Լրահոս
Օրվա լրահոսը

Գործնականում տասը տարի ԲՀԿ-ն դարձավ նախորդ իշխող համակարգի անվտանգության բարձիկ կամ բուֆեր. «Ժամանակ»

Հոկտեմբեր 19,2018 12:35

Գագիկ Ծառուկյան քաղաքական գործոնը, խոշոր հաշվով, ձևավորվել է հենց Ռոբերտ Քոչարյանի նախագահության ընթացքում, և ըստ ժամանակի մամուլի հրապարակումների՝ այդ ձևավորմանը առարկայական մասնակցություն էր ունենում հենց նախագահական նստավայրը: «Բարգավաճ Հայաստան» քաղաքական նախագիծը Ռոբերտ Քոչարյանի քաղաքական պլանների առանցքային մաս էր, որով նախատեսվում էր 2007 թվականին իշխանությունից հեռացնել Հանրապետականին և այդպիսով նաև Սերժ Սարգսյանին թույլ չտալ դառնալ նախագահ, նրա փոխարեն առաջադրելով Վարդան Օսկանյանին: Իր հետնախագահական, այսպես ասած, առաջին տասնամյակի տարբեր հարցազրույցներում Ռոբերտ Քոչարյանն անուղղակիորեն ակնարկել, բացահայտել է այդ պլանների մասին: Պլաններն ըստ էության ձախողվեցին, իսկ փլատակների տակ, խոշոր հաշվով, մնացին մի կողմից Գագիկ Ծառուկյանը, մյուս կողմից՝ Հայաստանի քաղաքական դաշտի կամ համակարգի հեռանկարը:

Գործնականում տասը տարի ԲՀԿ-ն դարձավ նախորդ իշխող համակարգի անվտանգության բարձիկ կամ բուֆեր, ՀՀԿ իշխանական կորպորացիայի համար անվտանգության, այսպես ասած, քաղաքական հավելյալ միջոց, իսկ Գագիկ Ծառուկյանն էլ ուղղակիորեն զրկված էր այդ հանգամանքի դեմ որևէ բան անելու հնարավորությունից, եթե անգամ ուներ ցանկություն: Գրեթե կասկածից վեր է, որ պլաններն իրականանալու դեպքում Ռոբերտ Քոչարյանը նախագահի պաշտոնը թողնելուց հետո սահուն կերպով դառնալու էր ԲՀԿ առաջնորդ, իսկ Գագիկ Ծառուկյանն էլ իր գործն անելուց հետո հեռանալու էր քաղաքականությունից: Սակայն իրադարձությունները զարգացան այլ, բոլորին հայտնի ընթացքով, հասնելով արդեն մինչև թավշյա հեղափոխություն և հեղափոխության արդյունքում մի իրավիճակ, երբ Ծառուկյան-Քոչարյան շահերը, մի կողմից, ուղիղ հակադրության մեջ են, մյուս կողմից՝ Ծառուկյանին որևէ կերպ չի հաջողվում ազատվել Քոչարյանի ստվերից: Պատահական չէ, որ ԲՀԿ առաջնորդը այդ մասին լրագրողների հարցերից նյարդայնացել է՝ թերևս լավ պատկերացնելով, որ եթե անգամ հարցերը բարձրաձայն չհնչեն էլ, միևնույն է, դրանք լինելու են հասարակության մեծամասնության մտքում, անընդհատ:

Թավշյա հեղափոխությունից հետո «Բարգավաճ Հայաստանը» հայտնվեց երկիմաստ վիճակում: Մի կողմից, դաշտը բացվեց և ֆորմալ առումով ստեղծվեց իրապես քաղաքական պայքարի հնարավորություն, մյուս կողմից՝ սակայն տասը տարի ՀՀԿ, այսպես ասած, «անվտանգության բարձիկի» դերում հայտնված ուժը հեղափոխության արդյունքում ՀՀԿ իշխանությունից հեռանալուց հետո հայտնվեց իմաստազրկված վիճակում: Խորքային առումով նշմարվում է իմաստավորվածության մեկ ուղղություն՝ անվերապահ աջակցություն հեղափոխությանը: Հենց դա դադարեց, ԲՀԿ-ն և Գագիկ Ծառուկյանն իմաստազրկվում են, ու հենց դա դադարեց, անմիջապես հառնելու է Ռոբերտ Քոչարյանի ստվերը:

Արամ ԱՄԱՏՈՒՆԻ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031