Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հետո՞ ինչ, որ որոշ մարդիկ այդպես են մտածում». Դավիթ Բաբայանը՝ Էդմոն Մարուքյանին

Հոկտեմբեր 18,2018 16:32

«Ես անգամ զարմացել եմ, որ ինչ-որ մարդիկ զարմացել են այդ հայտարարության վրա, որովհետեւ այնուամենայնիվ, նմանատիպ հայտարարություններ, եթե փնտրեք մամուլում, տարբեր ԱՄՆ դեսպանների, պաշտոնաթողների կողմից եղել է»,- Aravot.am-ի հետ զրույցում խոսելով Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հայտարարության մասին՝ ասել էր «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Ըստ նրա, Միլսն անկեղծ իր կարծիքն է հայտնել. «Այսինքն, ի՞նչ ենք մենք ուզում, մենք ուզում ենք, որ բոլորը խոսեն բաներ, որ շոյում է հայ ժողովրդի եւ ՀՀ քաղաքացիների ականջնե՞րը: Ընդհակառակը, ես կարծում եմ, որ մենք պետք է կարողանանք լսել այլ կարծիքներ, այլ մոտեցումներ»:

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն էլ մեզ հետ զրույցում զարմացավ, թե ո՞նց կարելի է լսել Միլսի կամ նրա նման պաշտոնաթողների այդպիսի հայտարարությունը եւ համապատասխան արձագանք չտալ. «Եթե նույնիսկ պարոն Միլսի ասածներում նորություն չկա եւ որոշ մարդիկ դրա մասին խոսում են, հատկապես՝ պաշոնաթող լինելուց հետո, դա չի նշանակում, որ մենք նման հայտարարությանը չպետք է արձագանքենք եւ պարզաբանենք: Հետո՞ ինչ, որ որոշ մարդիկ այդպես են մտածում: Հիմա եթե մենք չարձագանքենք, ի՞նչ է դա նշանակում, ընդունո՞ւմ ենք մենք այդ մոտեցումները, թե՞ ուզում ենք պատասխանատվությունից հեռու մնալ: Ոչ, դա մեր ազգի ապագան է ու մենք պարտավոր ենք արձագանքել՝ անկախ ամեն ինչից, անկախ նրանից, թե քանի անգամ ու ով է ասել, մենք էլ էդքան անգամ կրկնում ենք, ինչ է եղել, որ»:

Ըստ Դավիթ Բաբայանի, Արցախում տեղի է ունեցել շատ կարեւոր «տրանսֆորմացիա». «Նախկինում, քանի որ Արցախը 1917-ից 88-ը ինքնավարություն, պետականության կարգավիճակ է ունեցել, պաշարված է եղել, մեզ մոտ առաջացրել է ազգային ազատագրական շարժման հոգեբանություն: Պարզ ու հասարակ լեզվով ասած՝ տաքարյունություն է ձեւավորվել, որ մենք պիտի վերամիավորվենք, դա է մեր նպատակը, դա է ամենակարեւորը: Սկսվեց շարժումը, պատերազմը, այն ժամանակ, երբ այդ ամենը տեղի ունեցավ, նոր սահմաններ եւ այլն, որոշ մարդիկ ունեին այդ գաղափարը, որ միգուցե կարելի է ինչ-որ տարածքներ տալ ու դրա դիմաց ստանալ կարգավիճակ, որովհետեւ ազգային ազատագրական հոգեբանություն է դա: Բայց հետո տրանսֆորմացիա տեղի ունեցավ պետականաշինություն: Տաքարյունության հետ միասին պետք է սառը պետական դատողություն: Մենք հասկացանք, որ լոկ կարգավիճակը՝ տարածք, անվտանգություն, չի կարող մեզ համար երաշխիք լինել: Քանի՞ պետություն կա ճանաչված, ի՞նչ եղավ այդ պետությունների ճակատագիրը՝ Սիրիա, Իրաք եւ այլն: Եթե նախկինում այդպես չէին մտածում օբյեկտիվ պատճառներով, հետո եկավ նոր սերունդ: Քարվաճառի շրջանում սկիզբ է առնում նախկին ԼՂԻՄ-ի ջրային պաշարների 85 տոկոսը, Արփա եւ Որոտան գետերը, որոնք սնում են Սեւանա լիճը, իսկ Ադրբեջանը հիդրոահաբեկչությամբ էր զբաղվում, թունավորում էր մեր գետերը ե՛ւ խորհրդային տարիներին, ե՛ւ հատկապես 1990-ին, նրանք թունավորել են մայրաքաղաք Ստեփանակերտի ջրամատակարարման ցանցը եւ 7-10 օր քաղաքի մոտ կեսը ծորակից ջուր չէր կարողանում խմել, բոլոր կենդանիները սատկել էին, ահագին մարդիկ ընկան հիվանդանոց: Հիմա Ադրբեջանը պնդում է, թե Հայկական ատոմակայանի ռադիոակտիվ թափոնները թափվում են Քարվաճառում: Իհարկե, դա այդպես չէ, բայց դա ի՞նչ է նշանակում, որ եթե վաղը նրանք այդ տարածքը վերցրեցին, նրանք ունեն արդեն թափոններ, կգցեն Արփա, Որոտան, կասեն դուք եք արել: Հիմա մենք ո՞նց կարող ենք խոսել այդ ամենի մասին, դա մեր անվտանգությունն է: Ես այդպիսի հարց ժամանակին տվել եմ նախկին համանախագահողներից մեկին եւ նա չի կարողացել նույնիսկ բան խոսի: Երբ նա ասաց, որ ԱՄՆ-ն կարող է ահաբեկչության թիրախ դառնալ եւ Մերձավոր Արեւելքի ահաբեկիչները կարող են թունավորել Նյու Յորքի ջրային պաշարները, մենք ասեցինք՝ լավ, իրենք կարող են թունավորել՝ անցնելով կենտրոնական հետախուզության պատնեշը, իսկ մենք, որ 80 կմ է հոսում Թարթառը Քարվաճառի շրջանում, մենք պիտի դա տանք ու քմահաճույքի՞ն սպասենք տեռորիստների եւ ահաբեկիչների, ո՞նց կարող է այդպիսի բան լինել: Հետեւաբար, նման բաներ շատ կարեւոր է, որ դեսպանատներն իմանան, մանավանդ, որ մենք կապի մեջ ենք տարբեր գիտահետազոտական ինստիտուտների հետ, մեր կարծիքները հայտնում ենք իրենց»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031