Բաց նամակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին
Հարգելի պարոն վարչապետ, Ձեզ եմ հղում այս բաց նամակը, քանի որ մտահոգված եմ երկրում և հատկապես Էջմիածնում ստեղծված իրավիճակով։ Այսօր Էջմիածինը կանգնած է բախտորոշ ընտրության առջև։ Էջմիածնին առաջին անգամ ընձեռվել էր հնարավորություն կատարելու ազատ, արդար, առանց որևէ պարտադրանքի ընտրություն, սակայն պարզվեց, որ գերեզմանների ընտրությանը, բռնի ուժի ու շանտաժի ընտրությանը գալիս է փոխարինելու խոսքի պարտադրանքը։ Դուք լավ գիտեք, թե ինչպես էր Ձեզ վերաբերվում ժողովուրդը և լավ գիտեք, որ հենց ժողովրդի միջոցով հնարավոր եղավ կատարել թավշյա հեղափոխությունը, ինչին ի դեպ շատ ակտիվ ԳՈՐԾՈւՆ մասնակցություն ունեցավ մեր թիմի յուրաքանչյուր անդամ։ Եվ ուրեմն կարծում էինք, որ ակնհայտ էր, որ անցել է ՊԻՏԻ-ների ժամանակը` ինչ ձևով էլ ՊԻՏԻ-ն արտահայտված լիներ …
Մեր թիմը եղել է, կա ու լինելու է հենց ժողովրդի կողքին, Չի եղել ու չի լինելու որևէ կլանի մաս, եղել է, ու լինելու է մտահոգ երկրի և երկրի հոգին կազմող քաղաքի` Էջմիածնի, ապագայով և դրանով է պայմանավորված, որ ներկայացել է բացառիկ ծրագրով, մինչդեռ այն մարդիկ, ովքեր ճանապարհ էին փակում ժողովրդի առջև, որպեսզի ժողովուրդը չկարողանար հասնել մայրաքաղաք, իսկ մյուսներն իրենց տաքուկ սենյակներում «հոգով և սրտով» «միանում» էին հեղափոխությանը, այսօր պարզվում է հեղափոխական են։ Այդ դեպքում ով ենք մենք մնացած ՈՂՋ ժողովուրդը … Հարցս հռետորական էր։
Մենք խոսում ենք հավասարությունից, բայց նշում եք Էջմիածինը ՊԻՏԻ ունենա կին քաղաքապետ, խոսում ենք հավասարությունից, բայց մարդու սեռով պայմանավորված անհավասարություն եք մտցնում (ի դեպ միակ կին թեկնածուն Ձեր սատարած անձը չէ, նա օրիորդ է) … Կարելի է երկար շարունակել, սակայն կարծում եմ ներկայացրեցի խնդիրը և ասեմ, որ մեր ընտրազանգվածը, ում երբեք որևէ ՊԻՏԻ-ով չեն վախեցրել, կատարելու է գիտակցված ընտրություն, քանի որ Էջմիածնի ՏԻՄ ընտրությունը քաղաքական ընտրություն չէ, քանի որ գալիս է ոչ թե զուտ Ձեր անվամբ ներկայանալու, այլ` գործելու, իրականացնելու այն եզակի ծրագիրը, որ ունենք։ Վերջնարդյունքում մենք վստահաբար բերելու ենք Հին Էջմիածինը, Նոր Գույներով
Վարդան ԱՌԱՔԵԼՅԱՆ
Էջմիածնի քաղաքապետի թեկնածու