի նպատակն էր երեխաների իրավունքների պաշտպանության՝ առավելապես ազատ տեղաշարժման իրավունքի և դրա խախտումների խնդրի վերհանումն ու քննարկումը։
Մարդու իրավունքների պաշտպանը և կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը շրջայց կատարեցին Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում։
Աշոտ Բլեյանը ծանոթացրեց ուսման պայմաններին և կրթահամալիրի խնդիրներին։
Նա նշեց, որ իրենք ունեն միկրոավտոբուսներ, որոնք կարողանում են ապահովել 560 երեխաների տեղաշարժը, սակայն հաշմանդամություն ունեցող սաների համար հատուկ ավտոբուսներ չկան․
«Մենք ունենք լուրջ մշակումներ և ցանկանում ենք ձեր մանդատով դուք աջակցեք, որ առաջին անգամ Երևանում ներդրվի հատուկ ավտոբուսների մշակույթը»,-ասաց Սեբաստացի կրթահամալիրի տնօրենը։
Բլեյանը նշեց նաև, որ իրենք հանել են կրթահամալիրի տարածքում առկա ցանկապատերը, քանդել աննպատակ պատերը, որպեսզի հնարավորինս հեշտ և ազատ տեղաշարժվեն սաները, սակայն դրա պատճառով դատարանների դռներն են ընկել։
Ամփոփելով հանդիպումը Արման Թաթոյանն ասաց, որ ինքը հանձնառություն է ստանձնում, որպես քաղաքացի և մարդու իրավունքների պաշտպան, անել ամեն ինչ ներկայացված խնդիրները լուծելու համար, ապա ավելացրեց․
«Ես շատ երկրներում եմ եղել և հաշվի առնելով մեր երկրի ֆինանսատնտեսական վիճակը, կարծում եմ, որ շատ մեծ գործ եք արել պարոն Բլեյան․ Ձեր վերաբերմունքը երեխաների և աշխատողների հանդեպ պետք է վարակիչ լինի բոլորի համար»։
Հանդիպման ավարտին ՄԻՊ-ը պատասխանեց Սեբաստացի կրթահամալիրի սաների հարցերին։
Սոնա ԳԵՎՈՐԳՅԱՆ