«Թատերական Լոռի» 24-րդ փառատոնի շրջանակներում Աբելյանի անվան թատրոնում ներկայացվեց մոսկովյան հՏոօՑՌպ թատրոնի «Ստրիպտիզ» ներկայացումը։ Աբսուրդիստական դրամայի վերնագիրը հանդիսատեսին կարծես ինչ-որ բան էր հուշում, երաժշտական եւ լուսային ձեւավորումը հանդիսատեսին նախապատրաստում էր կատարվելիք գործողություններին։
Վարագույրը բացվում է. բեմի կենտրոնում միայն կախված պարան կա, իսկ խորքում՝ աստիճանաբար վեր բարձրացող երեք հարթակ։ Երաժշտության հնչյունների հետ բեմում ինչ-որ ճամպրուկ հրելով հայտնվում է Կինը (Քրիստինա Սավինա), ապա մյուս կուլիսից՝ Տղամարդը (Անդրեյ Սաշչենկո), որ նույնպես ճամպրուկի հետ կռիվ տալով, հրելով, Կնոջ հետ զուգահեռ հասնում է մի կետի։ Նրանք տարբեր հոգեվիճակների մեջ են: Նախ տղամարդն է խոսում. մենախոսում է, սակայն այս «մենախոսությունն» ընթանում է երկխոսության ձեւով՝ մեկընդմեջ կինն է շարունակում տղամարդու խոսքը։ Տղամարդն այս ընթացքը հասկանում է իր տեքստի մի քանի ընդհատումից հետո միայն:
Պիեսը հոգեբանական աբսուրդ է։ Երկու անձ հայտնվել են նույն տեղում, ամեն մեկի ձեռքում մի ճամպրուկ։ Գործողության ընթացքում ենք տեսնում, թե ինչ կա այդ ճամպրուկներում։ Տղամարդու մոտ տարբեր առարկաներ են. շշով ջուր, բաժակներ, թերթեր: Իսկ ահա Կնոջ ճամպրուկում, որը խնամքով եւ ապահով փակված, եւ վրայից էլ ամուր պարանով կապված էր, փուչիկներ են։ Կինը սկսում է հանել այս փուչիկները ժպիտով, ջերմությամբ, անգամ կարելի է նկատել նրա զրույցը փուչիկների հետ։ Ի՞նչ են դրանք. նրա երազանքնե՞րը, մանկությո՞ւնը, հուշե՞րը, հաջողություննե՞րը…Սա մնում է հանդիսատեսի ընկալմանը։ Փուչիկները ցուցադրելուց եւ խաղացնելուց հետո, կինն այն նորից խնամքով դնում է ճամպրուկի մեջ եւ փակում։ Երբ Կինը կենտրոնանում է ճամպրուկի կամ դրա պարունակության վրա, նա լույսի առանձին շիթով շրջանակի մեջ է հայտնվում, մնացյալը պատվում է մթությամբ, եւ մենք կարողանում ենք ուսումնասիրել նրա հոգեվիճակը։
Այն տեղը, ուր հայտնվեցին անծանոթները, անուն չունի, սա նորից մնում է հանդիսատեսի երեւակայությանը։ Կերպարներն իրենք էլ չգիտեն, թե որտեղ են, նրանք անվերջ կրկնում են. «Ես պարզապես գնում էի ճանապարհով…» եւ շարունակությունը չգիտեն, թե ինչ պատահեց հետո եւ որտեղ հայտնվեցին իրենք։ Այս կերպարի միջոցով մենք տեսնում ենք մարդկային տեսակներից երկուսին. մեկն, ով բավարարվում է նրանով, ինչ ունի եւ մշտապես գտնվում է հոգեկան հանգստության եւ բավարարվածության մեջ (ինչպես կերպարն է ասում եւ հաստատում բազմիցս) եւ մյուսը՝ Կինը, ով անընդհատ ելքեր է փնտրում, ճանապարհներ է որոնում, փորձում է հարցերի պատասխանները ստանալ։ Երբ նա որոշում է հեռանալ, փորձել դուրս գալ այդ տարածքից եւ ճամպրուկով հասնում է աստիճաններին, անմիջապես ամպրոպի պես պայթյուն է լսվում։ Բեմը մթնում է, սրտազարկի պես կարմիր լույսը միանում-անջատվում է՝ աստիճանաբար մարելով եւ մի քանի վայրկյանից լուսավորվում է ետնաբեմից դեպի աստիճանները բերող ճանապարհը։ Այստեղ ռեժիսորը (Շահեն Իսմաիլյան) եռանկյունաձեւ բացվածք է թողել, որի միջոցով հայտնվելու է երրորդ գործող անձը։ Ի՞նչ է այս եռանկյունին։ Գործող երեք անձե՞րն են, թե՞…
Ներկայացման երրորդ կերպարը (դերասանուհի Վալերիա Կաշենկովա) հայտնվում է այն ժամանակ, երբ Կինը ելք փնտրելով սկսում է կոշիկով հարվածել գետնին, սպասելով որեւէ արձագանքի։ Պատասխանը երկար սպասել չի տալիս։ Թանձր ծխի եւ կիսամթի միջից հայտնվում է քողարկված երրորդ գործող անձը։ Ներկայանում է համր, առանց որեւէ տեքստի, բայց հենց նա է տնօրինում այս երկուսի կյանքը։ Հայտնվում է, որովհետեւ Կինը համարձակվել էր հեռանա՞լ, թե՞, այնուամենայնիվ, նրա գալու ժամանակն էր արդեն։ Տղամարդը վիճում է կնոջ հետ, մեղադրում նրան, կարծելով, որ երրորդ կերպարը հայտնվել է կնոջ ստեղծած աղմուկի պատճառով։
Երրորդ կերպարին թերեւս կոչենք «Անհայտ»։ Անհայտը պարզում է ձեռքը դեպի Կինը: Լույսով եւ ձեռնոցի միջոցով ընդգծված է Կնոջն ուղղված ցուցամատը: Կինը սկսում է մենախոսություն, դիմելով նրան, ապա նույնը կրկնում է Տղամարդը։ Նրանց մենախոսությունները հանդիսատեսի ականջին դառնում են երկխոսություն անհայտի հետ։ Կնոջ եւ Տղամարդու հոգեվիճակի ու յուրաքանչյուր պատասխանի մեջ դու լսում ես երրորդի հարցը, նրանց զուգահեռ քմծիծաղում ես դիմացինի պահանջի վրա։ Վախեցած տղամարդն անընդհատ մեղադրում է կնոջը եւ փորձում ապացուցել, որ ինքը ոչինչ չի արել, չի փորձել ընտրություն կատարել: Այս տեսարաններում տեսանելի է ռեժիսորի եւ դերասանների ճիշտ աշխատանքը։ Դիմախաղի, ձայնի երանգների, ներքին սարսափի եւ ստեղծված դրության շնորհիվ է հանդիսատեսը ստանում զգացմունքային ազդակներ։
Առաջին անգամ Անհայտը պահանջեց կոշիկները հանել, ինչպես նաեւ տղամարդու տաբատակալը (տՏՊՑÿՋՍՌ), իսկ Տղամարդու հարցին, թե ինչո՞ւ, Կինը ծաղրելով պատասխանեց. «Որ չկախվենք»։ Հետաքրքիր է, որ բեմադրողն այս ներկայացման մեջ կոմիկական փոքրիկ տեսարաններ էր ստեղծել։ Երբ նրանք մնում են առանց կոշիկների, Տղամարդը ոտքերը պարզած դեպի հանդիսասրահ՝ հմայվում է իր գուլպաներով, հատկապես՝ որ դրանք ծակ չեն եւ ուրախանում է, իսկ հանդիսատեսը լիաթոք ծիծաղում է գուլպաների ոտնատակի անցքերի վրա։ Անգամ կոմիկական այս տեսարանում երեւում է կերպարի գոհությունն իր վիճակից, անկախ նրանից, թե ինչպիսի կարգավիճակում է գտնվում։ Անդրեյ Ռոսչենկոն իր դիմախաղի, պլաստիկայի եւ ձայնի միջոցով հասնում է նրան, որ հանդիսատեսը երանի տա նրան այդ կարգավիճակում: Նա հրաշալիորեն իրեն վստահ է զգում այդտեղ փակված լինելով եւ հայտնում, որ ոչինչ չանելը, միայն սպասելը եւս ազատ ընտրություն է. ներքին ազատության: Իսկ Կնոջ համար այդ ներքին ազատություն կոչվածը հորինվածք է:
Անհայտի պահանջները գնալով խստանում են։ Նա պահանջում է Կնոջից նախ բաճկոնը, ապա կիսաշրջազգեստը, վերնաշապիկը եւ հասնում ներքնաշորին։ Ողջ ընթացքում Կինը փորձում է ընդդիմանալ, համոզել, չհանձնվել, բայց տեսնելով, որ տարբերակ չկա, ի վերջո շրջվում է դեպի Տղամարդը, հրամայում նրան շրջվել, բարկացած մերկանում է եւ դեպի պահանջատերը նետում ներքնաշորը։ Կնոջ աստիճանական մերկացմանը զուգընթաց Տղամարդն ասես նախապատրաստվում է, որ իրենից էլ են զգեստ պահանջելու եւ շատ դանդաղ, առանց խանգարելու կնոջ խաղը, հանում է իր բաճկոնն ու ճմռթում ձեռքերի մեջ։ Այս շարժման մեջ զգացվում է նրա վախն Անհայտից եւ կռիվը Կնոջ հետ։ Երբ վերջինս մերկանում է, Անհայտը նրան կարմիր զգեստ է նետում, ինչը Կինն օդից արագ որսում է եւ ընկնելով գետնին՝ ծածկում իր մերկությունը։ Աստիճանաբար մերկանալու եւ կարմիրով զգեստավորվելու միջով է անցնում նաեւ տղամարդը:
Բեմում կնոջ եւ տղամարդու մերկություն է, բայց հանդիսատեսը չի սպասում մարմնի որեւէ մաս տեսնելուն, նրա միտքը զարգացող ընթացքի եւ դերասանի հոգեվիճակի մեջ է։ Այստեղ նորից տեսնում ենք բնավորության բախումներ, երկու ծայրահեղություն, որոնց միացնում է երրորդը, պարանի ամեն մի ծայրի օղակը գցելով մեկի պարանոցը։ Երկու դերակատարն էլ մի պահ քարանում են։ Նրանք մեկը դարձան։ Յուրաքանչյուրի քայլը որոշիչ է երկուսի համար եւ նրանք սկսում են խնայել մեկը մյուսին, թեպետ մի քանի րոպե առաջ թավալ էին գալիս եւ փորձում խեղդել մեկմեկու:
Անհայտը փակում է երկուսի աչքերը եւ նրանք ձեռք ձեռքի բռնած, միմյանց հուշելով, որ պետք է քայլեն միայն ուղիղ գալիս, հասնում են բեմի կենտրոնով վերից կախված պարանին: Այստեղ այս երկուսը հիշում են ճամպրուկների մասին, սակայն չեն տրվում դրանք վերցնելու մտքին, իջնում են հանդիսասրահ ու հեռանում:
Ներկայացման ընթացքում փորձում ես վերլուծել, թե որն է քեզ ավելի հոգեհարազատ. գործե՞լը, թե՞ անգործությունը: Փորձում ես տեսնել այն կետը, որտեղ կհայտնվես այս կամ այն որոշման արդյունքում։ Ի վերջո, ականատեսն ես լինում, թե ինչպես է փակ տարածության մեջ հոգին մերկապար պարում՝ պոկվելով սեփական մարմնից, ինչպես այն չի ուզում հանձնվել եւ հաշտվել իրականության հետ։
Աբսուրդիստական ժա՞նր էր։ Ո՞չ բոլորի համար։ Գուցե…
ԱՆԻ ԳԵՎՈՐԳՅԱՆ
«Առավոտ»
18.10.2018