Շիրակի փոխմարզպետ Սոֆյա Հովսեփյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ 100-ից ավելի ընտանիքներ դիմել են իրենց՝ լքված նորածիններին որդեգրելու խնդրանքով։
«Երեկվանից՝ այդ լուրի տարածումից անմիջապես հետո շատերն անգամ եկել, ասել են, որ բարեկամ են, որպեսզի երեխաների խնամակալությունը վերցնեն, այսինքն՝ չափազանց մեծ պատրաստակամություն կա այդ երեխաներին պահելու, մեծացնելու, որովհետև լուրն իրապես շատ ցնցող էր բոլորի համար։ Մեր մարզից բացի, որդեգրման ցանկություն ունեն նաև այլ մարզերից, Երևան քաղաքից, անգամ Եվրոպայից հետաքրքրվածություն կա, բայց, բնականաբար, մենք հակված ենք Հայաստանում այս երեխաների մնալուն ու ապրելուն։
Այս պահին երեխաները կմնան Գյումրիում՝ «Երեխաների տանը», հետագայում այդ հարցերը, որոնք կան՝ ծնողների լինելությունը, ընտանիքի վիճակը պարզելուց հետո, նոր պարզ կլինի երեխաները կվերադառնա՞ն ընտանիք, ընդ որում եթե վերադառնում են ընտանիք, ապա բավականաչափ աշխատանքից հետո։ Նախ պետք է հասկանանք պատճառը երեխաներին թողնելու, եթե կա սոցիալական խնդիր, լուծենք այդ սոցիալական խնդիրները, պետական մոտեցում ցուցաբերենք, եթե կա հոգեբանական խնդիր, ապա բարոյահոգեբանական մթնոլորտի հետ աշխատանքներ տանենք, հետագայում նոր թույլ տանք երեխաներին վերադառնալու կամ ոչ։
Իսկ եթե այս ամբողջ ընթացակարգից հետո երեխաների ընտանիքը չի բացահայտվում կամ բացահայտվում է, բայց իրենց համար նպաստավոր պայմաններ չունեն, ապա կտեղափոխվեն երեխաներն այլ մանկատուն, որովհետև այդ մանկատանը չեն կարող լինել։ Պատճառն այն է, որ այստեղ միայն հաշմանդամություն ունեցող երեխաներն են »,- ասաց Սոֆյա Հովսեփյանը։
Փոխմարզպետը հակված է մտածելու, որ երեխաները սոցիալական պայմանների պատճառով են հայտնվել մանկատան բակում, սակայն չի բացառում նաև այլ խնդիրների առկայությունը։
«Պետք է հասկանանք՝ ի՞նչն է դրդել ծնողներին այդ քայլին, և կա՞ն արդյոք երկու ծնողներն էլ, թե՞ ընդամենը մեկ ծնողն է, և արդյո՞ ք ինքը պատրաստ է երեխաներին տանելու, միգուցե հասարակության կարծրատիպերի պատճառո՞վ է լքել։ Այսինքն՝ այս ամենը դեռ ենթադրությունների մակարդակ է, որևէ գնահատում մենք չենք կարող տալ, քանի դեռ մենք չենք ունեցել նախաքննության արդյունքների պատասխան», -ասաց Սոֆյա Հովսեփյանը։
Փոխմարզպետը չի հիշում Շիրակի մարզում երկու երեխաների լքելու դեպք, սակայն հանրապետությունում եղած նմանատիպ դեպքերից ելնելով՝ ասում է․ «Փառք Աստծո, որ այս դեպքում ևս մեկ քայլ կարող ենք նշել․ ծնողները բավական խնամքով են թողել երեխաներին, իսկ նախորդիվ աղբանոցներում են երեխաներին թողել, ռիսկային տեղերում։Այս դեպքում երեխաները գոնե նորմալ հագնված, պահված, խնամված վիճակում են։ Սա է պատճառը, որ ուզում ենք հասկանանք՝ ի՞նչն է դրդել ծնողներին, ո՞րն է խնդիրը, եթե կարողացել են խնամել, միգուցե գիտակցել են, որ այլևս չեն կարող երեխայի կաթի, կերակրման հարցը լուծել և հենց դրա պատճառով են թողել: Եթե դա է, ապա պետությունը պարզապես պետք է իր վրա վերցնի պարտավորություն ընտանիքին ապահովելու, որ երեխաներն ապրեն ընտանիքում, եթե լրիվ այլ պատճառներ են, հուզական հողի վրա կատարված քայլ, ապա պատճառը հասկանանք ինչու, միգուցե այնտեղ կան շատ խորքային խնդիրներ, որոնք մենք այս պահին ենթադրում ենք»։
Սոֆյա Հովսեփյանը պատմեց, որ լուրն իմանալուց անմիջապես հետո համապատասխան վայր են մեկնել իրենց աշխատակիցները ու տեղում ամբողջությամբ ծանոթացել հայտնաբերված երեխաների խնդրին։ Նրանք ոստիկանության հետ մեկտեղ քայլեր են ձեռնարկել երեխաներին տանելու ապահով միջավայր, որտեղ նրանք անցել են բուժզննում, ուսումնասիրել են՝ արդյո՞ք ունեն առողջական խնդիրներ ու կա՞ն բռնության հետքեր, այնուհետ տեղափոխել են համապատասխան հաստատություն, որտեղ և մինչ այս պահը գտնվում են նրանք։
Այս պահին գործը ոստիկանությունում է, Շիրակի փոխմարզպետի ասելով, ոստիկանությունը կփորձի փնտրել ընտանիքը։
«Եթե գտնենք ընտանիքը, նախ աշխատանք պետք է տարվի ընտանիքի հետ՝ հասկանալու համար՝ կա՞ արդյոք անհրաժեշտություն երեխաներին վերադարձնելու ընտանիք, թե՞ ոչ, իսկ եթե չկա անհրաժեշտություն, ապա համապատասխան ընթացակարգով կգնանք՝ այսինքն երեխաները կտեղափոխվեն մեկ այլ հաստատություն, որտեղ և որդեգրման ընթացակարգով կգնա»։
Փոխմարզպետը մեկ անգամ ևս ասաց, որ որդեգրելու ցանկություն ունեցողների քանակը չափազանց մեծ է, սակայն շատերը մտածում են ուղղակի տանել իրենց տուն, մինչդեռ կա հստակ ընթացակարգ, պետք է գրանցվեն՝ որպես խնամակալներ կամ որդեգիրներ, հետագայում պայմանների ուսումնասիրությունից նոր թույլ տրվի որդեգրման։
Մեր զրուցակիցն ասաց, որ խնդիրներից մեկն է ՝ պարզել նրանք երկվորյակնե՞ր են, թե՞ ոչ, արյունակցական կապ ունե՞ն, թե՞ ոչ։
«Սա նույնպես խնդիր է, եթե երկվորյակներ են, իրենք արյունակցական կապ ունեն, ապա երեխաների որդեգրման կարգը փոխվում է, այստեղ իրարից առանձնացնել, թույլ չի տրվում»։
Սոֆյա Հովսեփյանը նաև տեղեկացրեց՝ իրենք տվյալներ ունեն, որ Շիրակի մարզի ծննդատներում վերջին տաս օրվա ընթացքում երկվորյակ եղբայրներ չեն ծնվել, թեև կան երկու հաստատություններ, որտեղից դեռ տվյալներ չեն հատկացրել մարզպետարանին։
«Դա ոստիկանության գործընթացն է, մենք չենք փորձում միջամտել, այլ համբերատար սպասում ենք, որ իրենք իրենց աշխատանքն անեն։ Կարևոր քայլը, որ այս պահին արված է, երեխաների ապահով միջավայրի ապահովումն է, և այն, որ երեխաները չունեն առողջական որևէ խնդիր և բռնության ենթարկված չեն», -ասաց փոխմարզպետը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Սոֆյա Հովսեփյանի լուսանկարը՝ իր ՖԲ էջից