Այսօր Գյումրու «Երկխոսության մեդիա կենտրոնում» հյուրընկալվել էին ՀՀ «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի մի քանի աշխատակիցներ՝ ականից տուժած անձանց գծով ավագ մասնագետ Գայանե Սիմոնյանը, իրավաբանական բաժնի պետ Էդուարդ Ղուկասյանը և ականի վտանգի իրազեկման և տուժածների աջակցության բաժնի մասնագետ Գյուլանա Ֆերաքյանը։
Կենտրոնը ստեղծվել է 2011 թվականին ՀՀ կառավարության որոշմամբ, իսկ 2014 թվականին կառավարության որոշմամբ ճանաչվել է որպես ազգային մարմին։ Կենտրոնի գործառույթները հակաականային գործողություների իրականացումն է՝ հումանիտար ականազերծումը, ականից տուժած անձանց աջակցությունը, ականային վտանգի իրազեկումը, ականների, չպայթած զինամթերքի ոչնչացումը և քարոզչությունը։
Գայանե Սիմոնյանը տեղեկացրեց, որ իրենք պատրաստվում են իրազեկման աշխատանքներ կատարել Վահրամաբերդի բնակիչների հետ, որտեղ ականի պայթյունի հետևանքով քաղաքացիական մահվան դեպք գրանցվեց․ երկու անչափահաս տղաներ մահացան արոտավայրում գտնվող ծնողներից մեկի մոտ գնալու ճանապարհին։
«Հայաստանի Հանրապետության չորս մարզեր՝ Սյունիքը, Տավուշը, Գեղարքունիքը, Վայոց Ձորը աղտոտված են ականներով ու չպայթած զինամթերքով, ընդհանուր առմամբ կա 17 միլիոն 700 քառակուսի մետր աղտոտված տարածք ողջ հանրապետությունով, որտեղ կա 121 վտանգված տարածքներ, բայց վերջին դեպքերը քաղաքացիական մահվան եղել է Շիրակում։ Դա եղել է 2013 թվականի ապրիլի 4-ին Վահրամաբերդ համայնքում, 11-12 տարեկան երեխաներ են զոհվել»,- ասաց Գայանե Սիմոնյանը։
Նա ասաց, որ անցած տարի իրենք այցելել են Վահրամաբերդ ու ՆԶՊ առարկա չանցնող երեխաների հետ ականային վտանգի իրազեկման դասընթաց են անցկացրել, բավական մատչելի, նույնիսկ խաղերի միջոցով բացատրել են, թե որոնք են վտանգավոր առարկաները և ի՞նչ պետք է անեն, թե հայտնվեն այդ առարկաների մոտակայքում։
«Շիրակում կա այս խնդիրը, որովհետև այստեղ կա ռազմաբազա, որի հարակից տարածքներում կան վեց գյուղեր՝ կոնկրետ անմիջական հարևանությամբ ու որտեղ որ արոտավայրեր կան, ու որտեղ որ շատ հնարավոր է երեխաները նախորդ դեպքի նման գնան, այցելեն իրենց ծնողներին, որոնք որ աշխատում են հանդում, փորձեն օգնել իրենց ընտանիքներին գյուղատնտեսական աշխատանքներում ու հանկարծ հանդիպեն նման առարկաների։ Մենք որոշեցինք անցկացնել ականային վտանգի իրազեկման դասընթացներ այդ դպրոցի աշակերտների համար և կան համաձայնություններ ձեռք բերված Ռուսաստանի Դաշնության հետ, որ մեր դասընթացների մեջ ներգրավված լինեն նաև նրանց կողմից ներկայացուցիչներ, և մենք միասին կանցկացնենք այդ դասընթացները», -տեղեկացրեց Գայանե Սիմոնյանը։
Բանախոսն ասաց, որ Շիրակի մարզի վտանգված համայնքների բնակիչների հետ աշխատանք պետք է ծավալեն, հավաքագրեն ականից տուժած անձանց տվյալներ։ Իրենք մոտ 700-ից անձանց տվյալներ ունեն, որոնք տուժել են։ Նրանք տուժել են արցախյան պատերազմի, ապրիլյան դեպքերի ժամանակ, նաև այս ընթացքում, տուժածների մեջ կան և՛ խաղաղ բնակիչներ, և՛ զինվորականներ։
Իրավաբանական բաժնի պետ Էդուարդ Ղուկասյանն էլ ասաց, որ Հայաստանում ականազերծման աշխատանքները լիարժեք անելու համար անհրաժեշտ է մի քանի միլիոն դոլար, որն այս պահին իրատեսական չէ, բայց հնարավորություն սահմաններում իրականացվում են։
Ականից տուժած անձանց գծով ավագ մասնագետ Գայանե Սիմոնյանը նաև նշեց, որ Վահրամաբերում նախ պետք է բարձրացնել մարդկանց իրազեկվածության մակարդակը, մարդիկ պետք հասկանան, որ եթե անգամ իրենց անասուններն են անցնում վտանգավոր տարածքով, չպիտի հետևից գնան։ Իսկ հետագայում, ըստ բանախոսի, ռուսական կողմի հետո որոշակի պայմանավորվածություն ձեռք կբերեն, թե ինչ է արվելու։
«Մեր գործի ընթացքում բախվում ենք նման իրավիճակների, օրինակ՝ Տավուշի մարզում, Բաղանիս գյուղում 2015 թվականին գետի մոտ դեպք եղավ, այդ տարածքն անգամ նշագրված էր, այդ նշագրումները միջազգային չափորոշիչներով ժապավեններ են դեղին գույնի, որ մենք ինքներս իրականացրել ենք, հայերեն և անգլերեն գրված է՝ «Զգույշ, ականներ են», կամ կարմիր ցուցանակներ են գանգի տեսքով և գրված է «Կանգնի՛, ականներ են»։ Եվ մարդիկ, անսալով անգամ այս զգուշացումը, որ դա վտանգավոր է, մեկ է իրենք մտել էին ավազ տանելու համար ինչ-որ շինարարության, և երկու տղամարդ զրկվել էին ոտքից։ Այսինքն` գիտակցական խնդիր կա այստեղ, ընկալման, որ մենք հասկանանք, որ այո, իհարկե, կա հանապազօրյա հացի խնդիր, կա ընտանիք պահելու խնդիր, բայց կա ավելի մեծ խնդիր, որը կյանքն է»,- ասաց Գայանե Սիմոնյանը։
Նա նաև պատմեց, որ Պառավաքարում այցելել են դեռ 2003 թվականին ականից տուժած մի մարդու, նա այժմ մահացած է, որի կովերը անցել էին վտանգավոր տարածքով, որտեղ, սակայն, ցուցանակ էր փակցված ու նախազգուշացված էր։ Երբ հարցրել են, թե ինչու անցաք՝ ցուցանակը տեսնելով, նա պատասխանել է ․ «Բա դա իմ ընտանիքի ապրուստն է»։ Վերջինս միանգամից երեք ականի վրա պայթել էր՝ կորցնելով մի աչքը, երկու ոտքը։
«Մենք ունեցել ենք դեպք, որը տեղ է ունեցել այս տարի, երբ ամուսիններով, նաև հարևանի ամուսինը, իմացել են, որ այդ տարածքն ականապատ է, գյուղացիները, որոնք որ ապրում են հարակից տարածքում, իրենք շատ լավ գիտեն, բայց կանաչի հավաքելու նպատակով գնացել են, կինը պայթել էր ականի վրա, ամուսինը մոտեցել էր, պայթել էր ականի վրա, հարևանի ամուսինը մոտեցել է, պայթել էր ականի վրա։ Իսկ երբ որ մենք երեխաներին սովորեցնում ենք ու համայնքում խոսում ենք դրա մասին, ծայրահեղ դեպք է,բայց որպես օրինակ մեջբերում ենք, ասում ենք՝ այնպես է ստացվել, որ դուք ընկերներով գնացել եք ու Աստված մի արասցե քո ընկերը հենց հիմա պայթել է ականի վրա, ո՞րն է քո առաջին քայլը, ի՞նչ պիտի անես։ Իսկ մեր երեխաները, քանի որ շատ նվիրված են, ընկերական են, ասում են՝ կգնամ, կվազեմ, կհանեմ իրեն այնտեղից, ասում ենք՝ ոչ, առաջին քայլը դու ինչ-որ պետք է անես, դու պետք է տեղյակ պահես համայնքին, մեր թեժ գծին, որն անվճար է թե՛ քաղաքային, թե՛ բջջային հեռախոսահամարներից, տեղյակ պահեք տեղական ինքնակառավարման մարմիներին, ոստիկանությանը, ԱԻՆ-ին, բոլոր այն պատկան մարմիններին, որոնք ինչ-որ ձևով կարող են գալ, բայց օգնել, որ փրկել, դա կլինի ճակատագրական»։
Բանախոսը նաև ասաց, որ ռուսական ռազմաբազան իրենք չեն դիտարկում որպես ականապատված տարածք, այլ որպես աղտոտված տարածք, թեև ուսումնավարժանքների ժամանակ կարող են դրվել ականներ, լինի նաև չպայթած զինամթերք։
Նա նաև նշեց, որ իրենք պարզելու են՝ արդյո՞ք Շիրակի մարզում 1944 թվականից մնացած ականներ կան։ Ըստ նրա, մարզպետարանի կայքում հոդված են կարդացել Ազատան համայնքի 102-ամյա բնակչուհի Վառվառա Մոսոյանի մասին, որը 1944 թվականին տուժել է Ազատանի կոլտնտեսային հանդերից մեկում ականից տուժել է աշխատանքի ժամանակ։ Այցելել են տատիկին, մանրամասներ իմացել, Ազատանի համայնքի ղեկավարն էլ իրենց պարզաբանել է, որ 1944 թվականին վտանգ կար, թե Թուրքիան կարող է Սովետական Միության սահմանն անցնել Հայաստանով, այդ պատճառով տարածքն ականապատվել է։ Դրանից հետո՝ 1953 թվականին ևս երկու երիտասարդ են մահացել այդ նույն տարածքում, իսկ ընդհանուր թվով 10 հոգի են մահացել այդտեղ։
Ըստ բանախոսի, ականը մշտարթուն զենք է, այնպես չէ, որ վաղեմության ժամկետն անցավ, չի պայթի։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ