Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանցին աղքատ չէ. աղքատ է Հայաստանը. «Ազգ»

Հոկտեմբեր 19,2018 12:31

Վերնագրում ասվածը, վստահ եմ, շատերը տարօրինակ կհամարեն: Չէ՞ որ հայաստանյան կառավարություններն են պարբերաբար հայտարարել, որ երկրում ոչ միայն աղքատություն, այլեւ ծայրահեղ աղքատություն կա: Այն հաղթահարելու նպատակով 2003 թվականին, երկարատեւ հանրային քննարկումներից հետո «ՀՀ-ում աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիր» անվանվող 190 էջերից բաղկացած փաստաթուղթ հայտնվեց: Օգոստոսի 8-ին այն հաստատվեց ՀՀ կառավարության նիստում, ուր վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ասաց. «ՀՀ կառավարությունը հաստատեց աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիրը, որը համարում ենք քաղաքացիական հասարակության, իշխանության տարբեր թեւերի եւ դոնոր հանրության ավելի քան երկու տարվա արդյունավետ համագործակցության արդյունք: Մենք գտնում ենք, որ հաջողվել է լուծել կարեւոր խնդիրՙ ստեղծվել է իրատեսական եւ իրագործելի ծրագիր, որն առաջիկա տարիների մեր գործունեության ուղենիշն է դառնալու»:

Ավաղ: Աղքատության ու անհավասարության երկրում արդեն իսկ առկա վիճակը ձեւավորեց մի շարք գործոններ, որոնք կազմավորեցին այն միջավայրը, որն սպառնաց մեր ազգային անվտանգությանը: Առաջնահերթը նկատի ունենք շարունակվող ու ահագնացող արտագաղթը, երբ հայրենի քաղաքներն ու գյուղերը լքեցին հարյուր հազարավոր հայաստանցիներ: Եվ սա այն պայմաններում, երբ հիշյալ ծրագրի կատարումը պայմանավորվում էր պետական ու հասարակական տասնյակ կառույցների ու կազմակերպությունների գործընթացի իրականացման գործընկերային մասնակցությամբ: Դրանց թվում էին տպագիր ու էլեկտրոնային մամուլի խմբագրություններ, հասարակական կազմակերպությունների միավորումներ, Երեւանում ու մարզերում գործող շուրջ 20 հասարակական կառույցներ, նախարարություններում ու մարզպետարաններում ստեղծված աշխատանքային խմբեր, մոնիտորինգի ու վերլուծության ամենատարբեր ստորաբաժանումներ, Հայաստանում գործող միջազգային կառույցներ: Արդյունքում նպատակ էր հռչակվում 2002-ին աղքատ համարվող 51 տոկոս բնակչության թիվը 2015-ին իջեցնել 20 տոկոսի, առավել աղքատների 16 տոկոսըՙ 4 տոկոսի: Իդեպ, աղքատ էր համարվում բնակչության այն հատվածը, որի օրական եկամուտը պակաս էր ԱՄՆ 1 եւ 2 դոլարից, համապատասխանաբար 30 եւ 60 տոկոսը: Հիշենք, որ 2003-ին դոլարի փոխարժեքը կենտրոնական բանկի կողմից սահմանվել էր 586 դրամ, որը փոխանակման կետերում անցնում էր 600 դրամից: 2008 թվականին, երբ ՀՀ կառավարության ղեկավարը ԿԲ-ի նախկին նախագահ Տիգրան Սարգսյանն էր, մեկ օրվա մեջ փոխարժեք սահմանվեց 302 դրամը, որպիսի որոշումն այդպես էլ անհասկանալի մնաց ՀՀ բնակչության համար: Ֆինանսական ու տնտեսական վերլուծաբանների կողմից կարծիքներ հայտնվեցին, որ այն կատարվեց տնտեսության տեղատվության պայմաններում սկսված արտաքին ահագնացող պարտքը մասամբ մեղմելու նպատակով: Մի բան էր արտերկրի հարազատից հայաստանցու ստացած, ասենք 100 դոլարի դիմաց 60.000 դրամը, բոլորովին այլ բան 30.000 դրամը, երբ գներն ամսե-ամիս էին աճում, առաջին անհրաժեշտության ապրանքների ներկրումները պարբերաբար էին ավելանում: Վերջինը հաջորդող յուրաքանչյուր տարում աճում էր 100-200 մլն դոլարով, մինչ վերջին տարիները հասավ 3 մլրդ դոլարի: Արդյունքում ունեցանք արտագաղթի նոր ծավալներ, բնականաբար ռուսական ռուբլու, դոլարի ու եվրոյի տեսքով արտարժույթների նոր ներհոսքեր, հայաստանցիների կյանքի ու կենցաղի

յուրօրինակ դրսեւորումներ, որը միմյանց հաջորդող ՀՀ կառավարությունները տարբեր որակումների արժանացրին, աղքատության նիշ հայտարարելով բնակչության 30 եւ ավելի տոկոսը: Պետական կառույցներն այն հաշվարկում էին ամոթալի ու անպատվաբեր ՀՀ 1,5 մլրդ դոլար բյուջեն նկատի ունենալով, որտեղ ոչ մի լումա չէր նախատեսվում տասնյակ հազարավոր ուսանողներին կրթաթոշակ հատկացնել, աննշան էր շուրջ 500 հազար կենսաթոշակառուների ստացածը, որը շատ դեպքերում անգամ դեղերին չէր հերիքում, նվազագույն աշխատավարձեր էին ստանում երիտասարդ ու փորձառու մասնագետները, պետական բարեխիղճ թե զանցառու պաշտոնյաները: Բյուջեն իդեպ… 70 տոկոսով ռիսկային որակվեց, որն այլ բան չէր, քան շարքային քաղաքացիների գնահատմամբ այն գողանալն ու թալանելը:

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031