Լրահոս
Օրվա լրահոսը

Ես ոչ մի փաստարկ չունեմ, որ Լևոն Հայրապետյանին կարող են թունավորած լինել. Յուրի Պիլիպենկո

Հոկտեմբեր 18,2018 18:44

Մեծանուն բարերար և ազգային գործիչ Լևոն Հայրապետյանի մահվանից անցավ մեկ տարի: Մոսկվայի Վագանկովյան Հայկական գերեզմանատանը, որտեղ ամփոփված է Հայրապետյանը, այսօր պատարագ էր, որի ներկա էին նրա ընտանիքի անդամները և ամենամոտ, ամենահավատարիմ բարեկամներն ու ընկերները՝ մոտ քսան մարդ և ոչ մի հանրային դեմք նրանց շարքում, իսկ Հայրապետյանը շփվել, օգնել ու հաց էր կիսել հարյուրավորների հետ, որոնց թվում մեր ժամանակի ամենաազդեցիկ քաղաքական, մշակութային և հասարակական գործիչներն են:

Լևոն Հայրապետյանի հիմնադրած  «Սոբեսեդնիկ»  թերթի գլխավոր խմբագիր  Յուրի Պիլիպենկոն պատմում է, որ մահվանից ժամեր առաջ, Մորդովյայի համար 12 գաղութից իրեն զանգահարել է իր վաղեմի բարեկամ Լևոնը ու հայտնել, որ շատ վատ է զգում իրեն և, որ իրեն ոչ մի բժշկական օգնություն չի ցուցաբերվում, գաղութի ղեկավարությունը հրաժարվում է իրեն տեղափոխել հիվանդանոց: Լուսադեմին Հայրապետյանը մահանում է, այդպես էլ չստանալով որևէ բուժօգնություն: Այդ մասին վկայում են նաև նրա բախտակիցները, որոնք նրա հետ եղել են բանտախցում և ամեն կերպ փորձել գաղութի հերթապահի ուշադրությունը հրավիրել բանտարկյալի առողջական վիճակի վրա, բայց ապարդյուն,- ասում է Պիլիպենկոն:

«Ամենազարմանալին և տխուրը ռուսական բարձրաստիճան շատ ու շատ չինովնիկների պահվածքն է: Նրանցից ոչ մեկը ներկա չեղավ Հայրապետյանի հուղարկավորության արարողությանը, ոչ մեկը ոչ մի անգամ ոչ հրապարակային, ոչ մասնավոր զրույցներում ցավակցության և ափսոսանքի ոչ մի խոսք չհայտնեց», – փաստում է թերթի գլխավոր խմբագիրը: Հարցին, թե ինչում է նման վերաբերմունքի պատճառը, Պիլիպենկոն ասում է, որ պատճառը վախի մեջ է: Այդ մարդիկ չեն ցանկանում, որ իրենց հանգիստ ու հարմարավետ կյանքը ինչ -որ կերպ խաթարված լինի:

Հարցին, թե արդյոք այդ վերջին հեռախոսազրույցի ժամանակ Լևոն Հայրապետյանը իր ընկերոջը, նույնպես, հայտնել է, թե իրեն թունավորել են, ինչի մասին պնդում են վերջերս մամուլում հայտնված նյութերը, Յուրի Պիլիպենկոն ասում է, որ իրեն անձամբ նման բան նա չի ասել այդ վերջին հեռախոսային խոսակցության ժամանակ, չի հայտնել ինչ-որ դեղահաբերի մասին, որ իբրև թե նրան փոխանցվել են:

«Ես աշխատում եմ մամուլում և չէի ցանկանա մեկնաբանել ինչ-որ մարդկանց ինչ-որ ենթադրությունները: Ես ոչ մի փաստարկ չունեմ, որ նրան կարող են թունավորած լինել: Դա պետք էր պարզել ու հնարավոր էր ապացուցել, թերևս, նրա մահվանից անմիջապես հետո՝ օբյեկտիվ և անկախ դատաբժշկական փորձաքննություն անցկացնելով: Հիմա ուշ է և դրանք ընդամենը խոսակցություններ են, որոնք չեն դադարում, քանի որ, ինչքան ես տեղյակ եմ, նրա ժառանգների մեջ միասնություն չկա՝ ժառանգության վերաբաշխման հարցում, իսկ Հայրապետյանը կտակ չի թողել»:

Պիլիպենկոն նաև պատմում է, որ գործի շրջանակներում իրենք՝ Հայրապետյանի բարեկամներն ու ընկերները, երեք անգամ հայց են ներկայացրել վերջինիս վաղաժամկետ ազատագրման հետ կապված և երբ հարցը հասել է վերջին կետին, գաղութից ամեն անգամ պատասխանել են, որ դա անհնար է, քանի որ դատապարտյալը վերնաշապիկը պատշաճ չի կրում, քայլելուց ոտքերը այնպես դի դնում և այլ ու այլ անհեթեթ պատճառաբանություններ:

Լևոն Հայրապետյանը մահացավ 2017 թվականի հոկտեմբերի 18-ին, առավոտյան 8-ն անց 15 րոպեին: Դատաբժշկական փորձաքննությունը արձանագրել էր, որ մահը վրա է հասել թրոմբոզից, ինչը սրտի աշխատանքի անբավարարության հետևանք է եղել: Հայրապետյանի երկարամյա անձնական բժիշկ Իգոր Կոստինը զարմանքով էր ընդունել այդ եզրակացությունը, քանի որ Լևոն Հայրապետյանի մի շարք բարդ հիվանդությունների շարքում (շաքարային դիպետ, օնկոլոգիա, երկու ինսուլտ) թրոմբոզի հետ խնդիրներ երբեք չէր արձանագրվել:

Նաիրա Բաղդասարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031