Լրահոս
Օրվա լրահոսը

Լիլիթ Բլեյան. «Մեսրոպ Մովսեսյանն ասում էր` այնպիսի նվեր անենք Երեւանին, որ չհնանա»

Հոկտեմբեր 18,2018 16:11

«Ա1+» հեռուստաընկերությունը յուրատեսակ նվեր է արել Երեւանին: Նկարել է «Արարատի հայացքը» վերնագրով ֆիլմ, որը նվիրվում է 2800-ամյակը տոնող Երեւանին։ Հոկտեմբերի 19-ին «Մոսկվա» կինոթատրոնում կկայանա ֆիլմի պրեմիերան։ Ֆիլմի օպերատոր եւ ռեժիսոր Վահագն Տեր-Հակոբյանն ասում է, որ մինչ այս ֆիլմը նկարելը, բազմաթիվ ֆիլմեր են դիտել Երեւանի մասին. «8-10 ֆիլմ եմ նայել, այդ թվում՝ հայտնի ռեժիսորների, օրինակ, Մելիք-Ավագյանի ֆիլմերը` «Երեւանն է խոսում», «Երեւանի երազողները»:

Այդ բոլորը նայելուց հետո հասկացա, որ ժամանակները փոխվել են, այսօր ուրիշ ֆիլմ է պետք, ուրիշ մտածողություն, ուրիշ տեմպոռիթմ, ուրիշ մատուցման ձեւ…Կարեւորը ակադեմիականությունը չկորցնելն է, իսկ դա այն է, որ թափանցում է սիրտ եւ հոգի…Նաեւ կարեւոր շեշտադրում ենք ունեցել, որ հուզի հանդիսատեսին»,-ասաց ռեժիսորը: Ռեժիսորն ասաց, որ ֆիլմը 35 րոպե տեւողություն ունի, սակայն իրենք 60 ժամ նկարած նյութ ունեն, ու չի բացառվում, որ Երեւանի մասին 12 մասանոց մեծ ֆիլմ պատրաստեն: Ֆիլմի վրա աշխատել են 9 ամիս, որից 8-ը նկարահանումներն են եղել:

 Մանրամասները` տեսանյութում

Ֆիլմի տնօրեն Դավիթ Գրիգորյանի խոսքերով, ֆիլմի հիմքում լավատեսությունն է Արարատի լուսավոր հայացքի ներքո: Նա պատմեց, թե ինչ դժվարություններ են ունեցել որոշ շենքերի տարածքում նկարահանումներ կատարելիս:

Վահագն Տեր-Հակոբյանն ասում է, որ ֆիլմում նաեւ Շենգավիթը կա. «2800-ամյակ ենք նշում, իսկ Շենգավիթը հիմնակետն է Երեւանի, հենց Երեւանն է ու ավելի հին է Երեւանից: Ամբողջ Հրազդանի կիրճը բնակեցված է եղել դեռ 8000 տարի առաջ, սկսած` Զովունիի տարածքից մինչեւ այսօրվա Երեւանյան լիճը»: Նա հայտնեց, որ երկրորդ պրեմիերան կկայանա Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության դահլիճում, կհրավիրեն կինոյի մարդկանց, կինոգետների, եւ նրանց կարծիքը լսելուց հետո կհասկանան` արժի ֆիլմը փառատոների տանել:

Մանրամասները` տեսանյութում:

Ֆիլմի երաժշտությունը գրել է Վահագն Ստեփանյանը, որը հիմնականում «դրսի» համար է աշխատում, եւ սա նրա առաջին աշխատանքն է հայկական կինոարտադրության մեջ: Վահագն Տեր-Հակոբյանն ասում է, որ ֆիլմի կոմպոզիտորը հրաշալի է աշխատել, նրա դեպքում կինոյի երկու սյուների` հնչյունի ու պատկերի կատարյալ ներդաշնակում կա:

Ռեժիսորի խոսքերով, «Արարատի հայացքը» կինոէսսե է, թեթեւ ջազային ֆիլմ Երեւանի մասին: «Եթե ժանր փորձենք գտնել ֆիլմի համար, կդժվարանանք, որովհետեւ այդպիսի ժանր կինոյում չկա: Գրականության մեջ կա էսսեի ժանր, ես դրա զուգահեռն եմ գտել: Սա կինոէսսե է»:

Մանրամասները` տեսանյութում:

Նրա կարծիքով՝ Երեւանի առանձնահատկությունը իր ջերմությունն է, այստեղ ամեն ինչ ներդաշնակ է. «Թամանյանն իզուր չի ասել արեւի քաղաք: Նրա գծած գլխավոր պլանը հենց արեւն է իր ճառագայթներով: Թող այս ֆիլմը յուրատեսակ ռումբ լինի, ովքեր Երեւանից հեռացել են, մեջներն ինչ-որ բան պայթի, ճամպրուկները հավաքեն, հետ գան: Վստահ եմ, այս ֆիլմը հատկապես 25-100 տարեկաններին դուր կգա»:

Ֆիլմի սցենարի հեղինակ Լիլիթ Բլեյանը նշեց, որ ֆիլմում Երեւանի հետ կապված բոլորիս զգացողություններն են, բոլորիս հավաքական սերն ու ձայնը: «Սա «Ա1+»-ի առաջին քայլն է մեծ էկրան, կինոդեբյուտը: Նախագծի հեղինակը` Մեսրոպ Մովսեսյանն ասում էր, որ քաղաքին պետք է այնպիսի նվեր անել, որ չհնանա: Սա մեր նվերն է, մեր սերը ուղղված Երեւանին»,-ասաց նա:

Մանրամասները` տեսանյութում:

Ֆիլմի սցենարի վրա աշխատել է նաեւ Ռուզաննա Մկրտչյանը: Նա ասում է, որ ֆիլմ նկարելու գաղափարը տարիների պատմություն ունի, պարզապես չէր հավաքվում այն ազնիվ թիմը, որ կարող էր անել ոչ կոմերցիոն ֆիլմ Երեւանի մասին:

Մանրամասները` տեսանյութում:

Հավելենք, որ ֆիլմի ստեղծմանը Երեւանի քաղաքապետարանը ոչնչով չի աջակցել, օգնելել են գործարարներ Ալեքսան եւ Գուրգեն Զաքարյան եղբայրները:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031