ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ազատամարտիկների հանձնախումբը դատապարտում է Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Միլսի՝ EVN Report-ի հետ զրույցում հնչեցրած տեսակետը, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող կարգավորվել առանց «գրավյալ տարածքների որոշակի մասի վերադարձի»:
Թե քաղաքական, թե պատմական և թե իրավական առումներով խնդրո առարկա տարածքները որևէ պարագայում չեն կարող դիտարկվել որպես «գրավյալ տարածքներ»: Հատկանշական է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից ևս երբևէ չի օգտագործվել այդ որակավորումը:
Աներկբա է, որ Արցախի Հանրապետությունում չկան գրավյալ տարածքներ, կան մեր պատմական Հայրենիքի բռնազավթված տարածքներ, որոնց մի մասը ազատագրվել է Արցախյան ազատամարտի ընթացքում՝ հայության անմնացորդ նվիրումի և հերոս հայորդիների արյան գնով, որոնք Արցախի Հանրապետության սահմանադրությամբ հանդիսանում են Արցախի Հանրապետության անբաժանելի մաս։
Արցախյան ազատամարտը, հայության ազատագրական պայքարի մի հանգրվանն է, որին մեզ բախտ է վիճակվել մասնակցել և այսօր էլ պատրաստ ենք ապահովել մեր հայրենի սահմանների անվտանգությունը:
Վճռականորեն հայտարարում ենք, որ մեր պայքարն ավարտված չէ: Իսկ հողերի վերադարձի մասին ցանկացած խոսակցություն մերժելի է և դատապարտելի:
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ազատամարտիկների հանձնախումբ