Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե ԱԺ-ն օրենքն ընդունի, Արսեն Թորոսյանը կարող է կաբինետում ծխող պաշտոնյային վարչական տույժի ենթարկել

Հոկտեմբեր 18,2018 15:11

«Տուգանքը տուգանելու համար չէ, ընդամենը կանխարգելելու համար է»,-այսօր կառավարության նիստից հետո անդրադառնալով «Ծխելու դեմ պայքարի» մասին նոր օրինագծին, որով ծխելու համար մեծ տուգանքներ են սահմանվում, ասաց Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով հարցին՝ թե տուգանքները շատ բարձր չե՞ն մեր աշխատավարձերի համեմատությամբ: Նա հույս հայտնեց, որ  Ազգային ժողովն օրենքը կընդունի:

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ տուգանքն ընդամենը կանխարգելելու համար է. «Չափն էական չէ, որովհետեւ դու չես ուզում տուգանել մարդկանց, դու ուզում ես պարզապես, որպեսզի նա չխախտի արգելքը»:

Նախարարի պաշտոնակատարից հետաքրքրվեցին՝ ինչպե՞ս են վերահսկելու, որպեսզի մարդիկ չծխեն արգելված վայրերում: Ի պատասխան պարոն Թորոսյանն ասաց՝ ինչպես վերահսկում են մյուս ոլորտները, օրինակ՝ ճանապարհային երթեւեկության. «Կան բազմաթիվ կանոններ մեր առօրյա կենսագործունեության մեջ, հիմա էլ՝ կինոթատրոններում, մշակութային կենտրոններում չի կարելի ծխել, այդ ցանկն ընդլայնվելու է: Մենք ծխելը չենք արգելում, պարզապես սահմանափակելու ենք այն վայրերը, որտեղ կարելի է ծխել»:

Ըստ Արսեն Թորոսյանի, պետական կառավարման մարմիններում՝ դպրոցներում, հիվանդանոցներում եւ այլն, այդ հիմնարկների գործադիր իշխանության վրա է դրված եւ նրանք պետք է հսկեն կատարումը. «Հիմա կա անկատարություն տուգանելու մասով, այսինքն՝ եթե չի ենթարկվում, ապա ինչ պատասխանատվության պետք է ենթարկվի: Այդ մասով օրենքում կան կարգավորումներ, օրինակ՝ եթե իմ հիմնարկում մեկը ծխում է իր կաբինետում, ես կարող եմ այդ մարդուն վարչական պատասխանատվության ենթարկել»:

Արսեն Թորոսյանն օրենքի խստացումն այսպես մեկնաբանեց. «Մենք անում ենք լավ բան, որպեսզի մարդիկ քիչ հիվանդանան, հետո քիչ բուժվեն ու քիչ մահանան: Բոլորը պետք է դա հասկանան, փոքրից մինչեւ մեծ: Մարդիկ կան չեն կարողանում թողնել, մենք նրանց կօգնենք թողնել, բայց ընդհանուր մոտեցումը խնդրին, պետք է փոխվի»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031