Այսօր «Ընտրական օրենսգրքի» քննարկմանը կառավարությունը համաձայնեց «Ծառուկյան» խմբակցության այն առաջարկի հետ, որ 4-րդ ուժը մտնի ԱԺ այն պարագայում, երբ կհաղթահարի 2 տոկոսի շեմը:
Լրագրողների հետ զրույցում, հարցին՝ դա փաստորեն կհեշտացնի՞ ՀՀԿ-ի շանսերը՝ ընտրություններին մասնակցելու արդյունքում ԱԺ մտնելու՝ Արտակ Զեյնալյանը պատասխանեց. «Բոլորինը, բոլոր հնարավոր կուսակցությունների մուտքը ԱԺ կհեշտացնի: Կառավարությունը պիտի տրամադրված չլինի որեւէ կուսակցության նկատմամբ եւ Հայաստանում քաղաքական ռասիզմը պետք է տեղ չունենա»:
Հարցին՝ ընտրություններից հետո մտադի՞ր եք շարունակել կառավարությունում աշխատել՝ նա պատասխանեց, որ նախկին ընկալումները՝ ընդդիմություն-իշխանություն պիտի փոխվեն: Եթե ԱԺ-ում կա քաղաքական փոքրամասնություն, դա իշխանություն է քաղաքական փոքրամասնության եւ որոշումերը կայացվում են միասնաբար:
Հարցին՝ դուք միակուսակցական կառավարության վտանգ տեսնո՞ւմ եք, այդ մասին իր մտահոգությունն է հայտնել ՀՅԴ-ն՝ Արտակ Զեյնալյանը պատասխանեց. «Մեր գործող Սահմանադրությունը բացառել է միակուսակցական համակարգը, առնվազն 1/3 քաղաքական փոքրամասնություն պիտի լինի, իսկ կառավարության մեջ վտանգավոր չէ, եթե կոալիցիա չի ձեւավորվում, միանձնյա է ձեւավորվում գործադիր իշխանության մարմինը»: Թե ՀՅԴ-ն ինչի՞ց է վախենում, նախարարն ասաց, որ չի կարող ասել, բայց այդտեղ վտանգավոր ոչինչ չկա:
Մեր հարցին՝ նախկինում ՀՀԿ-ն դեմ էր 4-րդ ուժի ԱԺ մտնելը ամրագրելուն՝ կայունության համար, ասում էր, որ կայունությունը վտանգվում է, դուք նման մտավախություն չունե՞ք՝ Զեյնալյանը պատասխանեց, որ նման փաստարկներ կան ու դրանք անհիմն չեն, զուրկ չեն հիմքերից, կայունությունը եւս կարեւոր սկզբունք է իրավական պետության:
Լրագրողները նաեւ հետաքրքրվեցին՝ Հունան Պողոսյանին նշանակելիս վարչապետն ասաց, որ եկել են բարիկադները քանդելու ժամանակները, սա ասվեց այն առումով, որ նախկին իշխանություններից էլ կարող են բարձր պաշտոններ զբաղեցնել, դուք դա ճի՞շտ եք համարում՝ նախարարը պատասխանեց. «Հունան Պողոսյանը փոխոստիկանապետ է եղել: Նիկոլ Փաշինյանն այդ հարցին սպառիչ պատասխանել է, սա ուղերձ է»: Հարցին՝ իսկ կարող է ուղերձը հասնի Սերժ Սարգսյանին՝ նախարարը չպատասխանեց:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ