Այսօր «Ընտրական օրենսգրքի» նախագիծն է քննարկվում ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում: Հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանը հորդորեց, որ այս կարեւոր հարցը քննարկելիս ոչ թե քաղաքական նպատակահարմարությանը նայեն, այլ՝ իրավական ասպեկտին:
Նախագիծը ներկայացրեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: Նա հիմնական փոփոխություններն ասաց՝ պարզ համամասնական ընտրակարգ, ընտրական շեմի իջեցում, ընտրագրավի իջեցում, 3 կուսակցությունների եւ դաշինքների փոխարեն 4 խմբակցությունների առկայություն, Երեւանի, Գյումրիի եւ Վանաձորի ավագանիում ընտրական կարգում բոնուսային համակարգը վերացնել եւ այլն:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը հետաքրքրվեց՝ կառավարությունը չի՞ ընդունում իրենց այն առաջարկը, որ եթե 3 ուժ են հաղթահարել անցողիկ շեմը, բայց պետք է առնվազն 4 լինեն, 4-րդ ուժ-ը պետք է գոնե 2 տոկոսի շեմը հաղթահարած լինի, որ կարողանա հայտնվել ԱԺ-ում: Արտակ Զեյնալյանը պատասխանեց, որ այդ առաջարկն ընդունել է կառավարությունը, այն հանձնաժողովում կհաստատեն ու կմտնի նախագիծ:
Գեւորգ Պետրոսյանը հարցրեց՝ իսկ ի՞նչ կլինի, եթե 4 ուժ չգրանցվի՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար, դա կարող է առաջացնել ընտրական ճգնաժամ: Կոստանյանը համաձայնեց. «Քաղաքական բոյկոտի եղանակ պատկերացրեք, պարոն Զեյնալյան: Հավանականություն կա՝ 3 ուժ կմասնակցի՞, թե՞ 2: Պատկերացրեք, որ քաղաքական ուժերը բոյկոտում են ընտրական գործընթացի մասնակցությունը՝ դրանով ամբողջությամբ չեզոքացնելով ընտրական գործընթացը: Կարող եք ասել, որ դա խելագարության կանխավարկած է, բայց եթե հավանականության տեսությամբ եք առաջնորդվում, այդ հարցին էլ պատասխանեք»:
«Ծառուկյան» խմբակցությունից Նորա Առուստամյանը հետաքրքրվեց՝ բոնուսային համակարգը որ վերանում է, համապետական ընտրությունների ժամանակ գործելո՞ւ է, օրինակ, խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Զեյնալյանը պատասխանեց, որ այո, այդ ընտրություններին բոնուսային համակարգը գործելու է, այդ դրույթը մնացել է անփոփոխ:
ՀՅԴ խմբակցության քարտուղար Արմենուհի Կյուրեղյանը հարցրեց՝ Արարատ Միրզոյանի եւ ձեր հետ քննարկման ժամանակ բաց համամասնական ընտրակարգին անցումը մերժվեց, որովհետեւ ասացիք ժամանակը չի բավարարում տեխնիկապես ապահովելու դա, ընտրողն ինքն է որոշում այդ դեպքում հերթականությունը կուսակցությունների ցուցակում, հնարավո՞ր է թեկուզ անցումային դրույթներով ամրագրել սա, որ որոշ ժամանակ անց թեկուզ հաջորդ ընտրություններին փոխվելու է դա: Արտակ Զեյնալյանը պատասխանեց, որ կաշկանդված չեն դա անելու. «Բաց ցուցակների մեխանիզմը մենք արձանագրեցինք, որ ավելի ժողովրդավարական է, քան փակ ցուցակների, բայց այն արտահերթ ընտրություններին, հիմա իրականացնելը տեխնիկապես անհնարին է, եթե հաշվի առնենք, որ ցուցակում նվազագույնը 80 անձ կլինի, այդպիսի քվեաթերթիկ պատկերացնելը անհնար է, այն էլեկտրոնային տարբերակով պետք է իրականացվի»:
Կյուրեղյանը նաեւ հարցրեց՝ վերահաշվարկի կատարման արդյունքում ընտրանքային սկզբունքով եթե ողջամիտ կասկած էր ծնվում արդյունքների վերաբերյալ, եթե 3 տեղամասում նման կասկած է առաջանում, դա պետք է դարձնել երկրորդ փուլ ու եթե երկրորդ փուլում նորից արձանագրվում է այդ ողջամիտ կասկածը, ապա դա կտարածվի՞ համապետական ընտրությունների արդյունքների վրա: Նա առաջարկեց, որ սա նույնպես ամրագրվի անցումային դրույթներով: Զեյնալյանն ասաց, որ «Ընտրական օրենսգիրքը» ներկայումս էլ եթե ծավալը մեծ է խախտումների, թույլ է տալիս տարածել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ