Հետաքրքիր է, որ նոր իշխանության գործողություններից շատերը, որոնք մեծամասնությանը դուր են գալիս, ինձ առանձնապես սրտամոտ չեն: Օրինակ՝ երբ վարչապետը սպառնում է «ասֆալտին փռել» կամ «պատերով տալ» որոշ մարդկանց, («վախ, մեռնեմ դուխին՝ շշեց»): Կամ՝ երբ ինչ-որ հակապետական հեռուստաընկերություններ է հայտնաբերում: Կամ՝ երբ էմոցիաների ազդեցության տակ աշխատանքից է ազատում դաշնակցական եւ ԲՀԿ-ական նախարարներին: Եվ հակառակը՝ այն, ինչ շատերը դատապարտում են, ինձ ճիշտ է թվում: Խոսքը, մասնավորապես, Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետ նշանակելու մասին է:
Այդ քայլը քննադատողները որեւէ փաստարկ չեն բերում, բացի նրանից, որ նա նախկին ոստիկան է: Ի դեպ, հետաքրքիր է, որ ժամանակին նույն պաշտոնն էր զբաղեցնում Սուրեն Աբրահամյանը, որը խորհրդային եւ անկախության առաջին տարիներին նույնպես ծառայել է ոստիկանությունում, իսկ մարզպետ լինելուց հետո աշխատել է որպես Երեւանի քաղաքապետ եւ ՆԳ նախարար: Ինքնին ոստիկան լինելը մահացու մեղք չէ: Կատարե՞լ է արդյոք Հունան Պողոսյանը հրամաններ, որոնք պատիվ չէին բերում նրա համազգեստին: Ըստ երեւույթին՝ այո: Բայց եթե նրա արարքների տակ որեւէ քրեական հոդված չկա, ապա մեր պետությունը ոչ միայն կարող է, այլեւ պարտավոր է օգտագործել Պողոսյանի եւ նրա նման մարդկանց ունակությունները: Պաշտոնների նշանակել միայն այն մարդկանց, որոնք քայլել կամ վանկարկել են, կլիներ, մեղմ ասած, սխալ կադրային քաղաքականություն:
Եվ եթե էլի խոսենք ողջունելի քայլերի մասին, ապա այդպիսին է, իմ կարծիքով, համաներումը: Որքան լայն եւ ընդգրկուն լինի այն, այնքան լավ: Ներելու ունակությունը բարձրացնում է, պատիվ է բերում թե՛ անհատին, թե՛ պետությանը: Այո, ցանկալի է, որ համաներումը չլինի դատական սխալները կամ ապօրինի որոշումները շտկելու միջոց: Բայց, միեւնույն է, ցանկացած մարդասիրական ակտ մաքրում է, ազնվացնում է հասարակական մթնոլորտը՝ իհարկե, եթե այդ գործողությունն ունի ազնիվ նպատակներ: Հիշենք, որ 1953 թվականին՝ Ստալինի մահվանից հետո, նույնպես մեծ համաներում էր հայտարարվել՝ ազատություն ստացավ ավելի քան մեկ միլիոն մարդ, որոնց թվում շատ էին վտանգավոր հանցագործները (հանուն արդարության ասենք, որ քիչ չէին նաեւ ստալինյան բռնաճնշումների զոհերը): Այդ համաներման արդյունքում ԽՍՀՄ բազմաթիվ բնակավայրերում առաջացավ խիստ լարված իրավիճակ: Բայց, ըստ պատմաբանների, հենց դա՛ էր այն ժամանակվա ներքին գործերի նախարար Լավրենտի Բերիայի նպատակը: Այժմ նպատակը ճիշտ հակառակն է՝ լիցքաթափել իրավիճակը, շրջել անցյալի էջը: Հուսանք, որ այդպես էլ կլինի:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Անցեալ մի քանի օրերի իրադարձութիւնները, Պարոն Փաշինյանի խօսքերուն – թէ ոճային եւ թէ ըստ խորքի – նրբացումը, ընդհանուր մթնոլորտի փոփոխութիւնը, իրօք դրականօրէն գնահատելի նշաններ են: Պահը հանդիսանում է որպէս հիմնական անկիւնադարձ՝ դէպի կառուցողական նոր ու անակընկալ հանգրուան մը: Յուսանք որ այս ողջունելի ընթացքը ժամանակաւոր չի լինելու, որ այս բարեփոխումը, ասենք… մարտավարական չէ:
Ամէն պարագայի, վերոնշեալ անսպասելի հոլովոյթին մէջ վստահաբար դեր ունեցաւ Հայաստանի լուրջ լրագրողների աշխատանքը: