Հոկտեմբերի 18-ին ՀՀ ԱԺ պատգամավորները մասնակցել են ԱՊՀ ՄԽՎ մշտական հանձնաժողովների նիստերին:
Էկոնոմիկայի եւ ֆինանսների մշտական հանձնաժողովի նիստին մասնակցել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը: Նիստին մասնակցել են պատգամավորներ, փորձագետներ, բուհական եւ գիտական հաստատությունների ներկայացուցիչներ:
Նիստի օրակարգում ընդգրկված են եղել մեկ տասնյակից ավելի հարցեր, այդ թվում մշտական հանձնաժողովի նախագահի եւ նախագահի տեղակալների վերընտրության հարցը: ԱՊՀ ՄԽՎ գլխավոր քարտուղարի տեղակալ Ա.Դոլժիկովը հանձնաժողովի նախագահի պաշտոնում ներկայացրել է Հերմինե Նաղդալյանի թեկնածությունը, ծանոթացրել նրա կենսագրությանը, որից հետո ՀՀ ԱԺ պատվիրակը միաձայն վերընտրվել է հանձնաժողովի նախագահի պաշտոնում: Քննարկվել է նաեւ հանձնաժողովի նախագահի տեղակալների հարցը, ընտրվել են Բելառուսի եւ Տաջիկստանի խորհրդարանների ներկայացուցիչները:
Օրակարգում ընդգրկված են եղել ԱՊՀ անդամ պետությունների համար հարկային մոդելային օրենսգրքի նախագիծը, հանրային-մասնավոր գործընկերության վերաբերյալ առաջարկություններ, ինժեներային գործունեության եւ ինժեներիայի, ջրային տրանսպորտի, գնագոյացման, բաժնային շինարարության մասին եւ այլ մոդելային օրենքների նախագծերը: Քննարկվել եւ ներկայացվել են նաեւ ԱՊՀ ՄԽՎ-ին առընթեր էկոնոմիկայի հարցերով փորձագիտական խորհրդի կանոնակարգը եւ կազմը, հաստատվել են խորհրդի անդամների թեկնածությունները, որոնք ներկայացվել էին ԱՊՀ ՄԽՎ խորհրդարանների կողմից: Խորհրդի նախագահի թեկնածու է առաջադրվել Սանկտ Պետերբուրգի տնտեագիտական համալսարանի ռեկտոր Իգոր Մաքսիմցեւի թեկնածությունը: Քննարկման արդյունքում հանձնաժողովն ԱՊՀ ՄԽՎ խորհրդի հաստատմանն է ներկայացրել փորձագիտական խորհրդի կանոնակարգի մասին հարցը, իսկ ԱՊՀ ՄԽՎ լիագումար նիստում ներկայացվել է հանրային-մասնավոր համագործակցության մասին հարցը, որը կզեկուցվի հանձնաժողովի նախագահ Հերմինե Նաղդալյանի կողմից:
Նիստի ավարտին անդրադարձ է կատարվել ԱՊՀ անդամ պետությունների խորհրդարանականների համար անցկացվող կայուն զարգացման հարցերով տարածաշրջանային սեմինարի աշխատանքներին, ինչպես նաեւ թվային էկոնոմիկայի թեմայով նախատեսված խորհրդարանական լսումների նախապատրաստմանը:
Վերահսկիչ-բյուջետային հանձնաժողովի նիստին մասնակցել են ԱԺ պատգամավոր Գագիկ Մելիքյանը, ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ մշտական ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը եւ ՀՀ ԱԺ ֆինանսական վարչության պետ Արտաշես Բախշյանը: Նիստում քննարկվել են ԱՊՀ ՄԽՎ գործունեությանն առնչվող հարցեր: Մասնավորապես, քննարկվել են ԱՊՀ ՄԽՎ անդամավճարներին եւ համամասնություններին վերաբերող հարցեր: Քննարկումներն անցել են հիմնականում ՀՀ ԱԺ պատվիրակության կողմից արված առաջարկությունների համատեքստում: Հաշվի առնելով հնչեցված առաջարկությունները՝ որոշվել է վերոնշյալ հարցը քննարկել ԱՊՀ ՄԽՎ քարտուղարության լրացուցիչ տեղեկանքները ներկայացնելուց հետո:
Ագրարային քաղաքականության, բնական պաշարների եւ էկոլոգիայի հարցերով մշտական հանձնաժողովի նիստին մասնակցել է ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը: Նիստում քննարկվել են էկոլոգիական տուրիզմի, էկոլոգիական վնասի գնահատման մասին մոդելային օրենքների նախագծերը, ինչպես նաեւ էկոլոգիական քաղաքականությանը վերաբերող, կազմակերպչական եւ այլ հարցեր: Նիստի օրակարգում ընդգրկված է եղել նաեւ հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը, որի համար ներկայացված էր Ադրբեջանի խորհրդարանի ներկայացուցչի թեկնածությունը, որն ընդունվել է հանձնաժողովի կողմից, սակայն Վահե Էնֆիաջյանը քվեարկությանը չի մասնակցել:
Պետական շինարարության փորձի ուսումնասիրման եւ տեղական ինքնակառավարման հարցերով հանձնաժողովի նիստին մասնակցել է ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արաիկ Հովհաննիսյանը: Նիստում քննարկվել են ԱՊՀ ՄԽՎ մոդելային ընտրական օրենսգրքի նախագիծը, ԱՊՀ անդամ պետությունների կայուն եւ անվտանգ զարգացման հայեցակարգի նախագիծը, ինչպես նաեւ հանձնաժողովի գործունեությանը վերաբերող հարցեր: Օրակարգային հարցերի վերաբերյալ Արաիկ Հովհաննիսյանը ներկայացրել է առաջարկություններ, որոնք ընդունվել եւ հաստատվել են հանձնաժողովի կողմից: Քննարկվել են նաեւ մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ անցկացվող կայուն զարգացման թեմայով ԱՊՀ ՄԽՎ խորհրդարանականների համար անցկացվելիք սեմինարի աշխատանքներին վերաբերող հարցեր:
ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն