(Կարո Մելիքսեթյանի 80-ամյակի առթիվ)
Դու գրիր միայն երգեր պայծառ,
Ազնիվ, թրթռուն ու սրտահույզ,
Որ թեկո՜ւզ դարեր անցնեն, դարձյալ
Նրանցից մի բառ չթողնեն դուրս:
Այս քառատողով կարող էր բացվել Կարո Մելիքսեթյանի «Արևի տակ մահ չկա» բանաստեղծությունների, իսկապես, պայծառ ու լուսավոր ժողովածուն, սակայն նրանով ոչ թե բացվում, այլ ամփոփվում է այն: Իմ այս միտքն օդում կախված մնալ չի կարող, որովհետև բացատրություն է պահանջում: Իսկ բացատրությունն այսպիսին է. Եթե այն դրվեր ժողովածուի սկզբում, իրար հերթագայող բանաստեղծությունները գերազանցելով մեկը մյուսին, կխոսեին պայծառ երգեր գրելու վերաբերյալ բանաստեղծի դավանանքի մասին: Սակայն, վերոհիշյալ քառյակը, որով ամփոփվում է գիրքը, մի տեսակ դուրս է գալիս Կարո Մելիքսեթյանի ստեղծագործական դավանանքի անձնականության շրջանակներից, դառնալով հորդոր, խնդրանք, հանձնարարություն, ինչու չէ, նաև՝ պարտադիր պայման նրանց համար, ովքեր մտնում են պոեզիայի սահմաններից ներս՝ իրենց ասելիքն այնտեղ թողնելու համար:
«Հին հայրենիք», «Հայոց երգը», «Վանա լիճ», «Եթե ուզում ես», և մնացած բոլորը, որոնք ամփոփված են «Արևի տակ մահ չկա» ժողովածուում, խոսում են նույն այդ վերնագրի իմաստի ճշմարիտ լինելու մասին: Կարո Մելիքսեթյանը գտել է արևը՝ որպես հավերժության ուղեկից, և նույն արևային շողերով պատել իր տողերի ֆոնը: Նրա թախիծը, ծանր ապրումը, անհանգստությունը և նման բոլոր դառնությունները արևային ֆոնին դաջված կուռ ու հատու ասելիքներ են, ուստի ընթերցողին չի լքում արևից բխող լույսի զգացողությունը:
Ահա Կարո Մելիքսեթյանի իմացած հայրենիքը, որի մասին խոսելու համար նա ետ է տանում իր սրտի վրա նստած «ծանր ժայռերը» և նախշազարդ գորգի նման ու գեղագիտական խորիմաստ պատկերներով մեր առջև բացում մի պահից դեպի հաջորդ պահին անցումը.
Լույսի վրա լույս է բացվում,
Լույսի վրա՝ Ալվան ծաղիկ,
Ծաղկի վրա՝ ցողոտ աստղեր,
Աստղին՝ աստղից հին Հայրենիք:
Հայրենիքի վր՝ մի սիրտ,
Սրտի վրա՝ ծանր ժայռեր,
Ժայռին՝ խաչքար ու խաչքարին՝
Տաք քարաքոս ու աղոթքներ:
Կարո Մելիքսեթյանի համար հայրենիքն այն է, որ կարող է փոխանցվել «Աստղին՝ աստղից», այսինքն՝ շարունակվել: Ուստի, նոր Հայրենիքը լույսին փոխանցված հինն է:
Լույսի վրա լույս է բացվում,
Լույսի վրա՝ Ալվան ծաղիկ,
Ծաղկի վրա՝ ցողոտ աստղեր,
Աստղին՝ աստղից հին Հայրենիք:
Հայոց հայրենի երկիրը, հայոց տառը, երգն ու բառը Կարո Մելիքսեթյանի պոեզիայում հեռու են ողբից ու լացից: Դրանք Տիեզերքի հետ համամասնություններ կազմող ընկալումներ են՝ բանաստեղծի համար: Այս պարագայում շատ սիրելի ու առինքնող է բանաստեղծի անկեղծությունը, որովհետև այն շատ հեռու է շինծու ազդեցիկությունից.
Հայոց երգը, լավ ականջ դիր,
Ոչ թե երգ է ողբ ու լացի,
Այլ երգ է վեհ հպարտության՝
Սիրո, Հույսի ու խոր Թախծի:
Հայոց երգը խորախորհուրդ
Տիեզերքի տարիքն ունի,
Իսկ Տիեզերքն, ականջ արեք,
Հայոց երգի կարիքն ունի:
Արևային լույսով ողողված տեսադաշտը Կարո Մելիքսեթյանի համար միայն հայրենիքով չի սահմանափակվում: Ընդհանրապես, կյանքը շիտակ ու շքեղ, գեղեցիկ ու լուսավոր պահերի մեջ ընկալելու վարպետ է բանաստեղծը: «Կյանքն ինչ է՝ մի մեծ Կիրակի, լցված սեր ու գինով…» տողերն ստիպում են քեզ հեռացնել սրտիդ մռայլությունն ու գնալ դեպի Արևելքի ինքնամոռաց վայելքների գիրկը: Մանավանդ, երբ շարունակում ենք կարդալ նման մտքերով լի բանաստեղծությունները.
Յարս սիրո պասի մեջ է, պասի մեջ,
Վարդի նման՝ բացված ոսկե վազի մեջ,
Իրենով լի սիրտն իմ ինչքան էլ վառի,
Իր պատկերն եմ տեսնում գինու թասի մեջ:
Քեֆի գնանք հին Դալմայի բաղերում,
Մեզ քամուն տանք սիրո հրաշք խաղերում,
Աշխարհից ով ինչ տարավ, որ մենք տանենք,
Եկ անցկացնենք օրն այս շող ու շաղերում:
Վաղուց ուսումնասիրված է արևելյան պոեզիայի ավանդույթների հատվածը, որտեղ իրենց նշանակալից տեղերում են ինքնամոռաց վիճակների գովերգումը, սերն ու գինին: Ինչ տեղ են գրավում Կարո Մելիքսեթյանի այս թեմաներով գրած չնաշխարհիկ բանաստեղծությունները այդ շարքում: Դրա պատասխանը գտնում ենք հենց իր՝ բանաստեղծի տողերում.
Աշխարհում սիրո ոչ մի շքեղ վարդ
Ես ոչ հարգել եմ, ոչ էլ ճանաչել,
Եթե այն անլուր տառապանքներից,
Արցունքներից ու ցավից չի աճել:
Սե՜ր, մեզ տալիս ես վիշտ ու հիացում,
Թրթիռներ հուսո, լույս ու ցավերի,
Որ կարողանանք դիմանալ նրան՝
Հրդեհների մեջ ու արցունքների:
Եվ այսպես, Կարո Մելիքսեթյանի արևելյան ոճի մեջ հիասքանչ բանաստեղծություններում զուտ վայելքի հրավեր չէ, այլ ավելի հեռուն գնացող իմաստային իր շարունակությունն ունի: Դա տառապանքից ծնված ծաղկի ընկալումը, ճանաչումը և ընդունումն է:
Եթե ինքնամոռաց վիճակ, ապա միայն մանկության հիշողություններով լի ծննդավայրում: Ահա, թե այդ առումով ինչ ապրումներ կարող է իրեն թույլ տալ ազնիվ զգացումներով թաթախված բանաստեղծը, երբ ծննդավայրում է.
…Չկա երկինք, չկա երկիր,
Անցյալ, ներկա, հուշեր անդարձ:
Կարծես, նրանք ոչ եղել են,
Ոչ էլ՝ ցնդել անվերադարձ:
Անցյալ, Ներկա ու Ապագա,
Ասես, կյանքում չեն էլ եղել,
Սոսկ դիվահար ինչ-որ մեկն է
Նրանց տեղերը փոխընդփոխել:
Իսկապես, արևի տակ մահ չկա: Չէ որ, Լույսը մահվան թշնամին է: Պայծառ լույսի զորության զգացողությունից ծնված այս պոեզիան հուսադրող է՝ անհույս օրերի մեջ, և կյանքին դիմակայելու ուժ է հաղորդում:
Կարո Մելիքսեթյանի «Դու գրիր միայն երգեր պայծառ…» պատգամը, թերևս պոետներին է ուղղված, իսկ մեզ՝ բոլորիս համար յուրաքանչյուր օրվա խորհուրդ պարունակող նրա այս տողերում իմաստունի խոսք է.
…Պիտի մի կեսդ պահես հողում,
Իսկ մյուս կեսդ՝ աստղերի մեջ:
Ֆելիքս Բախչինյան
«Առավոտ»
18.10.2018
Ֆելիքս Բախչինյանն այս հոդվածով հմտորեն մեկնաբանել է արևի տակ մահը բացառող, ժայռի խաչքարը և խաչքարի տաք քարաքոսը կարոտող բանաստեղծի հուզական ու խոհական ինքնատիպ աշխարհը:
Հիշեցնեմ նաև Կարո Մելիքսեթյանի «Հայի անուն» բանաստեղծությունից մի հրաշալի հատված, որով նա կրտսեր սերնդին իր կարևոր պատգամն է հաղորդում:
Ամեն մի հայ թե անունն իր
Պահի հավերժ ու անաղարտ,
Նա դրանով իր լեռներին
Կավելացնի նոր Արարատ…
Եթե հայը իր մեծ ազգի
Սուրբ անունը բարձր պահի,
Այդ անունն էլ կօգնի, տղա՛ս,
Որ հայ ազգը գոյատևի: