Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայերն ԱՄՆ-ում հաստատվել են Հայոց մեծ եղեռնից հարյուրամյակներ առաջ

Հոկտեմբեր 19,2018 13:30

Օրերս «Նարեկացի» արվեստի միությունում պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը ներկաներին մտովի տեղափոխեց օվկիանոսից այն կողմ՝ Վիրջինիայի, Կալիֆոռնիայի արեւոտ ափեր՝ ներկայացնելով դեռեւս 400 տարի առաջ առաջին հայ մարդու՝ Ամերիկայում հաստատվելու պատմությունը:

Հայկ Դեմոյանի «Հայկական հետքն Ամերիկայում. 400-ամյա ժառանգություն» գիրքը հրատարակվել է «Նուբար եւ Աննա Աֆեյաններ» հիմնադրամի աջակցությամբ՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության կողմից: Մենագրության մեջ զետեղված են արխիվային փաստաթղթեր եւ 2200 հազվագյուտ արժեքավոր լուսանկարներ, որոնք պատկերավոր ներկայացնում են հայկական համայնքի ձեւավորման պատմությունն ու ժառանգությունը, այն օտարազգիների մասին պատմությունը, ովքեր մարդասիրական առաքելություն են իրականացրել՝ փրկելով եւ հնարավորություն ընձեռելով Հայոց ցեղասպանությունը վերապրած հարյուրավոր հայերի: Գրքի շնորհանդեսը կայացել է ԱՄՆ-ի մի շարք նահանգներում: Ուշագրավ է, որ շնորհանդեսի ժամանակ հայտնվել են գրքում զետեղված անհայտ լուսանկարների հերոսների ժառանգները եւ հեղինակին պատմել իրենց նախնիների մասին: Քանի որ գրքի տպագրությունից հետո հայտնաբերվել են նոր նյութեր, Հայկ Դեմոյանը պատրաստվում է նոր տպագրության՝ արդեն իսկ անհայտ համարվող լուսանկարների տակ նշելով նրանց հերոսների անունները:

620 էջանոց անգլերեն, պատկերազարդ աշխատությունում ներկայացվում է, թե ինչպես 400 տարի առաջ` 1618թ., Մարտին անունով (Martin the Armenian) առաջին հայը ժամանում է Վիրջինիա նահանգ՝ ըստ էության ազդարարելով հայ գաղթականների հոսքը դեպի Ամերիկա: ԱՄՆ գաղթած հայերը ուսանողներ էին, արհեստավորներ, առեւտրականներ, հողագործներ, ովքեր եկել էին Ամերիկա գոյատեւելու, հայրենիքում մնացած, շահագործման ու բռնության պայմաններում տառապող իրենց ընտանիքներին օգնելու մեծ հույսով՝ նոր երկիր բերելով իրենց սովորույթները, կենսակերպը, խոհանոցը եւ մտածելակերպը: Շատ փաստաթղթեր վկայում են, որ Մարտինը եղել է պարսկահայ: Նա սկսել է զարգացնել ծխախոտագործությունը, այնուհետեւ մասնակցել ԱՄՆ-ի պատմության մեջ մարդու իրավունքների խախտման դեմ առաջին բողոքի դրսեւորմանը՝ գործադուլին:

«Հայկական հետքն Ամերիկայում. 400-ամյա ժառանգություն» գիրքը ներառում է ՀՀ եւ ԱՄՆ հայկական ինստիտուտների արխիվային նյութեր, որոնցից շատերը ներկայացվում են առաջին անգամ: Գրքի գլուխները եւ նկարազարդումները ներկայացված են ժամանակագրական կարգով՝ ընդգրկելով 1618-ից մինչեւ 1990-ականների սկիզբն ընկած ժամանակահատվածը: Հայկ Դեմոյանը հանդիսատեսին ներկայացրեց բացառիկ մի ցուցանմուշ, որը հայտնաբերվել է Վաշինգտոնում, երբ տրակտորը հողերի մեջ բախվել է մետաղյա վահանակին: Այն Նյու Յորքի հռչակավոր Հինգերորդ պողոտայում բացված Կարագյոզյան եղբայրների գորգագործության գործարան-խանութի ցուցանակն է: Աշխատողը վերցրել է այն եւ հանձնել հնությունների աճուրդով զբաղվող իր բարեկամին: Պատմաբանը խոստացավ, որ այն կներառվի գրքի երկրորդ հրատարակության մեջ: Ճակատագրի բերումով տարագիր հայերն ապրել եւ ապրում են աշխարհի գրեթե բոլոր ծագերում, ստանում օտարալեզու կրթություն, հաճախ դառնում այլոց մշակույթների կրողները: Հայոց պատմության քառուղիներում միշտ էլ եղել են վառ անհատականություններ ու նվիրյալներ, ովքեր իրենց գործունեությամբ լուսավոր հետք են թողել պատմության եւ մշակույթի անդաստանում: Հայերի թողած «ժառանգությունը», հայկական մշակույթի հետքերը տեսանելի են Ամերիկայի գրեթե բոլոր նահանգներում՝ շնորհիվ հայազգի տաղանդաշատ ճարտարապետների, բժիշկների, ինժեներների, դերասանների, կինոգործիչների, մտավորականների, հնարամիտ եւ հաջողակ գործարարների: Հայկ Դեմոյանի «Հայկական հետքն Ամերիկայում. 400-ամյա ժառանգություն» հայ-ամերիկյան համայնքի ամբողջական պատմությունն արտացոլող արժեքավոր աշխատությունը հնարավորություն է ընձեռում նաեւ օտար ափերում ապրող հայորդիներին առավել հանգամանորեն ծանոթանալու իրենց նախնյաց երկրի եւ համաշխարհային քաղաքակրթության մեջ հայերի ուշագրավ ներդրումների մասին պատմությանը:

ՎԱՐԴԻՆԵ ԻՍԱՀԱԿՅԱՆ

«Առավոտ»

18.10.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031