Այսօր «Մայնինգ» ֆերմայի բացմանը հետաքրքիր պահ էր՝ Գագիկ Ծառուկյանն ու վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը իրար հետ լրագրողների առաջ էին, ուստի պահը բաց չթողնելով՝ լրագրողները երես առ երես բերեցին Փաշինյանին ու Ծառուկյանին:
Փաշինյանը նախկինում բազմիցս խոսել է Ծառուկյանի մասին, նաեւ վարչապետ լինելուց հետո հայտարարել, որ բիզնեսն ու քաղաքականությունը պետք է տարանջատված լինեն, ուստի սա հիշեցնելով՝ լրագրողները փոխանցեցին՝ Գագիկ Ծառուկյանը հերքում է, որ բիզնեսներ ունի: Ծառուկյանը միջամտեց ու ճշգրտում մտցրեց՝ բիզնեսներ ունի, բայց ինքը չի կառավարում, տվել է կառավարման:
Փաշինյանը պատասխանեց. «Որ պարոն Ծառուկյանը Հայաստանում խոշոր սեփականատեր է, դա ոչ մեկի համար գաղտնիք չէ: Մնացածն արդեն իմ մեկնաբանության խնդիրը չի»:
Հարցին՝ դուք ասել էիք, որ օլիգարխները չպետք է լինեն Ազգային ժողովում՝ Փաշինյանը արձագանքեց. «Ես նաեւ հայտնել եմ, որ Հայաստանում օլիգարխներ չկան»: Ծառուկյանն էլ ասաց. «Լավ էլ դիմանում ես, պարոն վարչապետ, ասեմ քեզ»:
Լրագրողները նաեւ Փաշինյանին փոխանցեցին Գագիկ Ծառուկյանի խոսքերը, որ Մայնինգ ֆերմայում արդեն 50 մլն-ի ներդրում է արվել, իսկ նա ասում էր, թե արտահերթ ընտրությունների հետաձգումը խանգարում է ներդրումներին: Փաշինյանը պատասխանեց՝ «Ես չեմ ասել ներդրումեր չեն անում: Ես ասել եմ՝ քաղաքական վիճակը առկախում է որոշակի տնտեսական գործունեություն, եւ դա ակնհայտ է: Ես չեմ հորինել դա, տնտեսագիտության մեջ կանոն է: Ներդրումները շուտ են սկսել, այս շենքը հեղափոխությունից նախ շատ առաջ է սկսվել, մենք հույս ունենք, որ տնտեսական իրավիճակն ավելի աշխույժ կլինի արտահերթ ընտրություններից հետո:
Փաշինյանն ասաց, որ իրենք շատ շահագրգռված են, որ ներդրումներ լինեն եւ իրենցից կախված ամեն ինչ անում են:
Հարցին՝ ե՞րբ սպասենք մեծ ներգաղթին՝ նա պատասխանեց. «Մեծ ներգաղթը այնպես չէ, որ միանգամից մի շաբաթում…դա Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի նման չի, որ միանգամից մեծ թվով մարդիկ գան»:
Հարցին՝ ինչպե՞ս եք վերաբերվում նրան, որ Քոչարյանը նոր ընդդիմադիր կուսակցություն է ստեղծում՝ Փաշինյանը պատասխանեց. «ՀՀ-ում ցանկացած քաղաքացի, քաղաքացիներ կարող են կուսակցություն ստեղծել»: Թե ընդդիմադիր դաշում վակուում կա՞՝ Փաշինյանն ասաց, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններն ամեն ինչ կդնեն իրենց տեղը. «Հիմա ընդհանրապես քաղաքական դաշտում վակուում կա, բայց կարծում եմ, խորհրդարանական ընտրությունները նաեւ հենց դրա համար են, որ վակուումը հաղթահարվի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ