Լրահոս
Օրվա լրահոսը

Ճնշումների թիվը կտրուկ նվազել է, իսկ տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումների քանակն ավելացել է. ԽԱՊԿ

Հոկտեմբեր 19,2018 14:50

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի 2018թ. երրորդ եռամսյակային (հուլիս- սեպտեմբեր ամիսներ) զեկույցի մասին

2018-ի երրորդ եռամսյակը Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները ներառող ժամանակահատված էր։ Այս ընտրությունները շահեկանորեն տարբերվեցին բոլոր նախորդներից ոչ միայն ընտրախախտումներին հաջող հակազդելու, այլև լրագրողների ու լրատվամիջոցների անկաշկանդ գործելու առումով։ Այդուհանդերձ, բուն քվեարկության օրը՝ սեպտեմբերի 23-ին, արձանագրվել է ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ 1 բռնության և 1 ճնշում գործադրելու փաստ։ Համեմատության համար՝ 2017թ. մայիսի 14-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների օրը տեղի էր ունեցել 2 ֆիզիկական բռնության և 5 մասնագիտական գործունեության խոչընդոտման դեպք։

Ընդհանուր առմամբ, երրորդ եռամսյակում, ի տարբերություն երկրորդի, երբ ընթանում էր թավշյա հեղափոխությունը, լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնությունների, ինչպես նաև տարատեսակ ճնշումների թիվը կտրուկ նվազել է, իսկ տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումների քանակն ավելացել է, ինչը երևում է ստորև ներկայացված աղյուսակում։

Հետհեղափոխական ժամանակաշրջանում և հատկապես Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավի ընթացքում առավել ցայտուն երևաց հայաստանյան լրատվամիջոցների՝ ըստ քաղաքական և ֆինանսական ճամբարների բաժանված լինելը։ Այդ երևույթն էլ ավելի խորացավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մեծ քաղաքականություն վերադառնալուց հետո։ Անհանդուրժողական մթնոլորտը տեղափոխվեց նաև սոցիալական ցանցեր, որտեղ տարբեր քաղաքական խմբերի ներկայացուցիչների թիրախ էին դառնում նաև լրատվամիջոցները։

Երրորդ եռամսյակում 2 նոր դատական հայց է ներկայացվել ընդդեմ լրագրողի և ԶԼՄ-ի։ Ընդ որում՝ երկու դեպքում հայցվորը «News.am» լրատվական կայքի հիմնադիր «Նյուզ ԷՅ ԷՄ» ՍՊԸ-ն է, որը պահանջել է պատասխանատվության ենթարկել մի դեպքում՝ «Սկիզբ մեդիա կենտրոն» ՍՊ ընկերությանը պատկանող «1in.am»-ի թղթակից Սոնա Հարությունյանին, մյուսում՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի հիմնադիր «Դարեսկիզբ» ՍՊԸ-ին՝ ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի հիմքով՝ վիրավորանքի և զրպարտության համար։

2018 թ. ապրիլյան հեղափոխության ընթացքում գրանցված՝ ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ ֆիզիկական բռնության 18 և մասնագիտական գործունեության խոչընդոտումների 8 դեպքերի վերաբերյալ ԽԱՊԿ-ն արձանագրել է հետևյալ զարգացումները։ Այդ դեպքերից միայն 11-ի առնչությամբ է քրեական գործ հարուցվել։ Դրանցից 4 գործը («Ազատություն» ռադիոկայանի թղթակից Արուս Հակոբյան, «Լragir.am»-ի թղթակից Թեհմինե Ենոքյան, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ լրագրող Տիրայր Մուրադյան՝ 2 դրվագով) մտել է դատարան, որից առայժմ միայն մեկով է դատավճիռ կայացվել։ Մնացած 7 միջադեպերի առնչությամբ նախապատրաստված նյութերը միավորվել են 2 խումբ քրեական գործերի մեջ։ Մնացած դեպքերով կամ ի սկզբանե քրեական գործ չի հարուցվել, կամ նյութերն ուսումնասիրելուց հետո որոշում է ընդունվել քրեական գործի հարուցումը մերժել։

Հուլիս-սեպտեմբեր ամիսներին ԽԱՊԿ-ը շարունակել է դիտարկել լրագրողների եւ օպերատորների նկատմամբ լայնածավալ բռնություններով եւ մասնագիտական գործունեության խոչընդոտումներով զուգորդված՝ 2015թ. հունիսի 23-ին Երեւանի Բաղրամյան պողոտայում (#ElectricYerevan) եւ 2016թ. հուլիսի երկրորդ կեսին մայրաքաղաքի Խորենացի փողոցում և Սարի թաղում տեղի ունեցած իրադարձություններին վերաբերող քրեական գործերը։ Եթե դրանցից առաջինում տուժող լրագրողներից Հակոբ Կարապետյանը վերջապես՝ 3 տարի անց, հրավիրվել է առերեսման, ապա երկրորդի նախաքննությունը, որով տուժող են ճանաչվել 20-ից ավելի ԶԼՄ աշխատակիցներ, կասեցվել է, ինչը լրագրողական հանրությունն անընդունելի է համարում։ ԽԱՊԿ-ը մտադիր է բողոքարկել այդ որոշումը։

ԶԼՄ-ների համար տեղեկատվության մատչելիության, ինչպես նաև լրագրողների գործունեության պայմանների տեսակետից խնդրահարույց են մնում «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին», «Գնումների մասին», «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքները, որոնք վերանայման կարիք ունեն։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031