Հեծանվորդ Էդգար Ստեփանյանը մարզչի՝ Արմեն Գյոզալյանի, հետ միասին Ֆրանսիայում է: Նա խմբային եւ սկրեչ մրցաձեւերում մասնակցելու է աշխարհի գավաթի առաջին փուլին: Այնտեղից մարզիկն ու մարզիչը կմեկնեն Կանադա, որտեղ անցկացվելու է աշխարհի գավաթի երկրորդ փուլը:
Մեկնելուց առաջ Արմեն Գյոզալյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ նախապատրաստությունն ընդհանուր առմամբ անցել է նորմալ, որ իր եւ իր սանի նպատակը արդյունքները բարելավելն ու վարկանիշը բարձրացնելն է, աշխարհի առաջնության, Եվրոպական խաղերի եւ Տոկիոյի օլիմպիական խաղերի ուղեգրեր վաստակելը: Նրա խոսքով, Էդգարը արդեն հիմա համաշխարհային վարկանիշային դասակարգման ցուցակներում բարձր դիրքեր է զբաղեցնում եւ միանգամայն ի վիճակի է իրականացնել իր առջեւ դրած ծրագրերը: Սակայն դրա համար անհրաժեշտ է, որպեսզի նա տարվա կտրվածքով հնարավորինս շատ մրցումների մասնակցի, դիրքերը բարձրացնելու համար վաստակի անհրաժեշտ միավորներ:
Այն, որ վերջին տարիներին հայկական հեծանվասպորտում բարձր արդյունքներ գրանցող եւ Հայաստանին հեղինակություն պարգեւող հեծանվորդին լուրջ աջակցություն է անհրաժեշտ, կասկածից վեր է: Թե չէ ի՞նչ ասել, որ փող չլինելու պատճառով Էդգար Ստեփանյանը վերջերս Օմսկում, այնուհետեւ Աստանայում անցկացված «Գրան Պրիներին» մասնակցելու մեկնել էր միայնակ, առանց մարզչի: Ու չնայած դրան, հանդես եկավ գերազանց՝ բոլոր մեկնարկներում գրավելով 1-ին եւ 2-րդ տեղեր: Իսկ մարզիկին իր անձնական մարզչի խնդրանքով «տիրություն էին անում» նրա ռուս գործընկերները:
Ինքը՝ Էդգարը, պահանջկոտ է իր հանդեպ, նվիրված է Հայաստանին, ուզում է ամենուր գերազանցել ինքն իրեն ու մշտապես Հայաստանի դրոշը ծածանել ամենից բարձր:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ