«Եթե չկա քրեական տարր, չեմ կարծում, որ նրանք չպետք է մասնակցեն երկրի ղեկավարմանը: Այս կառավարությունը չի կարող համարվել ժողովրդավարական, եթե չթույլատրի այդպիսի մարդկանց մասնակցությունը երկրի ղեկավարմանը եւ քաղաքական գործընթացներին»,-«Մամուլի ազգային ակումբում» այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով փաստին, որ «նախկին ռեժիմին ծառայած» համարվող որոշ պաշտոնյաներ այսօր եւս պաշտոնի են նշանակվում, ասաց ՀՀ-ում Չեխիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պետր Միկիսկան:
«Կարծում եմ՝ ձեր հարցադրումն իրավապահների խնդիրն է, ոչ թե իշխանությունների»,-դիմելով լրագրողին՝ ասաց դեսպանը,-ապա կրկին շեշտեց,-«բայց եթե կա քրեական տարր, պատիժը պետք է լինի օրենքին համապատասխան»:
Ինչ վերաբերում է փաստին, որ ըստ Վենետիկի հանձնաժողովի՝ Ընտրական օրենսգրքում փոփոխությունների պայմաններում արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է կայանան վեց ամիս անց, մինչդեռ ՀՀ իշխանությունները դա նախատեսում են դեկտեմբերին, Պետր Միկիսկան նկատեց. «Դա երկրի ներքին գործն է, ներքին հարց է: Ես երկու կողմի տեսակետն էլ կարող եմ հասկանալ, բայց անձնական կարծիք չեմ հայտնի»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ