Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր երեկոյան մասնակցեց Էջմիածնում քաղաքապետի թեկնածու Դիանա Գասպարյանի նախընտրական հանդիպմանը:
«Հայաստանում հեղափոխության շունչն ամենաշատը զգացել են հենց Էջմիածնի բնակիչները»,-իր ելույթում ասաց Փաշինյանը:
Ըստ նրա՝ Հայաստանում հեղափոխության շունչն ամենաշատը հենց Էջմիածնի բնակիչներն են զգում, որովհետև. «Կարծում եմ, որ էջմիածնեցիները կոռուպցիոն համակարգից, օլիգարխական համակարգից ամենաշատն էին տուժում ձեզ հայտնի ժամանակներում: Երբ ասում էին, թե Հայաստանում կա բդեշխություն, ամենաշատը դուք էիք դա տեսնում, երբ ասում էին, թե Հայաստանում կան ապօրինություններ ու կամայականություններ, ամենաշատը դուք էիք զգում, և ես ուզում եմ այսօր առաջին հերթին շնորհավորել ձեր հաղթանակի կապակցությամբ, որովհետև հաղթանակը ձերն է, հաղթողը դուք եք, հեղափոխությունը դուք եք արել»:
Նիկոլ Փաշինյանը նաեւ ասաց, որ էջմիածնեցիները հոկտեմբերի 21-ին ևս մեկ մարտահրավերի առաջ են կանգնած, նրանց առաջ դրված է լինելու ևս մեկ հեղափոխություն անելու հնարավորություն.
«Այդ հեղափոխությունը պակաս կարևոր չէ, քան այն հեղափոխությունը, որ արդեն տեղի է ունեցել: Ես չգիտեմ՝ այդ վիճակագրությանը տեղյակ եք, թե չէ, բայց երրորդ հանրապետության պատմության ընթացքում Հայաստանը չի ունեցել ոչ մի կին քաղաքապետ, և ահա ձեր առաջ է, իրականացրեք ևս մեկ աննախադեպ հեղափոխություն, և Դիանա Գասպարյանին պետք է ընտրեք 3-րդ հանրապետության առաջին կին քաղաքապետ»:
Նրա խոսքով, կին քաղաքապետ ընտրելը չափազանց կարևոր հեղափոխություն է եւ կոչ արեց, անպայման, իրականացնել. «1996-ից Հայաստանում անընդհատ փորձ էր արվում անել ժողովրդավարական հեղափոխություն, և անընդհատ դա չէր ստացվում տարբեր պատճառներով, բայց ես ամենուր ասում եմ՝ որոնք էին այն վճռական գործոնները, որոնք հնարավոր դարձրին հեղափոխությունը 2018-ին, այդ գործոններից մեկը կանանց մասնակցությունն էր»:
Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո հանդիպման մասնակիցները սկսեցին քայլերթ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ