Հանրապետական կուսակցությունը կամ նրա ղեկավարությունը կամա թե ակամա հերթական անգամ մեծ ծառայություն մատուցեցին այսօրվա իշխանություններին։ Ըստ որոշ վարկածների՝ հոկտեմբերի 2-ի դիմադրությունը ՀՀԿ ղեկավարության կողմից լավ հաշվարկված շախմատային քայլ էր, որպեսզի գործընթացներն արագացվեն, և իշխանությունն ամբողջովին հանձնվի Նիկոլ Փաշինյանին՝ նաև հետագա ամբողջ պատասխանատվությունը երկրում տիրող իրավիճակի համար դնելով նրա վրա։ Փաստացի սրա շնորհիվ Փաշինյանի քաղաքական «ռեպերտուարից» կհանվի այն արդարացնող թեզը, թե հակահեղափոխությունը կամ սև ուժերն են խանգարում իշխանության գործունեությունում դրական արդյունքներ գրանցելուն։
Միևնույն ժամանակ այն, ինչ հոկտեմբերի 2-ից հետո տեղի ունեցավ հանրապետական կուսակցությունում, ցույց տվեց նաև, որ եթե իշխանափոխության սկզբնական փուլում՝ մայիսին, ՀՀԿ-ում ամեն ինչ կարծես վերահսկողության ներքո էր, և իրենք էին որոշում՝ որ պատգամավորները ձայն տան Փաշինյանին, և որոնք մնան անբասիր հանրապետականներ, ապա այժմ տպավորությունն այնպիսին է, որ ՀՀԿ-ում տարբեր կլաններ սկսում են ընկալել, որ ամեն ինչ շատ ավելի լուրջ և սպասվածից ավելի երկարաժամկետ ընթացք կարող է ունենալ, որի ժամանակ որոշ ազդեցության խմբեր կարող են շատ բան նաև կորցնել։ Այս պայմաններում սկսվեց մի գործընթաց, որը կարելի է բնութագրել որպես նոր իրողություններին հարմարվելու փորձ։ Դրա վկայությունն է այն, որ մի շարք պատգամավորներ, որոնք հիմնականում ասոցացվում են ՀՀԿ-ի ազդեցիկ խմբերից մեկի հետ, սկսեցին բացահայտ խաղալ Նիկոլ Փաշինյանի դաշտում և, ինչպես ասում են, տեղավորվել նոր իրողություններում ու սիրախաղ անել իշխող կուսակցության հետ։ Սա ցույց է տալիս, որ ՀՀԿ-ում կարող են լինել նաև մասնատման ոչ վերահսկելի գործընթացներ, և, ի վերջո, կմնա կուսակցության, այսպես կոչված, քաղաքական կորիզը, որի շուրջ կսկսի ձևավորվել նորացված հանրապետական կուսակցությունը՝ գուցե այլ ձևաչափով ու մարդկանցով։ Իսկ նրանք, ովքեր ժամանակի ընթացքում այդպես էլ չէին ասոցացվում քաղաքական թիմի հետ, ամենայն հավանականությամբ, կփորձեն ձուլվել նոր իշխանության մեջ կամ չինտեգրվելով իրավիճակին, իրենց համար հնարավորինս անվնաս, ֆինանսատնտեսական լծակները պահպանելով դուրս կգան ակտիվ քաղաքականությունից։
Ինչ վերաբերում է դաշնակցությանը, ապա վերջինիս պարագայում ամեն ինչ շատ ավելի բարդ է, քանի որ այստեղ, բացի զուտ իրավիճակային խաղերից, կարծես թե լուրջ խնդիրներ են առաջանում ներկուսակցական դաշտում, և ներքին ընդդիմությունը կարող է պատեհ պահն օգտագործել կուսակցության երկարաժամկետ նոմենկլատուրայի դեմն առնելու համար։
Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում