Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ համար,անշուշտ, մեծ ուրախություն էր նախագահի պաշտոնում Ձեր ընտրությունը». Տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանը՝ Արմեն Սարգսյանին

Հոկտեմբեր 18,2018 15:25

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Վենետիկի Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակ, Թուրքիայի Հայ Կաթողիկե եկեղեցու թեմի առաջնորդ Գերապայծառ Տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանին: Նրան ուղեկցում էր Հայր Եղիա վարդապետ Քիլաղբջյանը:

Ողջունելով Սրբազանին Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում՝ Արմեն Սարգսյանն ասել է. «Մեր բարեկամությունը երկար տարիների, մի քանի տասնամյակների պատմություն ունի: Մեր առաջին և հետագա բոլոր հանդիպումներն իմ հիշողության մեջ առանձնահատուկ օրեր են, իսկ վերջին հանդիպմանը՝ Վիեննայում, մեծ հաճույք էր Ձեզ հետ միասին լինել Մխիթարյան միաբանության պատմական շենքում, այցելել թանգարան»:

Հանրապետության Նախագահը բարձր է գնահատել Գերապայծառ Տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանի բեղուն գործունեությունը՝ ուղղված հայ ժողովրդի հոգևոր, մշակութային ժառանգությունն աշխարհին ճանաչելի դարձնելուն, հայապահպանությանն ու սերունդների կրթությանը: «Ձեր այցելությունը կարևոր է ոչ միայն հոգևոր և կրոնական, այլ նաև՝ մշակութային առումով»,- նշել է նախագահ Սարգսյանը և հավելել. «Ինձ համար Դուք նախ և առաջ պրոֆեսոր եք, հայագետ, իսկական ուսուցիչ, իսկ հոգևոր առաջնորդը նախ և առաջ պետք է ուսուցիչ լինի: Կարծում եմ՝ կամուրջ եք ոչ միայն Հայաստանի և արտերկրում ապրող մեր հայրենակիցների միջև, ոչ միայն հայ առաքելական և կաթոլիկ եկեղեցիների միջև, այլև շատ կարևոր է Ձեր դերը հայ մշակույթի և գրականության, հայոց լեզվի պահպանման ու տարածման գործում»:

Գերապայծառ Տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանը շնորհակալություն է հայտնել Հանրապետության Նախագահին ջերմ և քաջալերող խոսքերի համար՝ ընդգծելով. «Ինձ համար,անշուշտ, մեծ ուրախություն էր նախագահի պաշտոնում Ձեր ընտրությունը: Շատ ուրախացա նախ բարեկամության պատճառով, բայց նաև Ձեր անձի համար՝ այս շատ բարձր և պատասխանատու պաշտոնին: Ի սրտե, նաև բոլոր միաբանների անունից մաղթում եմ, որ Աստծո օրհնությունն ու լույսն անպակաս լինեն Ձեր անձից, Ձեր ընտանիքից և Ձեր միջոցով նաև բովանդակ երկրից, որպեսզի դժվարությունները հեշտորեն հաղթահարվեն»:

Նախագահը և Սրբազանն անդրադարձել են Մխիթարյան միաբանության գործունեությանը, ընդգծել այն անփոխարինելի և հսկայական դերակատարությունը, որ հիմնադրվելուց ի վեր ունեցել է Մխիթարյան միաբանությունը՝ աշխարհին հայտնի դառնալով որպես հոգևոր, ուսումնակրթական, գրական, գիտամշակութային կենտրոն:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031