Լրահոս
Օրվա լրահոսը

Տուժողի իրավահաջորդն ու նրա 3-ամյա երեխան տեսել են սպանությունը

Հոկտեմբեր 19,2018 14:30

Աշոտ Բաղդասարյանին մեղադրանք էր առաջադրվել քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ սպանության եւ ապօրինի զենք կրելու համար: Քրեական գործն այդ հոդվածներով էլ ուղարկվել էր Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան: Ըստ մեղադրանքի՝ «Ամբաստանյալը Երեւան քաղաքի Լուկաշին 1-ին փողոցի 36 տան բնակիչ Տիգրան Արշակյանի կողմից հեռախոսազրույցի ընթացքում իր հոր՝ Արմեն Բաղդասարյանի հետ անհարգալից խոսելու հանգամանքը պարզաբանելու նպատակով՝ հորաքրոջ որդու՝ Արման Ենոքյանի հետ 2016 թվականի նոյեմբերի 20-ին, ժամը 17.00-ի սահմաններում, գնացել է Տիգրան Արշակյանի բնակության վայր՝ իրեն պատկանող «Հոնդա Սոնատա» մակնիշի ավտոմեքենայով: Մեքենան կանգնեցրել է Լուկաշին փողոցի 29 տան դիմաց:

Պարզաբանումներ կատարելու նպատակով հեռախոսազանգով դուրս է հրավիրել Տիգրան Արշակյանին, որից հետո, նշված հասցեի դիմաց՝ փողոցում, վիճաբանության մեջ է մտել Տիգրան Արշակյանի, եւ վերջինիս հետ տնից դուրս եկած եղբոր՝ Տարոն Արշակյանի հետ, որի ընթացքում բռունցքով մեկ անգամ հարվածել է Տիգրան Արշակյանի դեմքին, այնուհետեւ, որդուն՝ Տիգրանին հանցավոր ոտնձգությունից պաշտպանելու համար սույն գործով տուժող Սամվել Արշակյանի կողմից վիճաբանությանը միջամտելուց եւ Աշոտ Բաղդասարյանի առողջությանը թեթեւ վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածքներ պատճառելուց հետո, Աշոտ Բաղդասարյանը մոտեցել է իրեն պատկանող «Հոնդա Սոնատա» ավտոմեքենային, հետեւի ձախ կողմից վերցրել է իր ավտոմեքենայում ապօրինի պահվող 1913 թվականի գործարանային արտադրության 7,62 մմ տրամաչափի «Նագան» տեսակի «16623» համարի թմբուկավոր ատրճանակը, որի բռնակով մեկ անգամ հարվածել է Սամվել Արշակյանի գլխին, պատճառելով ձախ քունքա-գագաթա-ծոծրակային շրջանում սալջարդ վերքի եւ ենթամաշկային արյունազեղման ձեւով արտահայտված թեթեւ աստիճանի մարմնական վնասվածք, որից հետո Սամվել Արշակյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ երեք անգամ կրակել է վերջինիս կրծքավանդակի, ձախ զստային շրջանի, ձախ ազդրի հատվածներին, պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր աստիճանի մարմնական վնասվածքներ,…ինչի հետեւանքով առաջացած արյան սուր կորստից Սամվել Արշակյանը մահացել է»:

Դատարանն այս տարվա մայիսի 23-ին վճռել է. «Ամբաստանյալ Աշոտ Բաղդասարյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքներում եւ դատապարտել. ՀՀ քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով՝ ազատազրկման 2 տարի 6 ամիս ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ ազատազրկման 2 տարի 6 ամիս ժամկետով:

ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված` պատիժների լրիվ գումարման սկզբունքի կիրառմամբ, ամբաստանյալ Աշոտ Բաղդասարյանի նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում` 5 տարի ժամկետով, որը պետք է կրի ՀՀ արդարադատության նախարարության համապատասխան քրեակատարողական հիմնարկում՝ պատժի սկիզբը հաշվելով 2016 թվականի նոյեմբերի 22-ից»:
Այսինքն՝ Ա. Բաղդասարյանը դատապարտվել է անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցման եւ ապօրինի զենք կրելու համար:

«Առավոտին» դիմած տուժողի դուստրը՝ իրավահաջորդ Անի Արշակյանը, երեկ տեղեկացրեց, որ բողոք է բերել վերաքննիչ դատարան: Անին այս գործով եղել է ականատես վկա, նա իր եղբայրների եւ 3-ամյա երեխայի հետ ականատես է եղել հոր սպանությանը: Պապն այդ ժամանակ թոռան հետ գնդակով խաղալիս է եղել:

Տուժողի իրավահաջորդի ասելով՝ դատարանի իրավական գնահատականը կապված իր ցուցմունքների հետ՝ անհիմն է: Մասնավորապես, ըստ դատարանի. «Այսպիսով, վերլուծելով վկա Անի Արշակյանի ցուցմունքները, համադրելով դրանք քրեական գործի դատական քննությամբ ձեռք բերված ապացույցների հետ, գնահատելով դրանք վերաբերելիության, թույլատրելիության տեսանկյունից, իրենց համակցության մեջ, դրանց բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննության վրա հիմնված ներքին համոզմամբ, դատարանը գտնում է, որ վկա Անի Արշակյանի ցուցմունքներն իրականությանը չեն համապատասխանում, արժանահավատ չեն, հոր գործողությունները թաքցնելու նպատակ են հետապնդում, հերքվում են ամբաստանյալ Աշոտ Բաղդասարյանի, վկա Արման Ենոքյանի ցուցմունքներով, որոնց ճշմարտացիությունը կասկած չի հարուցում»: Անին ասում է. «Ակնհայտ է, որ հայրս դիտավորյալ սպանության զոհ է դարձել Աշոտ Բաղդասարյանի կողմից, որ վերջինիս գործողությունները ուղղված են եղել ոչ միայն հորս, այլ եղբորս՝ Տիգրանի նկատմամբ եւ այդ ամենը կատարվել է մեր բոլորի աչքերի առաջ, այդ թվում իմ մանկահասակ երեխայի առջեւ, ով պապիկի հետ գնդակ էր խաղում»: Տուժողի դուստրն ասում է, որ առաջին ատյանի դատարանը հաշվի չի առել այն, որ ամբաստանյալն ու նրա հորաքրոջ որդին իրենց նախաձեռնությամբ են եկել պարզաբանումներ անելու, մարդ սպանելու, ամբաստանյալը եկել է զինված, զենքը հանել է հանրության՝ մարդկանց ներկայությամբ, իսկ իր հայրն անզեն է եղել, առանց որեւէ իրի: Բացի այդ, ամբաստանյալն ու նրա հարազատը տուժողի հոր նկատմամբ ունեին ֆիզիկական առավելություն:
Տուժողի իրավահաջորդն ասում է, որ իր եղբայրներն առաջին ատյանի դատարանում չեն հարցաքննվել եւ որ «նախաքննության եւ դատաքննության ժամանակ ամբաստանյալի ընտանիքը, օգտվելով իմ անօգնական, միայնակ վիճակից, մշտապես ճնշումներ է գործադրել իմ նկատմամբ, ինչը բարձրաձայնելու հնարավորություն չեմ ունեցել»:

Բողոքաբեր կողմը վերաքննիչ դատարանի ուշադրությունն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ առաջին ատյանի դատարանն արժանահավատ է համարել ամբաստանյալի ցուցմունքը, մինչդեռ ամբաստանյալը վարույթ իրականացնող մարմնին ներկայացել է սպանությունից երկու օր հետո, եւ իրհարկե, օգտվելով իր իրավունքներից, ցուցմունք տալուց հրաժարվել է:
Անին նախաքննության մարմնին խնդրել է վատ զգալու պատճառով առերեսում չանել ամբաստանյալի հետ, իսկ վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացնում նրան բերման ենթարկելու մասին:
«Իմ հորս սպանել է Աշոտ Բաղդասարյանը: Նա չի լսել ոչ իմ հորդորները, ոչ գոռոցները, ոչ խնդրանքները: Իսկ երբ սպանեց հորս, երբ արդեն հեռանում էր, կրակեց օդ եւ հեռացավ»,-իր բողոքում նկարագրում է Անին:

Նա վերաքննիչ դատարանի ուշադրությունն է հրավիրում ապացույցների վրա. «Եթե հորս ձեռքին իր է եղել, կամ ինչ-որ առարկա, ինչու որեւէ վկա դա չի տեսել, ինչ է եղել դեպքից հետո»:
Մեղադրանքի վերաորակման հետ տուժողի դուստրը համաձայն չէ: Ըստ նրա, դատավճռից այնպես է հասկացվում, թե «իբր հայրս, նույնիսկ տեսնելով ատրճանակը, ինչ-որ իրով հարվածներ է հասցնում ամբաստանյալին, ինչից, սակայն, վերջինս որեւէ լուրջ վնասվածք, բացի ճանկռտվածքից եւ քերծվածքից, չի ստանում»: Անի Արշակյանը խնդրել էր դատարանից, որ բողոքը քննվի վերաքննության կարգով, եւ որ ինքը հնարավորություն ստանա ցուցմունք տալ, դատարանը դատակոչի նաեւ եղբայրներին, որոնք կարեւոր տեղեկություններ կարող են հայտնել: Նա պահանջում է բեկանել դատավճիռը եւ դիտավորյալ սպանության հիմքով նշանակել խիստ պատիժ կամ գործն ուղարկել նոր քննության՝ նույն դատարան այլ կազմով:

Ի դեպ, ամբաստանյալ Աշոտ Բաղդասարյանը դատարանում ապօրինի կերպով զենք կրելու համար իրեն մեղավոր է ճանաչել, իսկ սպանության համար՝ ոչ: Նա հայտնել է, թե Սամվել Արշակյանին սպանելու նպատակ չի ունեցել, եթե ցանկանար նրան սպանել՝ օդ չէր կրակի, այլ անմիջապես կկրակեր նրա գլխին:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Հ.Գ.-Այս գործով դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո, նախաքննության մարմնի որոշումներով իրեղեն ապացույց ճանաչված` 7,62մմ տրամաչափի «Նագան» տեսակի, «16623» համարի թմբուկավոր ատրճանակը կհանձնվի ՀՀ ոստիկանության տնօրինմանը, իսկ արյան նմուշները եւ կրակված գնդակն ու պարկուճը՝ կոչնչացվի:

«Առավոտ»

18.10.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031