Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրական օրենսգիրքն ընդունվեց միաձայն. Ընտրատեղամասի մոտ տեսախցիկներ են տեղադրելու

Հոկտեմբեր 19,2018 14:05

Այսօր «Ընտրական օրենսգրքի» նախագիծն է քննարկվում ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում: Հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանը հիշեցրեց, որ տեսանկարահանում կար նախորդ ընտրություններին, դա իր մեջ ունի ինչպես կանխարգելիչ իմաստ, այնպես էլ ապացուցողական: Մշտադիտարկման հնարավորությունը ընտրական գործընթացի առնվազն այս մասով դուրս է եկել:

Նա նաեւ ասաց. «Վենետիկի հանձնաժողովը հստակ կանոն է սահմանել՝ քվեարկած անձանց ցուցակը հրապարակել չի կարելի: Դա մարդու անձնական կյանքի գաղտնիության իրավունքի դրսեւորում է՝ գնացել է ընտրատեղամաս, թե չի գնացել»: Նա ասաց, որ քվեարկելու գաղտնիությունը, ըստ եվրոպական կոնվենցիայի նախադեպերի, երաշխավորվում է: Վենետիկի հանձնաժողովը հանրաքվեի քվեարկության ժամանակ գնահատելիս ասել է, որ մասնակցության ցուցակները չեն կարող հրապարակվել, հիմա մենք նախագծով քննարկման առարկա ենք դարձնում, որ ոչ միայն հրապարակվում են դրանք, այլ առցանց՝ օնլայն ռեժիմով ԿԸՀ-ն սահմանում է որոնողական համակարգ, որ ցանկացած մարդ կարողանա որոնել, փնտրել ու գտել՝ Պետրոսյան Գեւորգը մասնակցե՞լ է ընտրություններին, թե՞ ոչ, որտե՞ղ է մասնակցել, ո՞ր ընտրատեղամասում: Այստեղ խախտում չե՞ք տեսնում, պետք է այնպիսի մեխանիզմ սահմանենք, որ որեւէ մեկը կասկածի տակ չդնի մեր կողմից ընտրված ընտրական համակարգի իրավականությունը»:

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ասաց, որ տարիներ շարունակ վստահություն չի եղել, եղել է համոզմունք, որ ավելացվում է ընտրություններին մասնակցածների թիվը. «Սա արվում է, որ մարդկանց մոտ փարատվի այն համոզմունքը, որ մասնակցության հավելագրումներ չեն լինում եւ կրկնաքվեարկություններ չեն լինում»: Կոստանյանը հակադարձեց. «Ներողություն, ուզում եք ասել՝ մենք գիտակցաբար խախտում ենք եվրոպական կոնվենցիան հավատի՞ համար: Սա բազմաթիվ նախադեպերով սահմանված է, Վենետիկի հանձնաժողովը անվերապահ գնահատական է տվել ցուցակների հրապարակմանը, ես համաձայն եմ ձեզ հետ, որ պետք է հավատ լինի»:

Զեյնալյանն ասաց, որ սա նախադեպային իրավունք չի, խորհրդատվական բնույթ կրող իրավական դիրքորոշում է, որը եղել է նաեւ 2017-ից առաջ:

Կոստանյանն ասաց, որ իհարկե, Վենետիկի հանձնաժողովը պարտադիր մանդատ չունի, խորհրդատվական է, խնդիրն այն է, որ այս պայմաններում մենք անգամ ներդնում ենք որոնողական համակարգ. «Լավ, պետություն, ցուցակը հրապարակեցիր, հասկացանք, խնդիրը վերաբերում է մարդու անձնական կյանքի գաղտնիության իրավունքի երաշխավորմանը, հիմա այս պայմաններում մենք քիչ չի հրապարակում ենք, մի հատ էլ որոնողակա՞ն համակարգ ենք դնում: Զեյնալյանը պատասխանեց, որ ցուցակների հրապարակումն առանց որոնողական համակարգի առկայության եւ որոնողական համակարգով՝ դրանց տարբերությունը իրավունքի միջամտության տեսանկյունից շատ քիչ է: Բայց արդյունավետության տեսանկյունից այն չափազանց էական գործիք է՝ համոզվելու համար, որ ընտրություններում հավելագրումներ չեն լինում: Եթե սա ասում է բարձր վարկանիշ ունեցող ուժը, ապա ցածր վարկանիշ ունեցող ուժերը սրանից պետք է նաեւ ուրախ լինեն, սա քաղաքական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանն է ուղղված ի վերջո:

Կոստանյանը անդրադառնալով նկարահանմանը, ասաց, որ ընտրությունների ժամանակ եթե չի լինում ստատիկ նկարահանում, որը թույլ էր տալիս, որ ամբողջ տեղամասը, մուտքը լինի միասնական հսկողության տակ, դա նշանակում է, որ պետք է թույլ տան, որ ցանկացած մարդ հեռախոսով, տեսախցիկով նկարահանի ընտրությունների ընթացքը: Նա ասաց, որ առաջ կուտակումներ էին լինում տեղամասերի մուտքի մոտ ու նկարահանումը դա կանխում էր: Եթե Երեւանի ավագանու ընտրություններում կուտակում չի եղել, դա չի նշանակում, որ խորհրդարանական ընտրություններին չի լինի:

Ի վերջո Կոստանյանի սենյակում աշխատանքային քննարկում ունեցան ու կառավարությունը համաձայնեց ու ընդունեց այն առաջարկը, որ մի տեսախցիկ լինի տեղամասի մուտքի մոտ եւ ապահովի մշտադիտարկումը: Թե քանի մետր շառավղով այն կիրականացնի նկարահանում՝ տեխնիկական լուծումները կտրվեն հետո:

Առաջարկություն կար Խոսրով Հարությունյանի կողմից, որ ԱԺ ընտրություններին մասնակցող դաշինքները կարող են ներկայացնել իրենց կողմից առաջարկող կառավարության կազմը: Զեյնալյանն ասաց, որ այդ հայեցողական լիազորությունը հիմա էլ ունեն, այս պահին էլ որեւէ սուբյեկտի արգելված չէ հրապարակել իր կառավարության կազմը, որեւէ մեկը կաշկանդված չի: Կարող են հրապարակել իրենց կայքէջերում եւ ԿԸՀ կայքում. «Ծանրաբեռնել ԸՕ-ն դրանով որքանո՞վ է նպատակահարմար: Կան երկրներ, որտեղ ավանդույթի ուժով հրապարակվում է, բայց դրանք կայուն երկրներ են: Հիմա առաջարկում եմ դա չանել»:

Ընտրական օրենսգիրքը հանձնաժողովում ընդունվեց միաձայն: Բոլոր ուժերը կողմ քվեարկեցին, իսկ մինչ քվեարկությունը Գեւորգ Կոստանյանը անգամ հորդորեց բոլորին կողմ քվեարկել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031