«Մի շտապեցրեք մեզ, իրադարձությունները զարգանում են իրենց հունով», Aravot.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց ՀՀԿ ԳՄ անդամ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով մամուլի այն հրապարակումներին, որ երեկ երեկոյան կայացած Գործադիր մարմնի նիստում ՀՀԿ ղեկավար մարմինը հստակ որոշում է կայացրել, որ դեկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու են:
Ավելին՝ մամուլում անգամ ՀՀԿ-ի նախընտրական ցուցակի հնգյակ է տպագրվել, ըստ որի՝ այն ղեկավարելու է պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը, նրան հաջորդելու են ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը, արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը եւ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:
«Հասկանում եմ լրատվամիջոցների հետաքրքրությունը ՀՀԿ-ի մասնակցության եւ ցուցակի հանդեպ, բայց տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում»,- ասաց Արմեն Աշոտյանը, հավելելով, որ ՀՀԿ ԳՄ-ի երեկ տարածած հաղորդագրությունը սպառիչ է այս պահի համար եւ պատասխան է տալիս բոլոր հարցերին: «Մասնակցության վերջնական որոշում չկա, ցուցակ չենք որոշել»,- ասաց մեր զրուցակիցը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ