«Հանդիպումներ եմ ունեցել ԱԺ չորս խմբակցությունների ներկայացուցիչների հետ, որոնցից երկուսն ասել են, որ ունեն ամենամեծ թվով կին պատգամավորները: Նրանցից մեկը հաստատ չափազանցնում էր, բայց, ամեն դեպքում, ոգեւորիչ փաստ է»,-ընտրություններում կանանց ներգրավվածությանը նվիրված հասարակական քննարկման ժամանակ այսօր հայտարարեց Երեւանում Շվեդիայի դեսպանության գործերի հավատարմատար Մարտին Ֆրեդրիկսոնը: «Նրանք չասացին՝ կանանց թիվը մեծ է, այլ ասացին, որ թիվն ամենամեծն է՝ համեմատած մյուս խմբակցությունների հետ: Եթե իսկապես ուզում ենք այս ոլորտում փոփոխություններ տեսնել, կանանց ներգրավվածության հարցում քաղաքական ուժերի միջեւ մրցակցություն պետք է լինի»,-նկատեց նա:
Անդրադառնալով Երեւանի ավագանու ընտրություններին՝ պաշտոնյան նշեց՝ տպավորիչ է, որ որոշ կուսակցությունների ընտրացուցակներում կին-թեկնածուների թիվը 40%-ից ավելի է եղել. «Բայց ճիշտ չէ, երբ կուսակցությունն է որոշում, թե որքան պետք է լինի կին-թեկնածուների թիվը»:
Ապա Մարտին Ֆրեդրիկսոնը համոզմունք հայտնեց, որ առաջիկայում կայանալիք արտահերթ ԱԺ ընտրությունները կանանց մասնակցության տեսանկյունից պետք է գերազանցեն Երեւանի ավագանու ընտրություններին:
«Եթե կուսակցությունները գիտակցեն, որ այդ ուղղությամբ իրենց ցուցակների հրապարակումներից հետո կլինեն համեմատություններ եւ վիճակագրություններ, կփորձեն ավելի ներկայանալի ցուցակներ ունենալ: ԱԺ ընտրություններից հետո հաջորդ փուլը կառավարության ձեւավորումն է, երբ կուսակցություններն իրենք են որոշում՝ ո՞ւմ առաջադրել այս կամ այն պաշտոնում: Արդյոք կանայք ներգրավված կլինե՞ն նոր կառավարությունում: Կարծում եմ՝ սպասվելիք ընտրություններն ունակ են ստեղծել խորհրդարան, որտեղ կանանց եւ տղամարդկանց թիվն ավելի հավասարակշռված կլինի: Եթե այդպես լինի, բոլոր կուսակցությունները գովեստի արժանի կլինեն՝ անկախ նրանից՝ հաղթո՞ղ կհամարվեն, թե՝ ընդդիմություն»,-եզրափակեց Ֆրեդրիկսոնը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ