Իջեւան քաղաքի Անկախության փողոցում գտնվող, խորհրդային շրջանից առկա կիսակառույց շենքը աճուրդով, 98 միլիոն դրամով վաճառվել է ֆիզիկական անձի: Իջեւանի քաղաքապետարանից տեղեկացանք, որ վերակառուցման աշխատանքներից հետո այնտեղ կգործի հյուրանոցային համալիր, էլեկտրոնիկայի խանութ, տուրիզմի կենտրոն, խորհրդակցությունների սրահ, բոուլինգի խաղասրահ, շենքի նկուղում կկազմակերպվի արտադրություն: Բացի շենքի շինարարությունում ընդգրկվածներից, շենքի գործարկումով կստեղծվի 70 աշխատատեղ: Ներկայումս կիսակառույցի վերակառուցման աշխատանքները ընթանում են:
Քաղաքապետարանից տեղեկացանք, որ ձեռք են բերվել եւ Իջեւանի կենտրոնական փողոցներում տեղադրվել 50 հատ քարաշեն փոքր աղբաման: Ձեռք են բերվել 42 հատ խոշոր աղբաման, որոնք առաջիկայում կտեղադրվեն Իջեւանի փողոցներում: Քաղաքապետարանը ձեռք է բերել նաեւ այդ աղբամանները բարձող աղբատար մեքենա:
Իջեւանի հյուսիսային մուտքի մոտ ճանապարհի եզրաքարերի, մայթերի մաքրման աշխատանքներ են կատարվել: Հայաստանում ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի օրերին Իջեւան է այցել Իջեւանի բարեկամ, Ֆրանսիայի Վալանս քաղաքի պատվիրակությունը: Բարեկամ քաղաքի կողմից Իջեւանի թիվ 8 մանկապարտեզին նվիրվել է 33 մահճակալ;
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ