Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջան գնալու փորձ կատարածը գտնվում է Սեւանի հոգեբուժարանում

Հոկտեմբեր 18,2018 18:01

2018թ հուլիսի 12-ից  Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում, դատավոր Ռաֆիկ Մելքոնյանի նախագահությամբ  ընթանում է  Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուրի բնակիչ Գեւորգ Լեւոնի Չոբանյանի դատավարությունը: Նրան մեղադրանք  է առաջադրվել այն բանի համար, որ 2018թ. մայիսի 1-ին, ժամը 09.00-ի սահմաններում, Ներքին Կարմիրաղբյուր համայնքի դիմաց գտնվող ՀՀ ՊՆ N զորամասի կողմից վերահսկվող մարտական դիրքի տարածքով փորձել է հատել Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը եւ մուտք  գործել  Ադրբեջան: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-329 հոդվածի 1-ին մասով («Առանց սահմանված փաստաթղթերի կամ առանց պատշաճ թույլտվության Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը հատելու փորձը»): Սույն հոդվածը որպես պատիժ նախատեսում է 100-200 հազար դրամի չափով տուգանք կամ առավելագույնը 3 տարի ժամկետով ազատազրկում:  1991թ. հայրենի  Վ. Կարմիրաղբյուրում միջնակարգ դպրոցը գերազանցությամբ ավարտելուց հետո Գեւորգ  Չոբանյանը  Ռուսաստանում, որոշ տեղեկություններով`Ռյազան քաղաքում, ռազմական ուսումնարան է ընդունվել: Նա երկար ժամանակ ապրել է Ղազախստանում, ՀՀ եւ Ղազախստանի Հանրապետության քաղաքացի է, այնտեղ երկու երեխա ունի: Նա մոտ ամիսուկես առաջ է վերադարձել Վ. Կարմիրաղբյուր, ուր նրա մայրն է բնակվում: Գ.  Չոբանյանի  ծնողները տարիներ առաջ ամուսնալուծվել են, նրա հայրը վաղուց Ռուսաստանում է բնակվում: Նա սահմանապահներին ասել է, որ ինքը ցանկացել է ադրբեջանցիներին թղթեր հանձնել, որոնք ապացուցում են, որ Ղարաբաղը հայկական տարածք է:

2018թ.  հունիսի 1-ին նրա  մայրը համագյուղացիներին հայտնել է, որ որդին ագրեսիվ վարք է դրսեւորել, ջարդել է իրենց տան գույքը:  Վ. Կարմիրաղբյուրի բնակիչները հայտնեցին, որ Գեւորգ Չոբանյանի  մայրը մի քանի անգամ  դիմել է համապատասխան մարմիններին, որպեսզի իր որդուն  տեղափոխեն հոգեբուժարան: Գ. Չոբանյանի քրեական գործով դատական վերջին նիստը կայացել է սեպտեմբերի 11-ին: Վ. Կարմիրաղբյուրի վարչական ղեկավար Կամո Չոբանյանը հայտնեց, որ Գեւորգ  Չոբանյանը  ներկայումս գտնվում է Սեւանի հոգեբուժարանում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031