Այսօր «Մայնինգ» ֆերմայի բացմանը լրագրողների հետ զրույցում ԲՀԿ նախագահ, «Մուլտի գրուպ» կոնցեռնի նախագահ Գագիկ Ծառուկյանը խոսեց Երեւանի ավագանու, նաեւ 2017-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ իր խոստացած ներդրումների մասին «Իմ գործընկերներն ասել էին 50 մլրդ ներդրում կանեն, երբ մեր բյուջեն 2,5 մլրդ է, ասեցի՝ եթե մենք մեծամասնություն ենք, 15 մլրդ ներդրում բերեն մեր գործընկերները, ժողովուրդն ասեց՝ Ծառուկյանը բլեֆ արեց: Համապատասխան իմ գործընկերոջը զանգեցին, ինքը հեռուստատեսությամբ ելույթ ունեցավ, ասեց՝ մենք պատրաստակամ ենք դնելու, անելու: Քաղաքապետի ընտրությանը, որ ասեցինք, դուք տեսաք, որ եկել էին 20 երկրից 38 քաղաքապետ, եկել էին ներդրողներ, քաղաքական գործիչներ, համապատասխան ասելով, չափելով ինչ անհրաժեշտ է: Երեւանում միջին խավը, որը կազմում է Երեւանի 65-70 տոկոսը, որ 30 տարի տուն չի ստացել, չի գնել, կարող ա՞ դուք կասկածում եք իմ ասածի մեջ: Բնակարանը՝ հարս, փեսա, տղա, թոռ, քուր, ախպեր 7-8 հոգով սաղ էդ 2 սենյակում են քնում, որ պետք ա մի հատ քայլ կատարվի, որ 65 հազար դրամով 8 տարում մարդը կարողանա 50 քմ-ի տեր լինի»:
Նա ասաց, որ վերելակների համար էլ մարդիկ եկել են, նայել են. «Ձեզ ասեցինք՝ բյուջեում գումար չկա, չենք սպասելու, մինչեւ բյուջեում գումար լինի, հաղթելու դեպքում էդ աշխատանքները սկսելու ենք: Մենք հիմա աշխատում ենք, բայց ես իմ ասածների համար էլ պատասխանատու չեմ, պատասխանատուն նա ա, ում հավատացել եք, մենք միայն կարանք մեր 5 ավագանիով համապատասխան մեր ժողովրդի բողոքի ձայնը բարձրացնենք եւ համապատասխան հաղթողներին հիշեցնենք, թե նրանք ժողովրդին ինչ են խոսք տվել: Ես ամեն ինչ անելու եմ, կապ չունի, բայց դուք ճիշտ հասկացեք, ամեն մի փողատեր հենց այնպես փող չեն դնելու»:
Հարցին՝ հիմա ներդրողներ կա՞ն՝ Ծառուկյանն ասաց, որ կան, բայց պետք է մարդկանց «ջերմ պահեն»:
Հարցին՝ նախկին իշխանությունների օրոք վա՞տ ներդրումային միջավայր է եղել՝ Ծառուկյանը պատասխանեց, որ իր գործընկերները, ովքեր ներդրում են խոստացել, երաշխիքը ինքն է եղել, բայց հիմա ինքն ուզում է, որ երաշխավորը ներդրումների ոչ թե ինքը լինի, որ գան ՀՀ ու ներդրումներ անեն, այլ՝ պետությունն ու օրենքները. «Էսօր բոլորն էլ գիտեն, որ ամեն ինչ փոխվել է, հետեւողական է, ցանկացած զանգի հետեւից գնացող կա, հետեւող կա, միայն մնում է, որ մենք, ամեն մեկն իր հնարավորության սահմանում կարողանա կազմակերպել ու իր պետությանը, իր ժողովրդին օգուտ տա»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ