Այսօր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Գագիկ Ծառուկյանի «Մայնինգ» ֆերմայի բացմանն էր մասնակցում: Լրագրողները նրան հիշեցրին, որ երեկ ասել էր՝ եթե փաստեր, ապացույցներ ունենա, որ Հունան Պողոսյանի նշանակումը վերանայելու կարիք կա, ապա կվերանայի: Ուստի հարցրեցին՝ մի քանի տարի առաջ դուք ասել եք, որ Շանթ Հարությունյանը ձեզ տեղեկացրել է, որ Հունան Պողոսյանը ծեծել է իրեն, սպառնացել է ընտանիքին եւ հայհոյել է, դա արդյո՞ք հիմք չէ՝ վերանայելու:
Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Հետագայում խնդիրն այն է, որ Շանթ Հարությունյանը ցուցմունքներ չի տվել այդ կապակցությամբ եւ ես կարծում եմ, որ լավ առիթ է, որ նոր քննություն տեղի ունենա: Հույս ունեմ, որ Շանթ Հարությունյանն էլ կհամագործակցի քննության հետ, որպեսզի մենք իրականությունը պարզենք, թե ինչ է ի վերջո տեղի ունեցել»:
Նա ասաց, որ հարցին պետք է նայել ավելի լայն քաղաքական կոնտեքստում. «Մեր իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ այդ մասին այսօր խոսել եմ եւ ասել, որ անհրաժեշտություն կա նորից քննություն առնել, եթե դրա հնարավորությունը կա: Կարծում եմ, հնարավոր կլինի իրավական լուծումներ ստեղծել, որպեսզի ամբողջական լուծում լինի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ