Լրահոս
Օրվա լրահոսը

«Եղան սեքսիզմի դրսեւորումներ, «կին-տղամարդ» դերաբաժանում». ավագանու ընտրությունների մշտադիտարկում

Հոկտեմբեր 19,2018 12:55

«Օքսեջեն» հիմնադրամն այսօր լրագրողներին ներկայացրեց Շվեդիայի կառավարության ֆինանսավորած «Հավասար. խթանելով կանանց քաղաքական մասնակցությունը ազգային մակարդակում» խորագրով մշտադիտարկման արդյունքները, որոնք վերաբերում են սեպտեմբերի 23-ին կայացած Երեւանի ավագանու ընտրություններում կանանց ներգրավվածությանը: Մասնավորապես, ըստ մշտադիտարկման՝ Երեւանի նորընտիր ավագանու 65 անդամներից միայն 18-ն են կին՝ 27,6%: Ավագանու նախորդ կազմի համեմատ կանանց ներգրավվածության թիվն ավագանիում նույնն է, թեեւ կուսակցությունների նախընտրական ցուցակներում կանանց թիվը, համեմատած ավագանու նախորդ ընտրությունների հետ (32%), ավելի մեծ է` 36,2%: Ըստ վերլուծության՝ Երեւանի ավագանու այս ընտրություններն աննախադեպ էին նրանով, որ քաղաքապետի երեք կին թեկնածու կար՝ Անահիտ Թարխանյան («Երեւանի հանրություն» դաշինք), Նաիրա Զոհրաբյան (ԲՀԿ) եւ Զարուհի Փոստանջյան («Երկիր Ծիրանի» կուսակցություն). նախկինում մեկ անգամ որպես քաղաքապետի թեկնածու առաջադրվել են Զարուհի Փոստանջյանը («Երկիր Ծիրանի» կուսակցություն) եւ Հեղինե Բիշարյանը («Օրինաց երկիր» կուսակցություն):

Կանանց ղեկավարած քաղաքական ուժերից միայն «Բարգավաճ Հայաստանն» ընդգրկվեց ավագանու կազմում, սակայն Նաիրա Զոհրաբյանը, ինչպես հայտնի է, պահպանեց ԱԺ պատգամավորական մանդատը: «Իմ քայլը» դաշինքի ստացած 57 մանդատից 15-ը կամ 26,3%-ը բաժին է հասել կանանց, իսկ ԲՀԿ-ի հինգ ավագանիներից մեկն է կին, ասել է թե՝ 20%: «Լույս» դաշինքի երեք ավագանուց երկուսը կին է՝ 67%: «Լույս»-ի ընտրական ցուցակում կին թեկնածուները եղել են 35,7, ԲՀԿ-ի ցուցակում՝ 30,7, իսկ «Իմ քայլը» դաշինքի ցուցակում՝ 28,8%: Վերջինիս թիվն ամենափոքրն է:

Հատկանշական է, որ նորընտիր ավագանու երեք խմբակցություններից ոչ մեկը կին չի ղեկավարում, սակայն քարտուղարների պաշտոններում երեք խմբակցություններում էլ կանայք են ներկայացված:

Ըստ մշտադիտարկման՝ քարոզարշավի ժամանակ, այնուամենայնիվ, եղել են սեքսիզմի դրսեւորումներ: Մասնավորապես, ակտիվ շրջանառվել է «կին-տղամարդ» թեզը: «Մարդ, որը կին լինելով, ավելի շատ տղամարդ է, քան պաշտոնյա-տղամարդիկ, որ իրենց տղամարդ են կոչում». Նաիրա Զոհրաբյանին այսպես էր բնորոշում նրա թիմակիցներից մեկը (ԲՀԿ անդամ Գեղամ Մելիքսեթյանը): Այսինքն, վերջինիս պատկերացմամբ, տղամարդ լինելն ավելի լավ բան է, քան կին լինելը: Նույն տրամաբանությամբ, տղամարդուն է վերագրվում ուժեղ եւ համարձակ լինելու առաքելությունը:

Այս թեզը, ըստ վերլուծության, շարունակություն է ստացել Նաիրա Զոհրաբյանի ելույթներից մեկում, երբ նա, վրդովված սոցցանցերում իր հասցեին վիրավորանքներից, իր քաղաքական հակառակորդ Հայկ Մարությանին դիմեց «տղամարդ ես՝ հրավիրում եմ բանավեճի, արի առանց Նիկոլի» արտահայտությամբ:

https://www.youtube.com/watch?v=oC2I50QhaWg

https://www.youtube.com/watch?v=e1_LfUbSl1M

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031